27/07/2024

ԼՂ խնդրի «ծանրաձողը» ոտքներին գցած հայրերի ու ծանր քաշ բարձրացնել փորձող որդիների մասին. Լուսանկար

Երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը ԱԺ-ում արտաքին քաղաքական թեմաներով մտավարժանքներից զատ, ինչպես հայտնի է, նաև զբաղվում է մարմինը, մկանները վարժելով և պրոցեսին մասնակից է դարձնում նաև ֆեյսբուքյան իր էջի հետևորդներին։

Կրտսեր Քոչարյանը, ինչպես երևում է, ուղնուծուծով լինելով պրոռուսական, ՌԴ-ի հետ առճակատման մեջ գտնվող երկիրը՝ ԱՄՆ-ն, ներկայացնող հայտնի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր Eminem-ի արվեստի սիրահար է։ Ոչինչ, ինչպես ասում են ռուսները՝ «искусство сближает»:

Ամերիկացի երաժիշտի կատարումների ուղեկցությամբ է նա ֆեյսբուքում «սթորիներ» թողարկում, որոնցից մեկում էլ արցախափրկիչ պատգամավորը պառկած դիրքում 150 կիլոգրամ քաշով ծանրաձող է բարձրացնում, այն էլ… միանգամից երեք անգամ։ Հարց է ծագում՝ ինչո՞վ է պակաս Սիրուշոյի «Պրեգոմեշ» երգը, որ հենց դրա ռիթմիկ երաժշտությունը չի ուղեկցում պարոն Քոչարյանի մարզումները և կամ ուղևորությունները։ Ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա։

Օրերս էլ կրտսեր Քոչարյանը Արտաշատ կատարած այցելությունից հետո էր նույն երգչի կատարումներից մեկի ուղեկցությամբ «վիդեոբարև» թողարկել, որտեղ ողջունում է իրեն հանդիպելու եկած, ինչպես արտաշատցիները կասեն՝ «թաքուբիր» քաղաքացիներին։
Վերադառնալով 150 կիլոգրամանոց ծանրաձողը բարձրացնելուն՝ նշենք, որ այն նախկին նախագահի որդուն մատուցում է նրա հոր նախկին ենթակայի՝ արտգործնախարար Վարդան Օսկանյանի կրտսեր որդին՝ Արման Մինաս Օսկանյանը։ Վերջինս, ի դեպ, ներկայացնում է ՀՀ ուժային եռամարտի ֆեդերացիան (որի նախագահը Լևոն Քոչարյանն է)։ Նախկին նախարարի որդու Ինստագրամի, Ուժային եռամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում թողարկված լուսանկարներն ու տեսագրությունները հուշում են, որ ի դեմս կրտսեր Օսկանյանի՝ գործ ունենք բոյով-բուսով, ջլապինդ երիտասարդի հետ, որին, ի դեպ, մեկումեջ կարելի էր տեսնել 2022-ի ընդդիմադիր փողոցային պայքարի մասնակիցների շարքում։

Ու մինչ Արման Մինասի հայրը «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերի» հանձնախումբ է ստեղծել ու արցախահայության հայրենադարձության «ռեալ շանսի» խնդիրներով է զբաղվում, նրա կրտսեր որդին իր և ուրիշների մարմնամարզությամբ է զբաղվում։ Գովելի է, հայրենափրկիչներն ու նրանց զավակները պետք է միշտ մարզված, պինդ ու պատրաստ լինեն, որ իրենց հայրիկների հրահանգով անձնուրաց քայլի դիմեն՝ ՀՀ սահմանների ուղղությամբ առաջին իսկ կրակոցի դեպքում նետվեն մարտի դաշտ՝ վասն հայրենիքի ու թշնամու դեմ հաղթանակի։

Ի դեպ, ժամանակին, երբ կրտսեր Քոչարյանի ու Օսկանյանի հայրերն էին սպորտով զբաղվում, պատմությանը հայտնի են մասնավորապես բասկետբոլի նկատմամբ նրանց տածած սիրո մասին փաստեր։ Նրանք ուժային եռամարտով չէին զբաղվում, քանի որ ամբողջ ուժերը կենտրոնացնում էին ԼՂ հարցը լուծելու վրա։ Սակայն, ինչպես պատմությունը փաստեց, նրանք ոչ միայն չլուծեցին, այլև ծանրաձողը գցեցին իրենց ոտքին՝ դրանից բխող հայտնի հետևանքներով։