Դիվանագիտական շրջանակներից հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգները եւ Իրանը Օմանի միջնորդությամբ գաղտնի բանակցություններ են վարում:
Կողմերի մեկնաբանությունները տրամագծորեն տարբերվում են: Վաշինգտոնը պնդում է, որ «ազդակներ է փոխանցել, թե ինչ կարող է անել Իրանը, որպեսզի Կարմիր ծովում իրավիճակը չհանգեցնի տարածաշրջանային լարվածության աճի»:
Իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանը «բացառապես քննարկել է պատժամիջոցների վերացման հետ կապված հարցեր»: Իրանական աղբյուրները հաստատել են, որ բանակցություններ վարում է փոխարըգործնախարար Բաղերին:
Թրամփի վարչակազմում Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչի պաշտոնն զբաղեցրած Գոլդբերգի գնահատմամբ՝ նախագահ Բայդենը «երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցային համաներումը, ինչը թույլ է տալիս, որ Իրանը սառեցված ֆինանսական միջոցները տնօրինելու հնարավորություն ունենա եւ բյուջետային պաշտպանվածություն ստեղծի՝ ներառյալ արտաքին պարտքերի մարումը եւ սուբսիդիաները»: Հանրապետական կուսակցությունը նման դիրքորոշման համար սուր քննադատության է ենթարկել Բայդենին:
Իրականում ի՞նչ ծավալի եւ որակի քննարկումներ են ընթացել կամ ընթանում ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ, անշուշտ, գաղտնիք է: Կողմերը հայտարարել են հետագա հանդիպումներն առկախելու մասին, քանի որ Վաշինգտոնը «ներկայումս առավել կենտրոնացած է Գազայի իրավիճակի վրա»: Իրանա-ամերիկյան միջնորդավորված շփումների մասին տեղեկատվությունը բավական ուշագրավ է մեկ այլ հնարավոր զարգացման համատեքստում:
Թուրքական մամուլին հայտնի է դարձել, որ Բաղդադում արտաքին գործերի, պաշտպանության նախարարների եւ հետախուզական ծառայության ղեկավարների ձեւաչափով կայացել են թուրք-իրաքյան բանակցություններ: Իրաքի իշխանություններն ընդունել են Թուրքիայի առաջարկությունը եւ Քրդական բանվորական կուսակցությունը ճանաչել «ահաբեկչական կառույց»:
Կառավարությունը ՔԲԿ գործունեությունը երկրի տարածքում ճանաչել է օրենքից դուրս: Թուրքիան նախապատրաստվում է Իրաքի հյուսիսում լայնածավալ ռազմական գործողություն սկսել: Խնդիր է դրված թուրք-իրաքյան սահմանի ամբողջ երկայնքով քսան կիլոմետր խորքավ «բուֆերային գոտի» ստեղծել:
Թուրքական հետախուզության պաշտոնաթող սպաներից մեկի գնահատմամբ՝ «եթե լեռնային տեղանքում հաջողվի ճնշել ՔԲԿ գրոհայիններին, ապա կխզվի նրանց կապը Սիրիայի հյուսիս-արեւելյան շրջանի հետ,,: Միջազգային մամուլում գերիշխող կարծիք կա, որ Սիրիայի հյուսիս-արեւելյան շրջաններում քրդական փաստացի ինքնավարությունը սնուցվում է Իրաքից՝«ԱՄՆ զինվորական շարասյուների միջոցով»: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը վերջերս Վաշինգտոն է այցելել: Ըստ երեւույթին, նրան չի հաջողվել համոզել, որ Վաշինգտոնը Սիրիայի հյուսիսում դադարեցնի «քրդական ինքնավարությանն աջակցությունը»:
ՔԲԿ «գրոհայիններին ճնշելու» պատրվակով Թուրքիան փաստացի Մերձավոր Արեւելքում նոր պատերազմ է փորձում հրահրել: Ոչ մի երաշխիք չկա, որ Իրաքի հյուսիսում նախատեսվող ռազմագործողությունը գործանականում այնքան կառավարելի կմնա, ինչպես ներկայացնում է Էրդողանը: Մանավանդ որ Սիրիայի հյուսիս-արեւելքի ստատուս-քվոն ֆորմալ առումով հաստատված է ռուս-թուրք-իրանական պայմանավորվածությամբ:
Այս իրավիճակում Իրանի նկատմամբ Բայդենի վարչակազմի կիրառած «պատժամիջոցային համաներումը»-ինչպես ձեւակերպել է ամերիկյան նախկին պաշտոնյա Գոլդբերգը,- թվում է քաղաքական «բոնուս» է, որ Վաշինգտոնը տալիս է Թեհրանին: Վաշինգտոնում ի՞նչ խորքային մշակումներ են արվում Իրանի ապագայի առումով: Արդյոք կա՞ Հնդկաստանի եւ Իրանի միջոցով այսպես կոչված Գլոբալ հարավում բեւեռ ստեղծելու նախագիծ:
Բաց մի թողեք
ԵՄ դիտորդները՝ սահմանազատումից առաջ և հետո
Այդուհանդերձ ներիշխանական պրոցեսները ունեն ավելի լուրջ հիմք, մոտիվ կամ պատճառ
ԵՄ դիտորդները Հայաստանում անվտանգային աչք ու ականջ են