20/01/2026

Վրաստանում ԱՄՆ և Եվրամիության դեսպանների ու ՎՈՒԵ պատրիարքի հեղինակության համեմատությունը

Վրաստանի նախկին նախագահ Մեխեիլ Սաակաշվլին նոյեմբերի 12-ին «Վիվամեդ» բժշկական կենտրոնից տեղափոխվել է արդարադատության նախարարության թիվ 12 քրեակատարողական հաստատություն, որ գտնվում է Ռուսթավի քաղաքի վարչական տարածքում:

Վրացական ընդդիմությունը համարում է, որ «դա քաղաքականապես մոտիվացված քայլ է և ևս մեկ անգամ ապացուցում է, որ Վրաստանում բռնապետություն է հաստատվել»:

«Մարդը, ով առողջության հետ կապված խնդիրներ չունի և պետք է պատիժը կրի, այո, պետք է գտնվի բանտային հաստատությունում, ինչպես որ դա արվում է բոլոր ազատազրկվածների նկատմամբ»,- Սաակաշվիլի նկատմամբ կայացված որոշումն այսպես է մեկնաբանել Վրաստանի առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն:

Նրա գնահատմամբ, կայացվել է «բացարձակապես նորմալ որոշում» և այդ կապակցությամբ «հակառակ փաստարկներ ոչ ոք չի կարող բերել»: Վրաստանի Հատուկ քրեակատորղական ծառայությունն իր հերթին հիմնավորել է, որ նախկին նախագահի «առողջական վիճակը բավարար է, նա այլևս հիվանդանոցային բուժառության կարիք չունի»:

Վրաստանի Սահմանադրական դատարանը պետք է քննարկի Սաակաշվիլիի հիմնադրած «Միասնական ազգային շարժում», «Լելո» կուսակցությունների և «Հանուն փոփոխությունների» դաշինքի գործունեությունը կասեցնի հայցը, որ ներկայացրել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության խորհրդարանական մեծամասնությունը:

Այս ֆոնին նախկին նախագահին բուժհաստատությունից կրկին ՔԿՀ տեղափոխելու որոշումը, եթե անգամ առաղջապահության նախարարի հիմնավորումները լիովին հավաստի են, դիտարկվում է որպես քաղաքական քայլ:

Ուշագրավ է, որ նույն օրն ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» ծավալուն հրապարակմամբ անդրադարձել է «պոստեվրոպական Վրաստանի» աշխարհա-քաղաքակրթական ընտրության հարցին:

Յուրովի գնահատելով Վրաստանի և Եվրամիության հարաբերությունների գրեթե խզման պատճառները, պարբերականը համարում է, որ խնդիրը նրանում է, որ վրացական հանրությանը «տասնամյակներ շարունակ ներշնչվել է, որ հայրենիքը հետամնաց է, Ռուսաստանը և Չինաստանը զավթիչ են, իսկ Արևմուտքը՝ զարգացած և ժողովրդավարական»:

Իբր հիմնավորում «Նեզավիսիմայա գազետան» վկայակոչում է վրացի երիտասարդ քաղաքական գործիչ Յագո Խվիչիայի այն միտքը, որ Վրաստանում, «իհարկե, կան մարդիկ, ովքեր վստահում են պատրիարքին (Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս Եղիա Երկրորդին), իսկ իմ պարիարքը Միացյալ Նահանգների դեսպանն է»:

Ռուսաստանյան պարբերականը, եզրափակելով դիտարկումները, Վրաստանին հորդորում է անհապաղ բարեփոխել կրթական համակարգը: «Երկիրը, որի քաղաքական վերնախավի մի մասի համար պատրիարք է ԱՄՆ-ի, իսկ երիտասարդության մի մասի համար՝ Եվրամիության դեսպանը, ավելի քան ոչ ինքնուրույն պետություն է»:

Վրաց ուղղափառ եկեղեցին շուրջ հարյուր հիսուն տարի հանդիսացել է ՌՈՒԵ –ի էկզարխիատը և ինքնուրույնություն է ստացել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ Իոսիֆ Ստալինի որոշմամբ: Այդուհանդերձ, երկու եկեղեցիների միջև սերտ հարաբերությունները պահպանվում են:

Վրաստանում, ըստ որոշ փորձագետների, բարձր են գնահատում Աբխազիան և Հարավային Օսեթիան Վրաց ուղղափառ եկեղեցու կանոնական տարածք ճանաչելու մասին ՌՈՒԵ անփոփոխ դիրքորոշումը:

«Նեզավիսիմայա գազետան» ամենեւին էլ պատահականորեն չի ընտրել Վրաստանում ԱՄՆ և Եվրամիության դեսպանների ու ՎՈՒԵ պատրիարքի հեղինակության համեմատությունը:

Ռուսաստանյան ոչ միայն մամուլը, այլև պաշտոնական աղբյուրները վերջերս հանդես են գալիս նաև որպես Հայ առաքելական եկեղեցու պաշտպան: Ըստ երևույթին, Վրաստանի մասին «Նեզավիսիմայա գազետա»-ի ասածը որոշակի իմաստով վերաբերելի է նաև Հայաստանին:

Խորհրդարանական վերջին ընտրություններում Վրաց ուղղափառ եկեղեցին հրապարակային աջակցություն հայտնել է «Վրացական երազանք» կուսակցությանը՝ շեշտադրելով, որ Բիձինա Իվանիշվիլին «հայրենասեր է և պաշտպանում է ազգային ավանդույթներն ու արժեքները»: