20/01/2026

Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցներ» սահմանելու մասին

Marinera լցանավի բռնագրավման հետ կապված իրավիճակը դիվանագիտական փակ խողովակներով կարգավորելու ջանքերն արդյունք չեն տվել, և ՌԴ ԱԳՆ-ն հարկադրված է եղել հանդես գալ հայտարարությամբ, որտեղ ամերիկյան կողմի գործողությունները գնահատված են միջազգային իրավունքի և չեզոք ջրերում խաղաղ նավագնացության կանոնների «կոպտագույն խախտում»:

Մոսկվան բացահայտել է, որ ԱՄՆ իշխանությունները և պատկան մարմինները տեղեկացված են եղել լցանավի ռուսաստանապատկանության մասին:

ՌԴ արտգործնախարարությունը պարզաբանել է, որ չեզոք ջրերում որևէ երկրի դրոշի ներքո նավարկող նավը կարող է «ստուգման ենթարկվել միայն դրոշի երկրի համաձայնությամբ և այն դեպքում, երբ առկա է մաքսանենգության կամ ստրկավաճառության հիմնավոր կասկած», մինչդեռ Marinera-ի դեպքում «այդ հանգամանքները բացառված էին»:

Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության տեքստում աչքի է զարնում ընդհանրացումը, ըստ ամերիկյան կողմի՝ իր ազգային օրենսդրությանը հղումները «հիմնավոր չեն»:

Մոսկվան «վճռականորեն անընդունելի է համարում» բռնագրավված լցանավի անձնակազմի անդամներին քրեական պատասխանատվության ենթարկելու Վաշինգտոնի նպատակադրվածությունը:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվինը նախօրեին հավանական է համարել, որ «մաքսանենգ լցանավի» անձնակազմի անդամեներին մեղադրանք կառաջադրվի, և նրանք կկանգնեն «դաշնային դատարանի առջև»:

Ռուսաստանյան աղբյուրները բռնագրավված լցանավի վերաբերյալ բավական ուշագրավ տեղեկություններ են պարզել: Ըստ այդմ, լցանավի սեփականատերը ՌԴ քաղաքացի է, ով գրանցված է Ղրիմում:

Լցանավի անձնակազմը բազմազգ է, նավապետը Վրաստանի քաղաքացի է, նավաստիների մեծ մասն՝ Ուկրաինայի: Անձնակազմի միայն երկու անդամ է ՌԴ քաղաքացի:

Լցանավը, որ ավելի վաղ կրում էր Bella 1 անունը, զբաղվել է վելեսուելական և իրանական նավթի արտահանությամբ և պետք է հասներ Մուրմանսկի նավահանգիստ:

Բացառված չէ, որ Ռուսաստանը մտահոգված է ոչ այնքան իր երկու քաղաքացիների ճակատագրով, որքան՝ հնարավոր դատավարությամբ, որի ընթացքում կարող են ոչ ցանկալի բացահայտումներ լինել:

Մասնավորապես չափազանց ուշագրավ է, որ բռնագրավված լցանավի անձնակազմի անդամների մեծ մասը Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ են, իսկ այդ երկու երկրների հետ Ռուսաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի, ավելին՝ գտնվում է փաստացի և սառեցված զինված հակամարտության մեջ:

Marinera-ի բռնագրավումից մեկ օր հետո ԱՄՆ սենատոր Գրեմը մամուլին ասել է, որ տևական հանդիպում է ունեցել նախագահ Թրամփի հետ, որի արդյունքներով Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցներ» սահմանելու մասին օրինագծի ընդունման «կանաչ լույս է ստացել»:

Որքանո՞վ է հավաստի այդ տեղեկությունը, առայժմ այնքան էլ պարզ չէ: Ռուսաստանի ԱԳՆ-ն ամերիկյան կողմից զգուշացրել է, որ լցանավի բռնագրավման հետ կապված իրավիճակը կարող է բացասաբար ազդել ռուս-ամերիկյան «առանց այդ էլ լարված հարաբերություններին»: