13/01/2026

Իրանին կարող է սպառնալ ղաջարական փորձություն, ինչ է դա, ինչ սպասել

Իրանում իրավիճակի շուրջ իշխող տեսակետ կա, որ «կրոնապետության դաշնակիցները զգուշանում են նրան բացահայտ աջակցելուց, իսկ հակառակորդներն՝ Իսլամական հանրապետության փլուզման պատասխանատվությունից»:

Տպավորություն է, որ այս գնահատականը բավական անաչառ և իրատեսական է: Իրանում բողոքի զանգվածային ցույցեր են, արտաքին դերակատարները համարում են, որ դա «բացառապես ներքին խնդիր է»:

Երկրի հոգևոր առաջնորդն, իհարկե, Միացյալ Նահանգներին և Իսրայելին մեղադրել է «գործակալների և հանցակիցների միջոցով քաոս ստեղծելու» մեջ, բայց, երևում է, նա առարկայական ապացույցներ չունի:

Իսլամական հանրապետության ներքին խնդիրներին միջամտելու ակնհայտ ջանքեր չեն գործադրում նրա ռազմավարական դաշնակիցներ Չինաստանը և Ռուսաստանը:

Մամուլում ոչ հավաստի տեղեկություն է տարածվել, որ «անցած օրերին Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայությունը Թեհրանին զգուշացրել է Իրաքի տարածքից քրդական զինված խմբավորումների ներթափանցման սպառնալիքի մասին, և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին հաջողվել է կանխել վտանգը»:

Ի պաշտպանություն Իրանի հայտարարություն է տարածել Պակիստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբը: Պաշտոնական Իսլամաբադը մեղադրել է«արտաքին ուժերին, որ Իրանի ապակենտրոնացման ծրագիր ունեն և ձգտում են տարածաշրջանային անկայունություն սադրել»:

Ըստ որոշ տեղեկությունների, «կանխարգելիչ քայլեր է ձեռնարկել» նաև Աֆղանստանի «Թալիբան» կառավարությունը, որ երկրի տարածքում արգելել է իրանական իրադարձությունների մասին տեսանյութերի և սոցցանցային գրառումների տարածումը:

Ադրբեջանը մոտ երկու շաբաթ ընթացող իրանական բողոքի զանգվածային ակցիաների վերաբերյալ պաշտոնական տեսակետ դեռեւս չի արտահայտել:

Իշխանամետ մամուլի հրապարակումներում գերիշխում է տեսակետ, որ «հարևան երկրի ամբողջականությունը և ներքաղաքական կայունությունը բխում է Ադրբեջանի ազգային անվտանգության շահերից»:

Ակնհայտ է, որ Ալիևը խիստ զգուշանում է իրանական իրադարձություններին միջամտելու հետեւանքով հնարավոր իրավիճակի համար պատասխանատվությունից:

Այդուհանդերձ, ադրբեջանական ոչ այնքան հեղինակավոր կայքերում և սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տեղեկություն է հայտնվել, որ Իրանում բողոքի զանգվածային ցույցերի մեկնարկի օրերին Բաքու է այցելել Իրանի «ղաջարական արքայատոհմի վերջին թագաժառագ» Բաբեկը:

Նա Միացյալ Նահանգների քաղաքացի է, մշտապես բնակվում է ԱՄՆ-ում: «Ղաջարական արքայատոհմի վերջին թագաժառանգի» Բաքվում հանդիպումների մասին որեւէ տեղեկություն հայտնի չէ:

Սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերը, սակայն, գտնում են, որ եթե նա «Թավրիզում հռչակի Հարավային Ադրբեջանի թուրքական հանրապետություն, ապա Թուրքիան և Ադրբեջանը պետք է օգնեն, որ այդ պետությունը կայանա»:

Ուշագրավ է, որ այս տեղեկությունը ժամանակային առումով համընկնում է բողոքի ակցիաներին Թավրիզի և Արդեբիլի թուրքախոս բնակչությանը միանալու մասին լուրերին: Իրանին կարող է սպառնալ ղաջարական փորձություն: