19/01/2026

Սերգեյ Մուրադյանը հերքում է, թե ինքը միջնորդել է, որ ՊԵԿ-ում վարչության պետ նշանակեն. Լուսանկար

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի խորհրդական Սերգեյ Մուրադյանը հերքել է տեղեկությունները, թե ինքը միջնորդել է, որ ՊԵԿ-ում վարչության պետ նշանակեն:

Մուրադյանի գրառումը՝ ստորև. «Ամենայն պատասխանատվությամբ հերքում եմ «Փաստ» օրաթերթում, News.am լրատվական հարթակում, asekose.am լրատվական կայքում, pastinfo.am լրատվականում, 5-րդ ալիք լրատվականում, ինչպես նաև Past.am լրատվական կայքում հրապարակված հետևյալ տեղեկատվությունը, մեջբերում եմ.

«Առանձին դրվագ վերաբերում է ՊԵԿ ընթացիկ հսկողության վարչությանը։

Ըստ առկա տեղեկությունների՝ վարչության պետ Արթուր Հակոբյանը այդ պաշտոնում նշանակվել է Հակոբ Արշակյանի խորհրդական Սերգեյ Մուրադյանի միջնորդությամբ։ Նշվում է, որ Արթուր Հակոբյանի ենթակաները չգրանցված աշխատողներ են հայտնաբերել նրա ընկերոջը պատկանող ընկերությունում, ինչից հետո վերջինս ստիպել է իր ենթականերին սեփական միջոցներով վճարել սահմանված տուգանքը»։

Մեջբերված տեղեկատվությունը կեղծ է և որևէ կերպ կապ չունի իրականության հետ:

Ասեմ ավելին՝ ես չեմ ճանաչում ՊԵԿ ընթացիկ հսկողության վարչության պետին:

Ամփոփելով վերոգրյալը՝ պահանջում եմ անհապաղ հերքում տարածել:

ՊԵԿ գործընկերներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության»: