31/01/2026

20 էջանոց եզրակացություն

Խորհրդարանի հունվարյան նստաշրջանի մեկնարկին իշխանական մեծամասնությունը եւ փոքրամասնությունը կրկին քննարկեցին 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցի հարցը։

«Հրապարակ» թերթը գրում է․ Հայտնի է, որ ժամկետները խախտելու պատրվակով զեկույցը չի հրապարակվում, մինչդեռ իրականում քաղաքական որոշում է կայացվել՝ 20 թ․ ցավոտ պատմությունը նորից ասպարեզ չհանել։

Սակայն ուշագրավ է, որ անցած շաբաթվա նիստի ժամանակ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն առաջարկեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ զեկույցի հետ կապված լսումներ անցկացնել։

Ըստ ամենայնի՝ իշխանությունը որոշել է լսումները նախընտրական նպատակներին ծառայեցնել՝ առիթը բաց չթողնելով պարտության մեղավոր հռչակել նախկիններին, որոնք «բանակը թալանել են»։

Սակայն Անդրանիկ Քոչարյանին համոզել չի հաջողվում, նախկինում նա դեմ էր արտահայտվել լսումների գաղափարին՝ ասելով, որ եթե լսումներ լինեն, կնշանակի՝ զեկույց չկա, իսկ եթե կա, ապա այն պետք է ներկայացվի ԱԺ-ին։

Չի բացառվում, որ լսումների փոխարեն հրապարակեն զեկույցի եզրակացությունը՝ մոտ 20 էջանոց, որտեղ ամփոփ գնահատականներ են տրվում տեղի ունեցածին։