07/09/2026

EU – Armenia

Ինչ են քննարկելու Փաշինյանն ու Պուտինը Մոսկվայում․ Կրեմլը մանրամասնում է

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ առաջիկայում, սակայն ամսաթիվը դեռևս որոշված ​​չէ։ Նա հստակեցրել է, որ Հայաստանի վարչապետի այցը տեղի կունենա այս տարի։

Մոսկվայում կայանալիք ռուս-հայկական բարձր մակարդակի բանակցությունների գլխավոր թեմաները լինելու են Հայաստանի հետագա զարգացման և կողմնորոշման հստակեցումը, ինչպես նաև այդ հարցի շուրջ հանրաքվեի անցկացումը: Ավելի ուշ պարզաբանել է Պեսկովը։

Հիշեցնենք՝ Պուտինը և Փաշինյանը սեպտեմբերի 1-ին հանդիպեցին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ Շուրջ 1 ժամ տևած հանդիպման առանցքում եղել էին հայ–ռուսական հարաբերություններն ու ՀՀ–ի կողմից ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու հարցը։ Հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում կմեկնի Մոսկվա, որտեղ Պուտինի հետ կշարունակի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների շուրջ քննարկումները։

Ինչպես ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը` ՀՀ վարչապետի՝ ՌԴ կատարելիք այցի հստակ ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով՝ հաշվի առնելով պետությունների ղեկավարների աշխատանքային գրաֆիկները:

Նա անդրադարձել է նաև բիշքեկյան հանդիպմանը․

«Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել Բիշքեկում, և դա շատ կարևոր ու բովանդակալից հանդիպում էր, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետ կապված որոշ կոնկրետ կետեր են նախանշվել։ Եվ համապատասխան գերատեսչությունները զբաղվելու են այդ հարցերով, մշակելու են դրանք»։