20/01/2026

Ինչ հետկուլիսային քննարկումներ կան՝ կհարվածի ԱՄՆ-ը Իրանին

Սաուդյան Արաբիան, Օմանը, Քաթարը, ինչպես նաեւ Իսրայելը փորձում են համոզել Միացյալ Նահանգներին՝ Իրանում չդադարող բողոքի ցույցերի եւ դրանց՝ բավականին դաժան կերպով ճնշելու փորձերի ֆոնին, երբ հաղորդվում են ինչպես մարդկային զոհերի մասին, այնպես էլ իրանական իշխանությունների կողմից ձերբակալված առաջին ցուցարարին մահապատժի ենթարկելու որոշման կայացման մասին, առայժմ զերծ մնալ Իրանին հարվածելուց։

Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։

Պարսից ծոցի արաբական միապետությունները, մասնավորապես պնդում են, որ իրանական իշխանությունների տապալումը կբերի նավթային շուկաներում լուրջ ցնցումների, իսկ դա կվնասի ամերիկյան տնտեսությանը։ Մասնավորապես, կան մտավախություններ, որ Իրանին հարվածումը կարող է խաթարել Հորմուզի նեղուցով բեռնատար լցանավների նավագնացությունը։ Արաբական Միացյալ Էմիրությունները, որը զբաղեցնում է ծոցի հարավային ափը, այդ քննարկումներին չի մասնակցել։

WSJ-ը նաեւ հայտնել է, որ սաուդական միապետությունը Թեհրանին հավաստիացրել է, որ չի մասնակցի հակաիրանական հնարավոր հակամարտությանը եւ իր օդային տարածքը չի բացի՝ Իրանի դեմ հնարավոր օդային հարվածներ հասցնելու համար։ Սաուդյան Արաբիան հատկապես անհանգիստ է աճող անկայության համար։ Իշխանությունները նույնիսկ դիմել են տեղի մամուլին՝ խնդրելով սահմանափակել իրանական բողոքի ցույցերի լուսաբանումը, որպեսզի Իրանի կողմից պատասխան հակազդեցության չարժանանան։

Նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես հայտնի է, դեռ վերջնական որոշում չի կայացրել Իրանին հնարավոր հարված հասցնելու հարցի առնչությամբ։ NBC-ն էլ հայտնում է, որ Իրանին առայժմ չհարվածելու հարցով Միացյալ Նահանգներին դիմած երկրներին ավելացել է նաեւ Իսրայելը։ Թել-Ավիվից էլ խնդրել են Սպիտակ տանը՝ հետաձգել Իրանին հարվածումը այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը Իսլամական Հանրապետությունում չափազանց չի բարդացել։