Հայաստանը Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված, «Ազատությանը» հայտնել են արտգործնախարարությունից՝ հավելելով՝ «հաստատում ենք, որ այն կարող է խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք հանդիսանալ»:
Այսօր ԱՄԷ-ի մայրաքաղաքում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը լուսաբանող ադրբեջանական պետական լրատվամիջոցները գրել էին, թե կողմերը «լուրջ և բովանդակալից քննարկումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի հիմնական ասպեկտների, այդ թվում՝ սահմանազատման, Զանգեզուրի միջանցքի բացման և զարգացման, խաղաղության համաձայնագրի նախաստորագրման և այլ հարցերի շուրջ»:
«Ազատությունը» արտաքին գերատեսչությունից հետաքրքրվել էր՝ հայկական կողմը հերքո՞ւմ, թե՞ հաստատում է այս տեղեկությունները, եթե հաստատում են՝ կա՞ պայմանավորվածություն՝ ե՞րբ կարող է նախաստորագրվել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, ի՞նչ է նշանակում նախաստորագրել, իսկ ստորագրումը ե՞րբ տեղի կունենա, մանավանդ, որ նախագծի բոլոր կետերը համաձայնեցված են:
ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն ի պատասխան հայտնել է. – «Հանդիպման արդյունքներով կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ: Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն այդ մասին կտեղեկացվեր»:
Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ԱԳՆ-ից հայտնել են. – «Խնդրում ենք հիմք ընդունել ԱԳՆ խոսնակի այսօրվա պաշտոնական հրապարակումը, որում հերթական անգամ վերահաստատվել է ՀՀ դիրքորոշումը: Դրանից տարբերվող պայմանավորվածություն չկա և չի կարող լինել: Միաժամանակ, հորդորում ենք զերծ մնալ ադրբեջանական մամուլում կիրառվող՝ ոչ վերաբերելի եզրույթների մեջբերումից»:
ԱԳՆ խոսնակն այսօր ավելի վաղ ընդգծել էր, որ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման առանցքային սկզբունքներն են՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային իրավազորությունը, որոնց «պետք է համապատասխանեն քննարկվելիք առաջարկները, լուծումները՝ չթողնելով տարընկալման տեղ»։
«Արձանագրում ենք նաև, որ խաղաղության օրակարգի իրացման վերաբերյալ ՀՀ Կառավարության ունեցած պատկերացումներին Հայաստանի հանրությունը ծանոթ է, և Աբու Դաբիում արտահայտված բոլոր դիրքորոշումները տեղավորվում են այդ ռազմավարությունների մեջ, ներառյալ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թեման, որի մասին Հայաստանի Հանրապետության պատկերացումներն արտահայտված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում», – «Ազատությանը» փոխանցել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:






Բաց մի թողեք
Արամ Ղազարյանը՝ ՓԾ տնօրեն, Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանության պետ
ՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանն ու Փրկարար ծառայության ղեկավար Կամո Ցուցուլյանը պաշտոններով կփոխվեն
Կադրային բազմաթիվ փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ՝ ՆԳ նախարարի հրամաններով