
ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան և Ադրբեջան այցի պաշտոնական հաստատումը, որ շաբաթասկզբին արվեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի մակարդակով, հետաքրքիր հետագծեր է ենթադրում։
Ընդ որում, դա տեղի ունեցավ Դավոսում «Խաղաղության խորհրդի» ստեղծման հիմնադիր փաստաթղթի ստորագրումից հետո, որին ներկա էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նախօրեին Բաքվի կիսապաշտոնական haqqin.az-ը գրել է, որ ԱՄՆ փոխնախագահը «կմասնակցի TRIPP նախագծի հիմնարկեքի արարողությանը, որը տեղի կունենա ՌԴ ԱԴԾ ուժերի կողմից վերահսկվող և անմիջապես Իրանի իսլամական հանրապետությանը հարող տարածքում»:
Ո՞վ է ադրբեջանական լրատվամիջոցին նման տեղեկություն փոխանցել, հայտնի չէ: Կարևոր է, որ Բաքվի քարոզչամիջոցը «ժամանակի խնդիր» է համարել այն, թե TRIPP-ի շահագործման դեպքում «ինչպես են համադրվելու ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Իրանի շահերը»:
Ըստ էության, այս հրապարակումը կարելի է համարել ԱՄՆ փոխնախագահի Հայաստան և Ադրբեջան այցից պաշտոնական Բաքվի դժգոհության նրբաքողարկված դրսեւորում: Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի և Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի ստորագրած «մտադրությունների մասին արձանագրությունը» Բաքվում, մեղմ ասած, չի ողջունվել:
Ասվածի վկայություն է Ադրբեջանի արտաքին գործերի երկու նախկին նախարարների՝ Զուլֆուգարովի և Մամեդյարովի ունիսոն հայտարարությունը, որ խորհրդային շրջանում Մեղրու հատվածի երկաթգիծը կառավարվել է Ադրբեջանի երկաթուղու վարչության կողմից, հետեւաբար ադրբեջանական կողմը դրա գործարկման նկատմամբ «իրավունքներ ունի»:
Ռուս-ադրբեջանական առերեւույթ «սուր լարվածության» ֆոնին Զուլֆուգարովի և Մամեդյարովի այդ դիտարկումը միայն առաջին հայացքից կարող է արտառոց և, մանավանդ, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականությանը «հակասող» թվալ:
Խորքային առումով «Մեղրու անցումի» կարեւորությունը Բաքվի համար այնքան մեծ է, որ Իլհամ Ալիևը կարող է Վլադիմիր Պուտինի հետ «սիրախաղի ևս մի ակտ» ունենալ:
ԱՄՆ փոխնախագահի, այսպես ասած՝ «տարածաշրջանային այցից» Իլհամ Ալիևի ակնհայտ դժգոհության ֆոնին ասել, որ TRIPP-ը «Թուրքիայի և Ադրբեջանի համար հայ-ամերիկյան նախագիծ է», ինչպես ձևակերպել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նշանակում է արժեզրկել անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, որ, անկասկած, աշխարհաքաղաքական նշանակություն ունեն առնվազն այն իմաստով, որ սահմանափակում են Ադրբեջանի հավակնությունները:
Կցանկանա՞ր Իլհամ Ալիևը, որ այդ բավական փխրուն «ճարտարապետությունը» չստանար իրավական ձևակերպում: Սա զուտ հռետորական հարց է, որի պատասխանը, թվում է, գիտեն նաև նրանք, ովքեր TRIPP-ը գնահատում են «Հայաստանի համար սպառնալիք»:








