«Եթե պետական պաշտոնյան ինչ-որ միջոցառում է կազմակերպում՝ հարսանիք, ծննդյան արարողություն կամ ցանկացած այլ միջոցառում, և հյուրերը ծրարներով նվեր են բերում, հիմա որոշակի շեմը գերազանցելու դեպքում արդյո՞ք դրանք թույլատրելի են, թե՞ ոչ: Պաշտոնյային հրավիրում են որևէ հյուրընկալության, և սեղանի հաշիվը փակում է հրավիրողը՝ ընդունելի՞ է, թե՞ ոչ տվյալ օրենքի շրջանակներում»:
Այս մասին ԱԺ հերթական նիստի ընթացքում իր ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ հարցն ուղելով արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանին:
«Նաև պաշտոնյան ստանում է նվեր, որի արժեքը անհնար է ֆիքսել, ասենք՝ ձեռքով նկարած նկարը, որը կարող է գնահատվել 5 հազարից մինչև 5 միլիոն դրամ, էդ դեպքում ինչպե՞ս պետք է վարվել, և ի՞նչ է լինում, եթե այդ արվեստի ստեղծագործության արժեքը ստանալու պահին այլ արժեք է, բայց, օրինակ, նկարչի մահից հետո դրա գինը աճում է, ի՞նչ պետք է անի պետական պաշտոնյան»։
Փոխնախարարը, պատասխանելով պատգամավորին, նկատեց․ «Հարսանիքին ստացվող նվերներն առանձին հայտարարագրման ենթակա բլոկ է ցանկացած հանրային ծառայողի դեպքում: Այս նախագծով մենք հետագա կարգավորումներ ենք տալիս պետական սեփականություն դարձած նվերների հետագա ճակատագիրը և կառավարումը։ Հյուրասիրությունը ներառված է հնարավոր նվերների ցանկում, կանոնը այն է, թե արդյոք այդ նվերը կապվա՞ծ է հանրային պաշտոնյայի պաշտոնի հետ, այսինքն՝ ողջամիտ կասկած կա, թե արդյոք այդ նվերը տրվո՞ւմ է տվյալ պաշտոնյային կամ ծառայողին պաշտոնական պարտավորությունների կատարման շրջանակներում»։
Ինչ վերաբերում է, օրինակ, արվեստի գործերի հետ կապված խնդրին, ապա, ըստ Կարապետյանի, այդ հարցը կարգավորվելու է պետական արարողակարգի ծառայության միջոցով, որն էլ գնահատելու է նկարի գինը ու դրա հետագա ճակատագիրը։






Բաց մի թողեք
Գործ ունենք բացահայտ ստի ու փաստերի կեղծման հետ
Ինչու ինքնաթիռները չէին կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում
Հայ գործարարների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին․ Ով դու, առաջնորդներից մեծագույնը, առաջնորդների առաջնորդը, խաղաղության խաչասերում ․․․