01/01/2026

2018-ից հետո արվեստի գրեթե բոլոր ճյուղերը սկսել են գրաքննության ենթարկվել

Արդեն մի քանի օր է՝ քննարկվում է Բյուրականում «Ցանկապատ» ներկայացման ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դերասանական անձնակազմից պահանջում էր ասել, թե ինչ ուղերձ են փոխանցում իրենք հանդիսատեսին, ապա առաջ էր տանում այն միտքը, թե՝ սխալ սյուժե են բեմադրել։

Համացանցում ոմանք ասում էին, թե ստեղծագործական կազմը պետք է դադարեցներ ներկայացումը, երբ այնտեղ հայտնվեց Նիկոլ Փաշինյանը, մի մասը քննադատում էր դերասաններին, որ Նիկոլ Փաշինյանի ճամարտակություններին պատշաճ չեն հակադարձել։ Դերասանների արդարացումներն, ինչ խոսք, աննախադեպ են: Անգամ Սովետական միության տարիներին, երբ տոտալ գրաքննություն էր ամենուր, նման դեպքեր ավագ սերնդի ներկայացուցիչները չեն հիշում, որ երկրի ղեկավարը, իշխանավորները գնան թատրոն եւ դերասանների ու ռեժիսորի հետ լեզվակռվի մեջ մտնեն, թե ինչի ասացիք այս բանը, ինչ նկատի ունեիք եւ այլն:

Թեմայի մասին «Հրապարակը» զրուցեց թատրոնի եւ կինոյի դերասան Լեւս Դավթյանի հետ: Դերասանը մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասաց. «Հանդիսատեսը հանդիսատես է, անկախ նրանից վարչապետ է, նախագահ է, ուսուցիչ, թե սովորական բանվոր: Թատրոնի հանդիսատեսը ներկայացում դիտելու համար է: Ներկայացումը փառատոն չէ, որ քննարկումներ ծավալվեն ընթացքում: Պետք է նայել ներկայացումը եւ հետո առանձին` տանը, աշխատասենյակում, այգում, սրճարանում, կամ մեկ այլ վայրում անել վերլուծություն: Չհասկացա, թե ինչու էին շարվել դերասանները` ներկայացման շորերով եւ ինչու էին արդարանում, թե որն էր պիեսի ասելիքը, այն տեղ հասա՞վ, թե ոչ: Ամեն դեպքում չեմ կարծում, թե դերասանական կազմին ինչ-որ մեկը ստիպել էր ներկայացման շորերով շարվել ու արդարանալ: Ի՞նչն է զարմանալի մարդկանց համար, դա չեմ հասկանում: Այնտեղ ներկա դերասաններից ո՞ր մեկն էր ծպտուն հանել, երբ Արցախը հանձնեցին, ե՞րբ էր ծպտուն հանել, երբ պատերազմի ժամանակ 5000 զինվոր զոհվեց, ո՞ր մեկն է այդ դերասաններից մինչ օրս խոսել քաղաքական բանտարկյալների մասին, ի վերջո` ո՞ր մեկն է մի անգամ գոնե հանրահավաքի մասնակցել ու իր ձայնը բարձրացրել, որ երկիրը վտանգի մեջ է: 2018 թվականին բոլորը աղաղակում էին: Այս ամենի համար մեղավոր են այն մարդիկ, ովքեր Մկոյին տվել են վաստակավոր արտիստի կոչում: Ի՞նչ վաստակի մասին է խոսքը: Ո՞րն է Մկոյի վաստակը` Կարգին հաղորդո՞ւմը: Այո, նա շատ լավ կոմիկ դերասան է: Իր ժանրում նա հոյակապ դերասան է, բայց ինչո՞ւ ենք նրանից ավել բան պահանջում: Եթե այդ մարդը ոչ մի անգամ ձայն չի հանել, այսօր ինչո՞ւ պետք է հակադրվեր Փաշինյանին: Դերասանների մեծ մասը հարմարվող է, կոնֆորմիստներ են հիմնականում, ես ոչ մի զարմանալի բան չեմ տեսնում: Ցանկացած իշխանության ժամանակ էլ նույն այդ մարդիկ նույն ձեւով կվարվեին, նույն շորերով շարք կկանգնեին: Վաղը, եթե այլ իշխանություն ունենանք, նրանց առաջ էլ են շարվելու այսպես: Առաջ էլ կռացած` բաժակները ձեռքներին գնում էին Սերժ Սարգսյանի առջեւ կռանալու, այսօր էլ նույն բանն են անում` ՔՊ-ականների առջեւ: Այս մարդկանց գործը ներկայացում խաղալուց բացի նաեւ իշխանության առջեւ կռանալն է: Սա է ամենատաք տեղերում գտնվելու գաղտնիքը: Երկակի ստանդարտներ են: Կան նաեւ դերասաններ, ովքեր չեն հարմարվում այս ամենին, ընդվզում են, իրենց ձայնը լսելի են դարձնում, խոսում են խնդիրների մասին, չեն հարմարվում թատրոնների ՔՊ-ական ղեկավարներին, արդյունքում` աշխատանք են կորցնում եւ այդ պատճառով ոչ մի տեղ աշխատանքի չեն կարողանում ընդունվել…. մեր` մի քանիսի օդերն են փակել, բայց մյուսներն այսօր էլ են շատ լավ, երեկ էլ էին շատ լավ, վաղն էլ են շատ լավ լինելու: Ո՞ւմ համար է այս ամենը նորություն»:

Կան տեսակետներ, որ ամեն դեպքում արտիստը չէր կարող վեճի մեջ մտնել թատրոնում, դա նաեւ դաստիարակության խնդիր է. «Վիճել պետք չէր, պետք էր ներկայացումը խաղալուց հետո գնալ, փոխել շորերը եւ գնալ տուն: Եթե ինչ-որ մեկը կցանկանար գալ եւ շնորհակալություն հայտնել, շատ բարի, այդքան մի բան: Ես երբեք չէի վարվի այնպես, ինչպես վարվեցին նրանք: Իմ խաղը կխաղայի, գլուխ կխոնարհեի եւ կգնայի իմ գործերով: Չէի կանգնի, չէի լսի եւ չէի արդարանա ներկայիս իշխանության որեւէ ներկայացուցչի մոտ: Հերիք է մի ինչ-որ իշխանավոր կանգնի ինչ-որ արտիստի, կոմպոզիտորի, կամ այլ արվեստագետի կողքին, այդ մարդը պարզապես փչանում է: Շատ հեշտ է այս առումով արվեստագետներին փչացնելը: Նախկին որեւէ իշխանության ժամանակ չի եղել այսպիսի բան, որ թատրոնները ենթարկվեն գրաքննության: Ինչ թեմայով ցանկացել են, ներկայացում են բեմադրել: Վարդան Պետրոսյանը բոլորին վարկաբեկում ու «թաղում» էր իր ներկայացումներում, բայց թատերարվեստը շարունակել է մնալ ազատ: 2018-ից հետո արվեստը բոլոր ճյուղերը սկսել են գրաքննության ենթարկվել»: