Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Դոլմաբահչե նստավայրում ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նախագահ Վալենիտինա Մատվիենլոյին:
Այդ մասին հայտնել է «Անադոլու» գործակալությունը: Այլ աղբյուներից հայտնի է դարձել, որ թուրքական կողմից ներկա են եղել նաև Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Իբրահիմ Քալընը և անվտանգության հարցերով Էրդողանի գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայը:
Այս ձեւաչափը վկայում է, որ Էրդողան-Մատվիենկո հանդիպումը զուտ արարողակարգային չէ: ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի նախագահը սահմանադրությամբ իշխանության հիերարխիայի երրորդ դեմքն է՝ նախագահից և վարչապետից հետո:
Կարելի է ենթադրել, որ Էրդողանը եւ Մատվիենկոն քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունների «վերբեռնման» հետ կապված սկզբունքային հարցեր:
Նույն օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը փաստացի բացահայտել է, որ ուկրաինական կարգավորման բանակցային գործընթացը որպես այդպիսին դադարել է, և «զինված ուժերը իրականացնում են այն գործողությունները, որ հատուկ ռազմական գործողությամբ նախանշել է գերագույն գլխավոր հրամանատարը»:
Այս համատեքստում ուշագրավ է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, որ Ուկրաինային եվրոպական երկրների կողմից ցուցաբերվող աջակցությունը «նրանց միայն մոտեցնում է Ռուսաստանի հետ դիմակայությանը»:
ՌԻԱ Նովոստին այդ առթիվ գրել է, որ եթե հաստատվի, որ Ֆինլանդիան և Մերձբալթիկայի երկրները «ուկրաինական ԱԹՍ-երին օդային միջանցք են տրամադրում, ապա Ռուսաստանը համարժեք պատասխանը չի ուշացնի»:
Որքանով հասկացվում է «Ռամշտային ձևաչափի» վերջին հանդիպման մասին տեղեկատվական հոսքերից, Թուրքիայի պաշտպանության նախարար Գյուլերը թեև հեռավար մասնակցել է քննարկումներին, բայց ընթացիկ տարում Ուկրաինային սպառազինությունների և ռազմամթերքի մատակարարման որևէ անոնս չի արել:
Ինչ վերաբերում է թուրքական «Բայրաքտար» ԱԹՍ-երին, որ պատերազմի առաջին փուլում շոշափելի դերակատարություն են ունեցել, Ուկրաինայի ներկայիս սպառազինվածության առումով այլևս որոշիչ նշանակություն չունեն:
Այս ֆոնին «Կոմերսանտը» անդրադարձել է Կենտրոնական Ասիայում Թուրքական պետությունների կազմակերպության «անվտանգային շենգենյան գոտի» ձևավորվելու «մեծ հավանականության» հարցին:
Որքան էլ արտառոց չհնչի, հրապարակման տոնայնությունը ոչ միայն խիստ չէ, այլև հանդուրժողական է: Հեղինակը միայն ընդգծել է, որ «Ռուսաստանը պետք է հաշվի նստի այդ հեռանկարի հետ»:
Խոսքը մի նախագծի մասին է, որ թուրքախոս երկրների, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ Ղազախստանի, փորձագիտական շրջանակներում ստացել է «Թուրանական ՆԱՏՕ» պայմանական անվանումը:
Տպավորություն է, թե Ռուսաստանը դեմ չէր լինի, եթե այդ կառույցի հետ ունենար դաշնակցային համագործակցություն: ՀԱՊԿ-ի անցյալ տարվա գագաթաժողովում Ռուսաստանի նախագահ Պուտինը հռչակել է «եվրասիական անբաժանելի անվտանգային համակարգ» ստեղծելու առաջնահերթություն:
Պատակա՞ն է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը դաշնակցային համագործակցության վերադառնալու մասին հայտարարել են Էրդողան-Մատվիենկո բանակցությունների նախօրեին, իսկ վերջինս Թուրքիայի նախագահից առաջ հանդիպել է Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակ Գաֆարովայի հետ:

Բաց մի թողեք
ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները «իջել են զրոյական մակարդակի»
Հարստացված ուրանի պաշարները Միացյալ Նահանգներին հանձնելու Իրանի «պատրաստակամության» մասին
Ռուսաստանը և Ադրբեջանը հարաբերությունները վերադարձրել են դաշնակցային գործընկերության մակարդակի