Գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, որը նաև «Մեր ձևով» շարժման համակարգողն է, լրագրողների հետ զրույցում խոսել է շարժման՝ առաջիկա ընտրություններին առնչվող ծրագրերի մասին:
«Այս ընտրությունները երկրի համար չափազանց կարևոր և ճակատագրական են լինելու։ Ընդդիմադիր ուժերը պետք է առաջնորդվեն պետական շահերով, իսկ այն ուժերը, որոնք տեսնում են, որ խորհրդարան մտնելու շանսերն իրենց համար ցածր են, չպետք է մասնակցեն ընտրությունների, որպեսզի իրենց ձայները չկորեն»,- հայտարարել է Կարապետյանը:
Նա հավելել է, որ, կարծում է, իր նշածը պետք է դառնա բոլոր ընդդիմադիր ուժերի համատեղ քաղաքական դաշտի սկզբունք։
«Ընդդիմության կորցրած մի քանի տոկոսը կարող է որոշիչ դառնալ կարևոր փոփոխության համար։ Այդ պատճառով մենք հանդիպումներում ընդգծում ենք, որ եթե անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորությունը քիչ է, պետական շահը պետք է գերակշռի անձնական ամբիցիաներին»,- ասել է Կարապետյանն ու հավելել, որ ավելի լավ է չմասնակցել ընտրություններին, քան ուղղակի ձայներ փոշիացնել:
Այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու ծրագրերի մասին խոսելով՝ Կարապետյանը հայտնել է, որ այս պահին միայն մեկ ուղի են տեսնում, բայց առայժմ չեն բարձրաձայնի, և ժամանակի ընթացքում կուսակցությունը հանդես կգա վերջնական հայտարարությամբ:
Կարապետյանը նաև ասել է, որ իրենց վարչապետի թեկնածուն արդեն որոշված է, դրա մասին կհայտարարվի կուսակցության համագումարում, որը կկայանա փետրվարի 12-ին։
«Մեր ձևով» շարժման անդամները գրանցել են նոր կուսակցություն՝ «Ուժեղ Հայաստան» անվամբ։






Բաց մի թողեք
6 եպիսկոպոսների արգելվել է լքել երկիրը, ինչու էին հրավիրվել ՔԿ․ Լուսանկար
ՀՖՖ-ն դեմ է Նիկիտա Սիմոնյանի անունով Երեւանում փողոց անվանակոչելուն
Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Mercedes»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին․ նույն վայրում բախվել են 2 «Mercedes»-ները և «Լադա»-ն․ Լուսանկար