13/07/2024

Ինչի համար է կարեւոր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունն, ըստ Օ Բրայանի

Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի տեղակալ Ջեյմս Օ Բրայանը, որը հունիսի 10-12-ին Երեւանում էր, ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ ասել է, որ շատ կարեւոր է, որպեսզի Կենտրոնական Ասիայի ռեսուրսները դեպի Եվրոպա տեղափոխող ճանապարհները շրջանցեն Չինաստանն ու Ռուսաստանը:

Օ Բրայանը նշել է, որ դրա համար է կարեւոր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը, քանի որ, ըստ Օ Բրայանի բնութագրման՝ «որ պոտենցիալ խոշոր երթուղին Ադրբեջան-Հայաստան-Թոււրքիա» երթուղին է, թեեւ կա Վրաստանով դեի Սեւ ծով գնացողը:

Ամերիկացի դիվանագետի խոսքում թերեւս այն է, որ Վրաստանը չի դիտվում այսպես ասած հուսալի կամ վստահելի ճանապարհ, հաշվի առնելով Թբիլիսիի ներկայիս քաղաքականությունը: Ըստ այդմ, առավել կարեւոր է դառնում Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա տարբերակը: Բուն հարցն այն է սակայն, թե աշխատանքային ի՞նչ ռեժիմ է պատկերացնում ԱՄՆ Հայաստանով անցնող տարբերակի համար: Երեւանը հայտարարում է, որ կողմ է ճանապարհների այսպես ասած լիարժեք սուվերեն ապարգելափակմանը, երբ ամեն երկրով անցնող ճանապարհ գտնվում է տվյալ երկրի իրավասության ներքո եւ հաղորդակցությունը տեղի է ունենում այնպես, ինչպես բնականոն այլ երկրների պարագայում: Ադրբեջանն ու Թուրքիան սակայն կարծես թե ունեն այլ մոտեցում եւ ակնկալում են «միջանցք»:

Նրանց ակնկալիքը պայմանավորված է նրանով, որ՝ մասնավորապես Թուրքիան հարցը դիտարկում է ոչ միայն լոկ առեւտրային ուղիների տրամաբանության մեջ, այլ աշխարհաքաղաքական ազդեցությունների համար ռազմավարական պայքարի, որտեղ առանցքային դեր ունի «թյուրքական աշխարհի» կառուցումը:

Սա մարտահրավեր է Իրանի ու Ռուսաստանի համար, քանի որ «թյուրքական աշխարհի» թուրքական ռազմավարության առաջխաղացումը Իրանի համար լինելու է աշխարհաքաղաքական ճնշում հյուսիսից, Ռուսաստանի համար՝ հարավից:

Հայաստանը հայտնվել է ահա այս ռազմավարական շահերի բախման խաչմերուկում, որտեղ ռիսկերը կառավարելու համար առաջ է քաշել խաղաղության խաչմերուկի գաղափարը, թեեւ բավականին պարզ է, որ Հայաստանից բացի ըստ էության չկա հավասարազոր խաչմերուկով շահագրգռված որեւէ այլ պետություն եւ բոլորը պայքարում են խաչմերուկի «գլխավոր ճանապարհը» վերահսկելու համար: