Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ սկզբունքային հարցերում առայժմ շատ շոշափելի արդյունքներ չկան:
Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ներկայացնելով Կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքը և արդյունքները՝ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը. «Անշուշտ, պայմանագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ կարողացել ենք առաջընթաց ապահովել, բայց սկզբունքային հարցերում առայժմ շատ շոշափելի արդյունքներ չկան: Մենք դեռ շարունակում ենք բանակցել: Բացի այդ, ոչ պաշտոնական շփումներ էլ ենք ունեցել, օրինակ՝ 3+3 ձեւաչափի, փաստացի 3+2 ձեւաչափի նախարարական հանդիպման շրջանակներում Թեհրանում: Հատկանշական է, որ այն պահից, երբ Ադրբեջանի նախագահը հրաժարվեց այդ հանդիպումների շարքից՝ սկսած Գրանադայից, նույն պահից դադարեցին նաև ԱԳ նախարարների հանդիպումները: Այդուհանդերձ, 2024-ին ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումները վերսկսվեցին Մյունխենում, ապա՝ Բեռլինում»:
ԱԳ նախարարի խոսքով՝ շահագրգռված լինելով ապաշրջափակմամբ՝ հանդես են եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ. «Մենք համոզված ենք, որ այս պատկերացումներով ենթակառուցվածքների ապաշրջափակումը, ոչ միայն տնտեսապես շահավետ կլինի տարածաշրջանի երկրների համար, այլև տարածաշրջանից դուրս՝ Չինաստանից մինչև Եվրոպա, այն նաև կդառնա խաղաղությանը նպաստող էական գործոն: Ցավոք սրտի, Ադրբեջանից եղավ ձևակերպում, թե սա «ուտոպիա» է, իհարկե, որևէ կերպ հիմնավոր չենք կարող համարել այս ձևակերպումը»:
«Տարվա ընթացքում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը եղել է առանցքային ուղղություններից մեկը, եթե չասեմ՝ ամենաառանցքայինը: ՀՀ-ի կառուցողական ջանքերը տարածաշրջանում երկարատև, կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ շարունակել են մնալ նույն ինտենսիվությամբ, նպատակն էլ՝ նույնը»:
Միրզոյանը ևս մեկ անգամ հիշեցրեց այն հիմնական սկզբունքները, որոնցով առաջնորդվել և առաջնորդվում են խաղաղության շուրջ բանակցելիս. «Նախ՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնված 1991թ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Երկրորդ՝ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում Հայաստանի համար չափազանց էական է, որ այդ ենթակառուցվածքները ապաշրջափակվեն մի քանի հիմնարար սկզբունքների հիման վրա՝ երկրների ինքնիշխանությունը, ազգային իրավազորությունը, և մենք պնդում ենք, որ բոլոր գործողությունները, որ կարվեն ապաշրջափակման ուղղությամբ, արվեն փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա»:
Վերջինս նկատեց՝ Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլ նաև շահագրգռված տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ. «Մենք ակնհայտորեն ուզում ենք մաս լինել միջազգային տարանցման՝ իհարկե, ըմբռնմամբ, որ մեր ինքնիշխանությունը մեր ենթակառուցվածքների նկատմամբ որևէ կերպ չի կարող սահմանափակվել, մեր իրավազորության ներքո պետք է լինեն: Հեշտացումները, որ պատրաստ ենք անել, որպեսզի խրախուսենք այդ տարանցումը, պետք է փոխադրվեն մյուս հարևան երկրների կողմից ևս»:
Բաց մի թողեք
Իշխանության ուրացման ճանապարհը․ վախենում են Ամանորին հնչի Արցախի Հանրապետություն արտահայտությունը
Ադրբեջանական ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից. Անդրեյ Կովալենկո
Այլևս ակնհայտ է, որ Ադրբեջանական օդանավը խոցվել է ռուսաստանյան ՀՕՊ-ի կողմից. Իոաննիսյան