Քանի որ այսօր ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը հրաժարական տվեց, ոմանք հիշեցին նրա թեւավոր խոսքերը` ինքը կույս Հռիփսիմեն է, եթե Վեհափառը կուսակրոն է, բանակին ոչ միայն զինվորներ, այլեւ գլուխներ են պետք, ես հո բրբսնյակի ծաղիկ չե՞մ, որ հակադրվեմ` մանդատս դնեմ:
Պարզվեց` իրոք «բրբսնյակի ծաղիկ» չի եւ առաջին իսկ առաջարկով` հրաժարվում է պաշտոնից ու ապագա մանդատից:
Հատկապես «բրբսնյակի ծաղիկ» արտահայտությունը շատ էր դուր եկել մարդկանց եւ այն մինչ օրս տարբեր կոնտեքստներում կիրառում են, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ է դա նշանակում, ինչ նկատի ուներ հայտնի բուժքույրը` դա ասելիս:
Մեր զրուցակիցներից մեկը` տարեց մի կին, պարզվեց, գիտի, թե ինչ նկատի ուներ Հռիփսիմե Հունանյանը եւ մեզ բացատրեց. «Իրականում` ոչ թե բրբսնյակ է, այլ բարբզնակ եւ դա հիրիկ ծաղկի անվան բարբառային ձեւն է»:
Հիրիկը շատ գեղեցիկ ծաղիկ է, երբեմն կոչում են նրբագեղ հիրիկ, այն Հայաստանի բոլոր մարզերում աճում է, բայց շատ քիչ է` վերացման եզրին, ուստի գրանցված է Կարմիր գրքում: Այն համարվում է նաեւ դեղաբույս, 14 տեսակի հիրիկ կա բնության մեջ, հայտնի է նաև բարբզնակ կամ լալազար անունով:
Հռիփսիմե Հունանյանն ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ էր ընտրվել 2025-ի հոկտեմբերին։ «Վերջին շրջանում Ազգային ժողովում հնչեցրած իմ որոշ մտքեր քննադատության արժանացան մեր մի շարք քաղաքացիների կողմից: Նախ, թույլ տվեք ներողություն խնդրել իմ այն ձեւակերպումների համար, որոնք այս կամ այն կերպ առաջացրել են մեր սիրելի քաղաքացիների զայրույթն ու դժգոհությունը։
Անշուշտ, հրապարակային խոսքը քաղաքական գործունեության անբաժան մասն է, եւ երբեմն անհնար է խուսափել բանավոր խոսքի ժամանակ տեղ գտած վրիպումներից: Սխալվել կարող են բոլորը, իսկ առերեսվել սխալների հետ եւ ուղղել դրանք` պարտավոր են անել առաջին հերթին հանրային առաջնորդություն ստանձնած մարդիկ` օրինակ ծառայելով բոլորի համար»,- պարզաբանել է իշխանական պատգամավորը։
Խորհրդարանի անդիպլոմ պատգամավորներից Հռիփսիմե Հունանյանը բազմիցս է աչքի ընկել աղմկահարույց հայտարարություններով, որոնք բուռն քննարկվել են հանրության շրջանում, վերջին նմանօրինակ հայտարարությունը երկու օր առաջ էր, խորհրդարանում քննարկման ժամանակ նա հայտարարել էր, թե «մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, մեր պետությանը նաեւ պետք են գլուխներ, որոնք կօգնեն պետության տարբեր ճյուղերի զարգացմանը»։
Այս արտահայտությունը, իհարկե, ավելի քիչ քննարկվեց, քան նրա նախորդ հայտարարությունները, սակայն Փաշինյանի համար առիթ դարձավ, որ ընտրությունների շեմին լուծի Հռիփսիմե Հունանյանի հարցերը՝ կարծելով, որ նա «խայտառակում է ռեսպուբլիկա», եւ նրա նմանների պատճառով է ՔՊ-ն վարկանիշ կորցնում։
Նախօրեին Հունանյանին ՔՊ վարչություն են կանչել եւ մեղադրյալի աթոռին նստեցնելով` խարազանել: Հիշել են բոլոր հին ու նոր «մեռելներին», բոլոր աղմկոտ հայտարարությունները եւ պատգամավորից բացատրություն են պահանջել՝ հատո՞ւկ է անում, որ ՔՊ-ին թիրախավորեն, քացու տակ գցեն իր ասածների համար։ Կարելի է կարծել, որ Հռիփսիմե Հունանյանը ՔՊ-ի միակ բլթացնողն է, մնացած բոլորը փորձառու եւ ճարտար քաղաքական գործիչներ են, որոնք կշռադատված խոսք ունեն, հաշիվ են տալիս իրենց ասած- արածների համար, հազար չափում` նոր խոսում ու երբեւէ նման կիքսեր թույլ չեն տվել:
Օրինակ, ընդդիմադիր գործչին տեսախցիկների առջեւ չեն ասել՝ լեզուդ, ականջներդ կկտրեմ, ինչպես Արթուր Հովհաննիսյանը՝ Էդգար Ղազարյանին, կամ` չեն թքել մարդկանց երեսին, նախապես թիկնապահներով ձեռքերը բռնելուց հետո, ինչպես Ալեն Սիմոնյանը: Սրբազանների հասցեին ամենավերջին փողոցայինի պես չեն խոսել, «դոմփել» բառը չեն օգտագործել ու չեն առաջարկել կաթողիկոսին` ստուգել սեփական առնանդամը, ինչպես Նիկոլ Փաշինյանը: Այս ամենի մոտ Հռիփսիմե Հունանյանի արածները, իհարկե, անմեղ կատակներ են:
Բայց ՔՊ-ում քավության նոխազներ են փնտրում եւ Հունանյանին կանչել են «կառափնարան», «շան լափ թափել գլխին» եւ հասկացրել, որ շանս չունի ո՛չ պաշտոնում մնալու, ո՛չ` ցուցակում։ ՔՊ-ում եւս շոկի են ենթարկվել՝ իմանալով Հունանյանի «դատավճռի» մասին, կուլիսներում խոսում էին, որ Փաշինյանն իրականում Հունանյանից ազատվում է ոչ թե իր արտահայտությունների համար, այլ այն պատճառով, որ Հունանյանն այնքան էլ կառավարելի ու կանխատեսելի չէ:
Այս որակների համար էլ ՔՊ խմբակցությունում նրան հարգում են եւ անցած հոկտեմբերին ընտրեցին հանձնաժողովի նախագահի պաշտոնում, չնայած առաջադրվել էր նաեւ ՔՊ հնաբնակներից մեկը` Զարուհի Բաթոյանը։ Իսկ Փաշինյանին պետք են առանց որեւէ ֆանտազիայի իր հրամանները ստրուկի պես կատարող մարդիկ։
Փաստորեն, ԱԺ առողջապահության հանձնաժողովի վրա նախագահ չի գալիս․ նախորդ նախագահին` Նարեկ Զեյնալյանին նույնպես Փաշինյանը sms-ով ազատեց պաշտոնից եւ զրկեց մանդատից։ Հիմա Հունանյանի հերթն էր: Երեկ նա փակվել էր խորհրդարանի իր աշխատասենյակում եւ հրաժարվում էր մեկնաբանություններ տալ լրագրողներին։
Նրա մոտ ելումուտ էին անում որոշ գործընկերներ, հավանաբար, մխիթարում էին նրան, պատգամավորն անգամ չմասնակցեց կառավարության հետ հարցուպատասխանին։ ՔՊ-ական այլ պատգամավորներ էլ էին հրաժարվում մեկնաբանել կատարվածը։
Հռիփսիմե Հունանյանին պետք է գովել և խրախուսել՝ ծաղրելու փոխարեն։ Մարդը հայտնվեց մի անհավանական տեղում՝ իր համար, թե չէ՝ ով պետք է նրան ճանաչեր։ Ունեցավ անհավանական հոգեվիճակ, որն արտահայտվեց անհեթեթ հայտարարություններով։
Բացահայտ «ոչ կոմպետենտ լինելու բարդույթը» նրան ստիպում էր արտահայտել «խելացի» մտքեր, բայց հենց դա է վտանգավոր՝ խելացի մտքեր արտահայտելու համար գիտելիքների անբավարարությունն ու փորձի բացակայությունը պետք է խանգարեին, և մտքերը, հետևաբար, հնչում էին ոչ խելացի, անգամ ոչ էլ՝ հիմար, ուղղակի՝ զայրացնող և ծիծաղելի։
Օրինակ, հետ չմնալով հակակաթողիկոսական արշավից, որոշեց մի փայլուն բան էլ ինքն ասել և ասաց․ «Ես էլ սուրբ կույս Հռիփսիմեն եմ, որդուս հայրն էլ` սուրբ Սարգիսը, եթե կաթողիկոսը սուրբ է»․․․: Այս «արժեքավոր» միտքը լսելով զայրանում ես, այդ միտքն ասելիս իր դեմքը տեսնելով՝ ծիծաղում․․․
Եվ ինչո՞վ է նա գովելի՝ կհարցնեք։ Հենց նրանով, որ չցանկացավ տևական ժամանակ մնալ այդ ոչ ադեկվատ վիճակում, չուզեց անընդհատ փորփրել գլուխը և դուրս բերել մտքեր, որոնց համար հետո ամաչելու է, այլ՝ որոշեց լքել հանձնաժողովի նախագահողի պաշտոնը և հետագայում չշարունակել պատգամավորի կարիերան։ Հնարավոր է, որ նրա գլուխգովանքը բարկացրել է իր ղեկավարներին, և մի հաղորդագրություն` sms են ուղարկել, թե «գլուխդ առ գնա, անգամ մեզ ես նյարդայնացնում»։
Բայց դա չէ կարևորը, այլ՝ այն, որ նա մյուսներին ցույց տվեց այս օրինակելի նախադեպը․ գնացեք, վերցրեք ձեր փայլուն գլուխը և հրաժարվեք այն գործերից, որոնք դուք անկարող եք կատարել և միայն խայտառակում եք ինքներդ ձեզ, ամոթով թողնելով բոլոր նրանց, ովքեր երբևէ ձեզ համակրել են։
Հռիփսիմեն հեռացավ պաշտոնից` մենք փրկվեցի՞նք։ Իհարկե՝ ոչ։ Հռիփսիմեի սինդրոմով բազմաթիվ աղջիկներ ու տղաներ կան Ազգային ժողովում, Կառավարությունում, ովքեր անշուշտ ունեն հմտություններ, օրինակ՝ փորձառու են նախկիններին փնովելու գործում, թուրքերին և ադրբեջանցիներին սիրահետելու նորահայտ ձիրք ունեն, ղեկավարի հրահանգով ելույթ ունենալու, կառավարությանը հարց տալու, չոքելու և խաչակնքելու, ուրախանալու և զարմանալու բացառիկ շնորհք են ցուցաբերում։
Բայց խելացի մտքեր արտահայտելու մասով նրանք նույն Հռիփսիմեն են` չեն տարբերվում ոչնչով, նույնիսկ եթե ունեն բարձրագույն կրթության դիպլոմ՝ ի տարբերություն նրա։
Թվարկված կարողությունների համար (ճիշտ էր ասում աղջիկը), բարձրագույն կրթություն ունենալը պարտադիր չէ, ես կասեի՝ անգամ ցանկալի չէ, քանի որ կրթությունն ու գիտելիքը սովորաբար մարդու մեջ դաստիարակում են որոշակի սկզբունքներ, որոնք ոտնահարելը կրթված մարդու, որոշ դեպքերում՝ նաև բարեկիրթ մարդու համար, անթույլատրելի է։
Եվ վերջապես, ինչո՞ւ է անհրաժեշտ գովել Հռիփսիմեին։ Այն պարզ պատճառով, որ նույն անելանելի վիճակում հայտնված պաշտոնյաները հասկանան, որ այս փակուղուց դուրս գալով կարող են փրկվել, մաքրվել, կարող են մոռացության մատնել իրենց արտահայտած բազմապիսի անհեթեթ մտքերը․ մենք խոստանում ենք մոռանալ ու չհիշեցնել։
Կարող են անցնել իրենց տարիքին, փորձին, գիտելիքներին լիովին համարժեք արժանապատիվ գործի, կարող են ապրել հանգիստ և գնահատված՝ իրենց վերջին ճիշտ որոշման համար խրախուսված, լիարժեք կյանքով։ Այդ մանդատից ու պաշտոնից դուրս՝ նորմալ ու առանց ամոթի կյանք կա, և դա կա նաև իրենց համար։






Բաց մի թողեք
Թրամփի դեմ uեռական nտնձգության մեղադրանքները անհետացել են Էպշտեյնի գործերի արխիվից․ այլ մանրամասներ
Իրանը ԵՄ-ի փոխարեն նախընտրում է Թուրքիայի միջնորդությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Լավրովը՝ Իրանի շուրջ իրավիճակի լիցքաթափման հարցում Թուրքիայի հետ խորհրդատվությունների մասին