«Ովքեր մեր արյամբ ազատագրված սուրբ հայրենիքը ծախել են, պետք է արժանանան դավաճանի կոչման և դարեդար անիծվեն»,- սոցիալական մեդիայում գրել է Արցախից բռնատեղահանված օգտատերը, որ, ինչպես պարզվում է նրա էջի դիտարկումից, ապրում է Նիցցայում:
Ստեփանակերտում ոչ այնքան հայտնի, բայց և ոչ անհայտ անձն ինչպե՞ս է հայտնվել Նիցցայում՝ իր և Երևանում այդ երկրի դեսպանատան խնդիրն է, տարածված է, որ եվրադեմոկրատ դիվանագետներն Արցախից բռնատեղահանված մեկ անձի վիզա են տրամադրում հինգ հազար եվրոյի դիմաց, բայց դա այլ խնդիր է:
Այս դեպքում կարևոր է, որ Նիցցայում բնակություն հաստատած նախկին ստեփանակերտցին նախ ներկայանում է որպես «Արցախն արյամբ ազատագրող», ապա արձանագրում, որ իր «սուրբ հայրենիքը ծախել են» և պահնաջում, որպեսզի «ծախողներն արժանանան դավաճանի կոչման, դարեդար անիծվեն»:
Որտե՞ղ և որքա՞ն «արյուն է հեղել» նա ղարաբաղյան առաջին, քառասունչորսօրյա և վերջին պատերազմում, դժվար է ճշտել, անհասկանալի է, թե ո՞ւմ է նա «հայրենիք ծախող» անվանում, և ո՞վ պիտի նրանց «դավաճանի կոչման արժանացնի»:
Երբ Արցախը շրջափակված էր, տողերիս հեղինակը իրավիճակից ելքի մասին նախ դեմ առ դեմ, ապա հեռավար շփումներ է ունեցել տասնյակ քաղաքական գործիչների, մտավորականների, հանրային հեղինակություն ունեցող անհատների հետ:
Բոլորն էլ համոզված էին, որ կամ պետք է Ադրբեջանի հետ քննարկել Արցախում ապրելու պայմանները, կամ «դուրս գալ»: Բայց ոչ ոք այդ երկընտրանքի մասին հրապարակային չի խոսել:
Բռնատեղահանությունից երկուսուկես տարի հետո, երբ մտովի վերադառնում եմ այդ մարդկանց, պարզվում է, որ մի մասը վաղուց Հայաստանում չէ, մյուսն ապրում է Երևանի սեփական բնակարաններում, անցել է աշխատանքի և անձնապես գործող իշխանությունների հետ ոչ մի խնդիր չունի:
Բայց նույն մարդիկ սոցիալական մեդիայում, տարբեր լրատվամիջոցների հետ հարցազրույցներում գրեթե նույնն են ասում, ինչ՝ Նիցցայում հաստատված նախկին ստեփանակերտցին. «մեր սուրբ հայրենիքը ծախել են, դավաճանները մնում են անպատիժ»:
Այդ մարդիկ հասցեական ոչինչ չեն ասում, որևէ «դավաճանի» անուն չեն տալիս, կոնկրետ նախկին պաշտոնյայի պատասխանատվության ենթարկելու խնդիր չեն բարձրացնում:
Միայն համառորեն կրկնում են, որ «Արցախը ծախել են»:
Ամենացնցողը մի գրող-մտավորականի հարցազրույցն էր, երբ նա «լեզվի թռիչք» ունեցավ և խոստովանեց, որ ժամանակին Ստեփանակերտից Երևանի իր բնակարան է տեղափոխել նաև … զավակների մանկական լուսանկարները:






Բաց մի թողեք
Հայկ Սարգսյանը հիմա էլ հարվածելու տակտիկան է ընտրել
Միքայել սրբազանը պատասխանել է Հովնան սրբազանին
Սյունիքում բազմաթիվ են հարցերը «Թրամփի ուղի» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման մասին