01/02/2026

Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնից ու ինքնաբացարկ հայտնել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

Նա նաև հավելել է, որ ինքնաբացարկ է հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Վերջին շրջանում Ազգային ժողովում հնչեցրած իմ որոշ մտքեր քննադատության արժանացան մեր մի շարք քաղաքացիների կողմից:

Նախ թույլ տվեք ներողություն խնդրել իմ այն ձևակերպումների համար, որոնք այս կամ այն կերպ առաջացրել են մեր սիրելի քաղաքացիների զայրույթն ու դժգոհությունը:

Անշուշտ, հրապարակային խոսքը քաղաքական գործունեության անբաժան մասն է, և երբեմն անհնար է խուսափել բանավոր խոսքի ժամանակ տեղ գտած վրիպումներից:

Սխալվել կարող են բոլորը, իսկ առերեսվել սխալների հետ և ուղղել դրանք պարտավոր են անել առաջին հերթին հանրային առաջնորդություն ստանձնած մարդիկ՝ օրինակ ծառայելով բոլորի համար:

Լավագույն առաջնորդությունը սեփական օրինակով առաջնորդությունն է: Կարծում եմ՝ սա մի բան է, որ պետք է լինի մեր քաղաքական դաշտի արժեքային ուղենիշերից մեկը:

Առաջնորդվելով այս ուղենիշով՝ որոշել եմ հրաժարականի դիմում ներկայացնել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

Միաժամանակ որոշել եմ ինքնաբացարկ հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց:

Շարունակելու եմ ծառայել մեր պետությանն ու ժողովրդին Հայաստանի Հանրապետության հզորացման կարևորագույն առաքելության ճանապարհին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հունանյանը:

Հունանյանի ճակատագիրը որոշվել է երեկ՝ ՔՊ վարչության նիստում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ. Պատճառը նրա հրապարակային աղմկոտ հայտարարություններն են, օրերս նա հայտարարեց, որ մեր պետությանը ոչ միայն զինվորներ են պետք, այլ գլուխներ.

«Հայաստանում ոչ բոլոր աշակերտներն են սովորում գերգերազանց։ Իսկ դրա համար մեծ ջանք, կամք է հարկավոր։ Այն երեխաները, որոնք մեծ ջանք, կամք, եռանք են ներդնում ուսման մեջ, նրանք արժանի են, որպեսզի սովորեն թոփ 50 առաջատար  բուհերում։

Կարծում եմ՝ բանակին էլ սա չի խանգարի, որովհետև մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, մեր պետությանը նաև պետք են գլուխներ, որոնք կօգնեն  պետության տարբեր ճյուղերի զարգացմանը»,- ասել էր նա։

«Սխալվել կարող են բոլորը, սակայն հանրային առաջնորդները պարտավոր են պատասխանատվություն կրել»,- նշել է պատգամավորը՝ ընդգծելով, որ հրաժարականը համարում է սեփական օրինակով առաջնորդվելու դրսևորում։

Այս պահին նա խորհրդարանի իր աշխատասենյակում է փակվել, ՔՊ-ական պատգամավորներ են ելումուտ անում նրա մոտ, հավանաբար սիրտ տալիս կատարվածի համար։