Հայաստան – Ադրբեջան հարաբերություններում վերջին տարիների զարգացումների հիմքում ընկած առանցքային պահը 2022 թվականի հոկտեմբերի 6-ն է։
Այդ օրը կայացած քառակողմ հանդիպման ընթացքում ընդունված հայտարարությամբ կողմերը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հենվելով Ալմաթայի հռչակագրի վրա։
Հենց այս պահն է դիտարկվում որպես այն գործընթացների սկիզբ, որոնք հետագայում ձևավորեցին տարածաշրջանային նոր իրողությունները։
Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումում։
Նրա խոսքը վերաբերում էր նաև Վաշինգտոնում ընդունված Միրզոյան–Ռուբիո համատեղ հայտարարությանը և դրա համատեքստին։
Վարչապետի գնահատմամբ՝ հոկտեմբերի 6-ի հայտարարությունն ունեցել է առանցքային նշանակություն, քանի որ հենց այդ պահից գործընթացը մտել է հստակ ձևաչափի մեջ։ Նրա խոսքով՝ հետագա զարգացումները կարող էին տարբեր սցենարներով ընթանալ, և նույնիսկ հնարավոր էր, որ 2023 թվականի Ղարաբաղի իրադարձությունները տեղի չունենային, սակայն այդ հարցի պատճառներին, իր ձևակերպմամբ, նա արդեն անդրադարձել է։
Փաշինյանը կարևորել է նաև եվրոպական դերակատարների ներգրավվածությունը՝ ընդգծելով Եվրամիության ղեկավարության և մասնավորապես Ֆրանսիայի նախագահի մասնակցությունը գործընթացին։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2025 թվականին տեղի ունեցած իրադարձությունները պետք է դիտարկել ոչ թե առանձին դրվագների, այլ շարունակական գործընթացի շրջանակում։ Նրա խոսքով՝ արդեն 2026 թվականի սկզբին պարզ է դարձել, որ նախորդ տարի տեղի է ունեցել որոշակի կուլմինացիա։
Փաշինյանի գնահատմամբ՝ այդ կուլմինացիան դրական բնույթ է կրել, սակայն զարգացումները վկայում են, որ առաջիկայում հնարավոր են նոր և ավելի նշանակալի դրական հանգրվաններ։
Անդրադառնալով արտաքին քաղաքական վերջին զարգացումներին՝ վարչապետը խոսել է Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման և դրա արդյունքում ընդունված փաստաթղթի մասին։ Նա շնորհավորել է ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի բոլոր կողմնակիցներին, այնպես էլ ողջ տարածաշրջանին՝ ընդգծելով խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորությունը։
Նա պնդել է , թե ներկայումս Հայաստանի շուրջ իրավիճակը պատմականորեն առավել կայուն է։ Նրա խոսքով՝ անվտանգության միջավայրը երբեք այսքան կայուն չի եղել, իսկ Հայաստանին սպառնացող ռիսկերը 2026 թվականի հունվարի 14-ի առավոտյան դրությամբ գտնվում են նվազագույն մակարդակի վրա․ «Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ավելի կայուն չի եղել իր գոյության ողջ ընթացքում»։






Բաց մի թողեք
Արամ Ղազարյանը՝ ՓԾ տնօրեն, Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանության պետ
ՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանն ու Փրկարար ծառայության ղեկավար Կամո Ցուցուլյանը պաշտոններով կփոխվեն
Կադրային բազմաթիվ փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ՝ ՆԳ նախարարի հրամաններով