20/04/2024

Լեռնային Ղարաբաղի «սև տարին» սկսել է այն ժամանակվանից, երբ ծնունդով ղարաբաղցի ՀՀ նախագահը ԼՂ-ն դուրս թողեց բանակցային սեղանից՝ դուռ բացելով հայաթափման համար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-ում էր՝ ներկայացնելու ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2023 թվականի կատարողականը։ Ընդդիմությունն էլ, ինչպես և սպասելի էր, հանդես եկավ ելույթների «բարձր կատարողականությամբ», և եթե չիմանայինք, որ քննարկումը ծավալվում է Հայաստանի խորհրդարանում, կթվար, թե ընդդիմության անունից հանդես եկողները այլ երկրի դատապաշտպաններ են։

Անաչառ դիտորդի մոտ ընդհուպ կարող էր տպավորություն ստեղծվել, որ տրվող հարցերը, ընդհուպ մինչև դրանք ձևակերպելու եղանակն ու շեշտադրումները թելադրվել են ՀՀ-ում գտնվող օտար պետության դեսպանատան կողմից։ Թե հատկապես ո՞ր՝ ընթերցողը առանց մեր հուշման էլ, թերևս, գլխի կընկնի։ Արմեն Ռուստամյանն, օրինակ, ՀՀ կառավարությանը մեղադրում էր մի բան ասելու, մեկ այլ բան անելու մեջ, և որոշեց իր ձևերով նախատել Միրզոյանին մասնավորապես ՀԱՊԿ-ի վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշման փոփոխության կապակցությամբ։

Թե՝ ծրագրում գրել եք, որ ՀԱՊԿ-ը ՀՀ անվտանգային համակարգի կարևորագույն օղակ է, և ՀՀ-ն շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին, սակայն կատարողականում նշված է, որ ՀՀ-ն գործնականում նվազագույնի է հասցրել՝ սառեցրել է իր անդամությունը ՀԱՊԿ-ում։

«Սա ակնհայտ հակառակն է, ինչ գրված է ծրագրում, ի՞նչ իրավունքով եք դուք դա արել»,- բարկությունից դողացող ձայնով հարցրեց Ռուստամյանը, որը, փաստորեն, այս ընթացքում Լուսնի կամ Մարսի վրա է եղել՝ տեղյակ չէ, թե ինչ է արել կամ, ավելի ճիշտ՝ ինչ չի արել ՀԱՊԿ-ը, որ ՀՀ-ն էլ արել է այն, ինչ արել է։

Հարկ է նկատել, որ մի բան ասելու, բոլորովին այլ բան անելու մեջ կառավարությանը մեղադրում է մի ուժի ներկայացուցիչ, որի հետագիծը լիուլի է իր իսկ բանաձևած վարքագիծը ցուցաբերելու փաստերով, մասնավորապես՝ մեկ բան ասած, մեկ այլ բան արած ուժի՝ ՀՀԿ-ի հետ քանիցս կոալիցիա կազմելու տխրահռչակ փորձով։

Մի դրվագ ընդամենը այդ փորձից. մասնավորապես 2012 թ. խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ն մասնակցեց որպես ընդդիմադիր ուժ և որպես գլխավոր նպատակ հռչակեց ամբողջական իշխանափոխությունը։ «Մենք գալիս ենք ամբողջական իշխանափոխության գաղափարով, որ պետք է ոչ միայն հեռացվեն այսօրվա իշխանավորները, այլև պետք է փոխվի այն համակարգը, որը ծնում և պահպանում է այս իշխանություններին: Լիակատար իշխանափոխություն կատարելու համար…»,- 2012 թվականի քարոզարշավի ժամանակ հայտարարում էր Արմեն Ռուստամյանը:

Թե երբ տեղի ունեցավ իշխանափոխությունը և ում ջանքերով՝ պարոն Ռուստամյանին հիշեցնելու կարիք չկա, ՀՅԴ-ն, այո, միացավ 2018-ին տեղի ունեցած «ժողովրդային շարժմանն» ու տուն ուղարկեց Սերժ Սարգսյանին։ Այն նույն Սարգսյանին, որի ՀՀԿ-ի հետ 2017-ին կոալիցիա էր կազմել։ Ի դեպ, Սերժ Սարգսյանը, լինելով ՀՀ գլխավոր բանակցողը, 2016-ին խոսում էր ԼՂ խնդիրը փոխզիջումային տարբերակով (գրավյալ տարածքները հանձնելու) լուծման մասին, ՀՀԿ-ն էլ քանիցս «ստոպ» տվեց ԼՂ-ի անկախությունը ճանաչելու վերաբերյալ ԱԺ խմբակցությունների կողմից ներկայացված նախագծերին։

Այս հանգամանքը չխանգարեց, որ ՀՅԴ-ն կոալիցիա կազմի ԼՂ հարցում էականորեն տարբեր քաղաքականություն վարող ՀՀԿ-ի հետ։ Մեջբերենք ՀՅԴ-ի 2017-ի նախընտրական ծրագրից. «Հստակ պետք է գիտակցել, որ չկա առանձին Արցախի հարց: Արցախը հայկական հարցի, Հայ Դատի անբաժան մաս է: Այս հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ Արցախը պետք է վերամիավորվի Մայր Հայաստանի հետ: Արցախի անկախությունը մեզ համար մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում է։ Մենք ինքներս պետք է ապահովենք մեր երկրի անվտանգությունը՝ քաջ գիտակցելով, որ միայն պատերազմին պատրաստ լինելն է կանխում պատերազմի վտանգը: Այս հարցում միակողմանի զիջումների մասին հայտարարությունները միայն մոտեցնում և ավելի իրական են դարձնում պատերազմի սպառնալիքը»: Ի դեպ, այսօր ՀԱՊԿ-ի վերաբերյալ դիրքորոշումը փոխելու համար ՀՀ իշխանությանը մեղադրող Արմեն Ռուստամյանի կուսակցությունն իր նույն՝ 2017-ի ծրագրում գրում է. «Հայաստանը պետք է վարի անկախ արտաքին քաղաքականություն՝ հիմնված բացառապես ազգային շահի և պետության հեռանկարային ռազմավարական զարգացման տեսլականի վրա: Մենք ամերիկամետ, ռուսամետ, եվրոպամետ չենք, մենք հայամետ և հայաստանակենտրոն ենք: Արտաքին քաղաքականության վեկտորն ընտրելիս պետք է առաջնորդվենք բացառապես մեր ազգային շահով: Մեր կազմած դաշինքները պետք է լինեն ոչ թե ընդդեմ որևէ կողմի, այլ բացառապես հանուն մեր նպատակների իրականացման»։ Ինչպես ասում են՝ «մեր հին ընկեր Դաշնակցությունը» այժմ քննադատում է ՀՀ իշխանությանը մի բանում, որը խոստանում էր ինքն անել, եթե Աստծու ողորմածությամբ գար իշխանության։

«Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանն էլ, հավատարիմ կատարողական իր ստիլին, հեգնում ու մուննաթ էր գալիս ԱԳ նախարարի վրա, թե՝ «խոսում եք Երևանյան լճի վրա ֆոտովոլտային կայանի կառուցման մասին, բայց Արցախի հայաթափումից այդպես էլ չխոսացիք։ Արցախի հայաթափման հետ դուք հեչ կապ չունե՞ք, բա լավ, հիմնական դիվանագետը Դուք եք եղել, մասնակցել եք բանակցություններին, ո՞նց ա եղել, որ Արցախը հայաթափվել է։ 2023 թվականը, որի կատարողականը Դուք եք ներկայացնում, հայ ժողովրդի պատմության մեջ մնալու է որպես սև էջ, որտև էդ ժամանակ հազարամյակներով բնակեցված Արցախը հայաթափվել է, Դուք էլ հիմնական դիվանագետն եք եղել։ Ինչու է այդպես եղել, խի՞ սրա մասին չեք խոսում»։ Արարատ Միրզոյանն ի պատասխան նշեց՝ ՀՀ-ն իսկապես բոլոր ջանքերը գործադրել է, որ հայաթափումը տեղի չունենա։ «Դուք որ ասում եք՝ այդ հայաթափման հետ կապ չունե՞ք, իհարկե կապ չունենք, մենք փորձում էինք այնպես անել, որ ԼՂ հայությունը մնա իր հայրենիքում, իր պատմական բնօրրանում, օժտված լինի որոշակի անվտանգային երաշխիքներով։ Դրան ի պատասխան մենք կհիշենք, որ ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ուղղված մեր ջանքերը և նույնիսկ ձևակերպումները ոնց էին քննադատվում ձեր իսկ կողմից, և ոնց էին քննադատվում նույն ԼՂ-ում, ինչ հավակնություններ էին արտահայտվում, էն պահին, երբ մենք կոչ էինք անում կառուցողական բանակցությունների, ինչպիսի պիտակավորումներով էին մեր կոչերը մերժվում, և վերջում ինչ եղավ…»։ Պատճառը ո՞րն էր՝ հարցրեց Գրիգորյանը և լսեց պատասխանը. «Պատճառն էն էր, որ Ադրբեջանը ռազմական ուժ գործադրեց, ԼՂ-ի քաղաքական էլիտան, որն զբաղված էր իշխանություն փոխելով, մի քանի օրվա նոր իշխանությամբ օժտված մարդուն ուղարկեց, և նա ԼՂՀ-ի լուծարման մասին հրամանագրով հանդես եկավ։ Ձեր փնտրած պատճառների մեղավորության սլաքները էս (ցույց տալով իրեն-խմբ.) ուղղությամբ մի ուղարկեք։ Ի վերջո, սա մի խոսակցություն է, որը մի դրվագով չի, որքան էլ իմ կամ ձեր ճարտասանությունը հաջողված լինի, սա մի խոսակցություն է, որը տարիներով է լինելու։ …Ախր, փաստերն ակնհայտ են, էն պահին, երբ որ ՀՀ կառավարությունը կոչ էր անում աշխատել ԼՂ ժողովրդի իրավունքների ապահովման ուղղությամբ, դուք քննադատում էիք այդ քաղաքականությունը, և ձեր քննադատությունը տասնապատիկ ավելի լսվում էր Ստեփանակերտում։ Եվ էն պահին, երբ մենք կոչ էինք անում աշխատել այդ իրավունքների ուղղությամբ, այնտեղ ընդունվում էին բանաձևեր զանազան տարածքների մասին։ Մեկ էլ՝ հո՛պ, գնացին և երկու օրում լուծարեցին իրենց հռչակած ԼՂ Հանրապետությունը։ Եթե դուք հարցեր ու մեղադրանքներ ունեք, գնացեք, ուրիշ մարդկանց տվեք։ Էն պահից, երբ որ իրենք որոշեցին դուրս գալ, երբ իրենք որոշեցին լուծարել, և սովորական մարդիկ ստիպված եղան փախչել՝ իրենց կյանքը փրկելու համար, մենք միայն կարող էինք և դա արել ենք՝ գրկաբաց ընդունել այդ մարդկանց և հոգալ նրանց կարիքները»։ Միրզոյանը «բանաձևեր զանազան տարածքների մասին» ասելով, ենթադրում ենք, նկատի ունի ԼՂՀ ԱԺ-ի կողմից «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի ընդունումը։ Պատահակա՞ն էր արդյոք, որ Ադրբեջանի դատախազությունը հենց այդ օրենքի քննարկումների օրը ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանին «պետական դավաճանության» մեղադրանք առաջադրեց և սպառնաց կալանավորել «ամենամոտ ապագայում»։

Ի դեպ, այս օրենքի նախագիծը մեծ քննադատության արժանացավ շատերի կողմից, դրա բացասական ռեզոնանսների մասին զգուշացնում էին ԼՂՀ հանրային գործիչներից, քաղաքագետներից շատերը։ Ի դեպ, ԼՂՀ նախկին պատգամավոր, վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը 2023 թ. սեպտեմբերյան ագրեսիայից հետո գրել էր. «Հիշեք և պատմության համար արձանագրեք. այսօրվա իրավիճակի հիմքը դրվել է Ստեփանակերտում՝ 2022թ. փետրվարի 18-ին, երբ Արցախի ԱԺ երեսուներեք պատգամավորները միաձայն քվեարկել են «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի օգտին և նույնացրել Ստեփանակերտի և Աղդամի կարգավիճակը»:

Ի դեպ, երբ սեպտեմբերյան ագրեսիայից 10 օր առաջ ԼՂՀ-ում տեղի ունեցավ իշխանափոխություն, ՀՀ ընդդիմությունը հրճվանքով այդ փաստն ընդունեց՝ համարելով, որ նոր իշխանությունն այլևս կանի այն, ինչ կթելադրվի իրենց կողմից։

Այժմ անդրադառնանք Աննա Գրիգորյանի այն դիտարկմանը, թե 2023-ը «սև տարի է», քանի որ խորհրդանշում է Արցախի կորուստը։ Տիկին Գրիգորյանը, թեևս, լավ կաներ նորից ուսումնասիրեր ԼՂ խնդրի կարգավորման ժամանակագրությունը՝ վերադառնալով իր քաղաքական պատրոնի՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանին։ Վստահ ենք, որ եթե ոչ սև, ապա հաստատ սևին խփող գույնի շրջանակի մեջ կառներ մասնավորապես 1999 թվականը, երբ Լեռնային Ղարաբաղը, որպես բանակցային գործընթացի լիիրավ կողմ, դուրս թողնվեց բանակցային սեղանից։ Հազարամյակներով հայերով բնակեցված ԼՂ-ն հենց այդ ժամանակ է, որ ստացավ ամենաուժեղ հարվածը՝ փաստացի ոչնչացվելով որպես բանակցային սուբյեկտ։ Այնպես որ, տիկին Գրիգորյանը եթե որոշել է հաշիվ պահանջել ԼՂ-ն հայաթափողներից, ապա, թերևս, պրոցեսը սկսի «մի մատ խորքից» ու ճիշտ նույն ոգեղենությամբ մուննաթ գա նաև ԼՂՀ նախկին նախագահ, ապաև՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա։