20/01/2026

Ինչո՞ւ է ՍԴ-ն խուսափում հարցին պատասխանել՝ անտեսելով օրենսդրական պահանջը

Ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք նշելու, որ Հայաստանի օրվա իշխանությունները օգտագործում են ամեն հնարավորություն՝ օրենքների տարբեր վիճահարույց դրույթները որպես մահակ կիրառելու ընդդիմության դեմ:

«Փաստ» օրաթերթը գրում է. Դրանցից մեկը վերաբերում է ՀՀ Քրեական օրենսգրքի չարաբաստիկ 236 հոդվածի 2­րդ մասին, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում հանրահավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար:

Հիշեցնենք, որ դեռևս 2024 թվականին ԱԺ պատգամավորների 1/5­ը դիմել էր Սահմանադրական դատարան՝ այդ կետը հակասահմանադրական ճանաչելու համար: ՍԴ­ն հայցը վարույթ էր ընդունել, սակայն հետո ՍԴԱՈ­156 որոշմամբ կասեցրել էր վարույթն ու խորհրդատվական կարծիքի համար դիմել Վենետիկի հանձնաժողով: Մեկ տարի անց ստացվել էր Հանձնաժողովի կարծիքը, այն է՝ այդ նորմը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաև ազատ հավաքներ անցկացնելու ԵՄ ուղեցույցին: Տրամաբանորեն դրանից հետո ՍԴ­ն պետք է վերսկսեր հարցի քննությունը, սակայն դա չի անում:

Մենք դեռևս 2025 թ. դեկտեմբերի 15­ին գրավոր հարցում էինք ուղարկել ՍԴ՝ խնդրելով պատասխանել, թե ե՞րբ է նախատեսվում վերսկսել հարցի քննությունը: ՍԴ­ն հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է որևէ գրություն ուղարկեր՝ կա՛մ հարցին որևէ կերպ պատասխանելու, կա՛մ «լրացուցիչ ուսումնասիրության» համար ևս 30 օրվա անհրաժեշտության մասին ծանուցելու (թեպետ դժվար է պատկերացնել, թե այդ պարզ հարցին պատասխանելու համար ինչ «լրացուցիչ ուսումնասիրություն» կարող է պետք լինել):

Անցել է 17 աշխատանքային օր, սակայն ՍԴ­ից այդպես էլ պատասխան չենք ստացել: Բարձրագույն դատարանն ինքն այսպիսով անտեսում է օրենսդրական պահանջը: Դժվար է ասել՝ իրենք էլ չեն կողմնորոշվե՞լ՝ ինչ պետք է անեն, թե՞ չեն պատկերացնում՝ ինչպես չնեղացնել Նիկոլ Փաշինյանին, բայց և ակնհայտ հակաօրինական գործողությունների չգնալ:

Ավելին, ՍԴ կայքում տեղադրված է ՍԴ առաջիկա նիստերի ժամանակացույցը, որտեղ առնվազն մինչև մարտի 3­ը այդ հարցի քննարկում նախատեսված չէ:

Հիշեցնենք, որ նախորդ հրապարակման մեջ տեղեկացրել էինք, որ, մեր ունեցած տեղեկություններով, հասկանալով, որ այլ որոշում, քան հակասահմանադրական ճանաչելն է, հնարավոր չէ ընդունել, ՍԴ նախագահին դիմել է հենց Նիկոլ Փաշինյանը, որպեսզի հարցի քննությունը առնվազն մինչև առաջիկա ընտրություններ ձգձգվի: