Նրանց նպատակը, ովքեր փորձում են անկյուն մղել Իրանին, պարզ է: Սպառնալիքը չափազանց մոտ է և ծանոթ: Իրանի նկատմամբ ԱՄՆ և Իսրայելի ագրեսիվ կեցվածքը մեզ մոտեցնում է գլոբալ պատերազմի:
Իրանի տարածքային ամբողջականությունը խիստ կարևոր է, իսկ այնտեղ անկարգությունները բոլոր առումներով սպառնում են Թուրքիային: Ինչպես փոխանցել է իշխանամետ Turkiye պարբերականը, այս տեսակետը խմբակցության հունվարի 13-ի նիստում հնչեցրել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական կոալիցիոն գործընկեր Դևլեթ Բահչելին:
Նա Իրանում ընթացող բողոքի ցույցերը համեմատել է մի քանի տարի առաջ Ստամբուլի Գեզե հրապարակի հակակառավարական բողոքների հետ և ընդհանրացրել, որ «ձեռագիրը նույնն է»:
Նույն օրն Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մուսավին tasnim գործակալության միջոցով սենսացիոն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ «զանգվածային անկարգությունները հրահրում են Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանի տարածք նախօրոք տեղափոխված «Իսլամական պետության» զինառյալները»:
Ըստ իրանցի բարձրաստիճան զինվորականների, «այդ խմբերում ներգրավված են դանակներով զինված գրոհայիններ, որոնց տրված է ցուցարարներին և անվտանգության աշխատակիցներին սպանելու հրաման»:
Ուշագրավ է, որ Իրանում բողոքի ցույցերի իսրայելա-ամերիկյան ուղղորդվածության մասին ծավալուն հրապարակում է արել ռուսաստանյան ՌԻԱ-Նովոստի պետական գործակալությունը, որի հեղինակի գնահատմամբ՝ «Իսլամական հանրապետությունը կհաղթահարի հերթական փորձությունը և Ռուսաստանի ու Չինաստանի հետ մաս կկազմի համաշխարհային ուժային մեծամասնությանը, որի կայացումը կանխելու գործին է լծված ԱՄՆ նախագահ Թրամփը»:
Խոսքն ի՞նչ «համաշխարհային ուժային մեծամասնության» մասին է, որ պետք է ստեղծվի Ռուսաստանի և Չինաստանի ռազմավարական համկալությամբ, կարելի է միայն վարկածներ առաջադրել:
Այս փուլում աչքի է զարնում, որ ռուսաստանյան, թուրքական և ադրբեջանական կողմերի քաղաքական և փորձագիտական արձագանքներում թագաժառանգ Ռեզա Փահլավիի նկատմամբ ընդգծված հակակրանք է դրսևորվում:
Regnum-ի մեկնաբանն այդ վերաբերմունքն ընդհանրացնում և հասցեագրում է առհասարակ Փահլավի արքայատոհմին, որի համար, ինչպես նա է ձևակերպել, «Աքեմենյան Դարեհ արքան միշտ ավելի հարազատ է մնում, քան՝ Մուհամեդ մարգարեն»:
Ըստ այդմ, նա համոզմունք է հայտնում, որ Ռեզա Փահլահիի «ազգայնական Իրանը կեղծ քարոզչական ինքնությունը, կրոնապետության փլուզման դեպքում երկիրը փաստացի կհայտնի իսրայելա-ամերիկյան կառավարման թակարդում»:
Այս տրամաբանությամբ կրոնապետական Իրանը նախընտրելի է Ռուսաստանի, Չինաստանի Թուրքիայի, Պարսից ծոցի արաբական միապետությունների, Պակիստանի և Աֆղանստանի, ամենայն հավանականությամբ՝ նաև Կենտրոնական Ասիայի երկրների համար:
Խոսքը բավական լուրջ կոնսոլիդացիայի մասին է, որպեսզի ԱՄՆ նախագահն իրեն թույլ տա միանշանակորեն հակադրվել դրան:






Բաց մի թողեք
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «կլուծարվի՞»
Ալիևը հասնում է այն բանին, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր գոյություն չունի, չի ունեցել
Էրդողանին ոչ թե Ալիևը, այլ Պուտինն է փրկել