Մերձավոր Արևելիքի համար հունվարի 18-ը կարող է շրջադարձային լինել: Ըստ տեղեկությունների, այդ օրը Սիրիայի անցումային կառավարությունը հայտարարել է քրդական ուժերի դեմ ռազմագործողությունը դադարեցնելու մասին:
Աղբյուրները հայտնում են, որ Դամասկոսում «ստորագրվել է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» զինված կազմավորումները սիրիական բանակին ինտեգրելու մասին համաձայնագիր», որ ենթադրում է երկրի տարածքից քաղաքացի չհանդիսացող անձանց «արտաքսում»:
Զուգահեռաբար հայտնի է դարձել, որ Սիրիայի անցումային կառավարության նախագահ Ահմադ ալ-Շարաան քրդերենը ճանաչելու և Նովրուզը պետական տոն ընդունելու մասին հրամանագիր է ստորագրել:
Պաշտոնական Անկարան ողջունել է այդ համաձայնությունը, միաժամանակ Ահմադ ալ-Շարաային հորդորել «երկրի տարածքն ահաբեկիչներից մաքրելու հարցում շարունակաբար հետևողական լինել»: Ալ-Շարաա- Մազլում Աբդի համաձայնագիրը, ինչպես տարածաշրջանի մամուլն է արձանագրել, «ամբողջությամբ հրապարակված չէ»:
Ընդհանուր ընկալում կա, որ անդրեփրատյան տարածքների նավթահանքերն անցնում են սիրիական կառավարության շահագործմանը, տեղաշրջանում կենտրոնական իշխանությունը պետք է ունենա իր կառույցները:
Ըստ երևույթին, քրդական ուժերը Դամասկոսի հետ նման համաձայնության են հասել Միացյալ Նահանգների միջամտությամբ: Հակառակ դեպքում Վաշինգտոնը կարող էր բախվել լուրջ անկայունության, եթե Թուրքիան քրդերի դեմ զինված գործողությունների անցներ:
ԱՄՆ հանրապետական սենատոր Գրեմը, մինչդեռ, հրապարակային մի քանի հարցադրումներ է արել՝ կապված Սիրիայի քրդաբնակ շրջաններում թուրք զինվորականության հետագա ներկայության հարցում անորոշության հետ: Նա պահանջել է, որ Սպիտակ տունը Սենատրին «Սիրիայում իրավիճակի և հնարավոր փոփոխությունների մասին վերլուծություն տրամադրի»:
Թուրքական մամուլը Գրեմի սոցցանցանցային գրառումը գնահատել է «Թուրքիայի դեմ ուղղված քայլ» և անհանգստություն հայտնել, որ Սիրիայում «ահեբեկչությունը լիովին արմատախիլ չի արվի»: Պետք է հասկանալ, որ ԱՄՆ-ը հակված չէ Սիրիայի վերահսկողությունը լիովին վերապահել Թուրքիային:
Այդ առումով ընդգծված անհանգստություն է ցուցաբերել Իրաքյան Քրդսստանի կառավարությունը: Սիրիայի նախագահը պարտավորվել է հսկել «Իսլամական պետության» գրոհայինների և նրանց ընտանիքների ճամբարները: Այդ պարտականությունը դրված էր «Սիրիայի դեմոկրատական ուժերի» զինված կազմավորումների վրա:
Փաստացի Սիրիայի անցումային կառավարության նախագահ ալ-Շարաան պարտավորվել է հսկել իր նախկին զինակիցներին: Իսկ եթե նա Սիրիան հռչակի ջիհադական պետությո՞ւն:
Մերձավոր Արևելքում ցանկացած «արտառոց քայլ» հղի է տարածաշրջանի կանխատեսելի անվտանգության փլուզման սպառնալիքով, որ, անկասկած, «արձագանք կունենա» նաև Հարավային Կովկասում:






Բաց մի թողեք
ԱՄՆ-ն մնում է մեր մտերիմ դաշնակիցը, նորից կխոսեմ Թրամփի հետ․ Մեծ Բրիտանիայի վարչապետ
Դանիան որոշել է չմասնակցել Դավոսի ֆորումին՝ Գրենլանդիայի կոնֆլիկտի պատճառով
Իրանում արյան ծով է, պատմեք աշխարհին․ Ռեզա Փահլավի