21/07/2026

EU – Armenia

Մեռյալ սեզոն շարքից

Հիմա, երբ այլևս քաղաքական ամառ է և Գագիկ Ծառուկյանը խաղից դուրս, արժի հիշեցնել, որ նա այսօր մեկուսարանում չէր լինի, եթե չլիներ Նոր Երկիր կուսակցությունը Բարգավաճ Հայաստանով փոխարինելու որոշումը։

Դա այն ստորաքարշ շրջանն էր, երբ Հայաստանի իշխանության բուրգն ինքն էր որոշում ՝ ով է լինելու իր ընդդիմությունը։ Այդպես են ստեղծվել կեղծ միավորներ Օրինաց երկիրը, Ազգային միաբանությունը, Բարգաված Հայաստանը և էլի մի քանի մանր-մունրներ, որպեսզի քաղաքական մոնոպոլիայի բոլոր օթյակները զբաղված լինեն։ Բայց մինչ Բարգավաճը, շատերը կհիշեն, այդ օթյակի քվոտան տրվել էր իշխանության արքունիքում սև կարդինալին՝ Արտաշես Թումանյանին։

Նա անգամ հասցրեց հավաքագրում սկսել Հայաստանի ինտելեկտուալների որոշակիորեն մաքուր շերտից։ Բայց այդ թափանիվը խափանվեց, տեղի ունեցավ անսպասելին․ Նոր երկրի ծնունդը վիժեցվեց, կամ, եթե կուզեք, արգելվեց։

Արտաշես Թումանյանին խոստացված օթյակը իշխանության քաղաքական բուրգում տրվեց Գագիկ Ծառուկյանին։ Երևի առանձին բացատրության կարիք ունի, թե ինչու որոշվեց արքունիքին հավատարիմ քաղաքական ուսյալին փոխարինել փողի պահեստապետ քաղաքական թերուսով։ Ի դեպ, այդ խոցելի գործիքից ժամանակին լիուլի օգտվեց իշխանությունը Քոչարյանից մարտի մեկի գնով ստացած Հանրապետական կուսակցությունը, որը բավականին անխնա ցինիզմով չեզոքացրեց Գագիկ Ծառուկյանին։

Իսկ դա, պարզվեց, վերջին շանսն էր քաղաքական զոհասեղանից անվնաս հեռանալու համար, էլ չեմ ասում, որ չէր լինի նաև հայ ժողովրդին ու պետությանը վիրավորող Լուկաշենկոյին ծառայելու նրա ճակատագրական սխալը։ Ավելին, չգտնվեց նրան հավատարիմ որևէ մեկը, որ հուշեր հյուսիսի պատանդին, որ կապիտալը նույն հյուսիսի քաղաքական շուկայում ունեցել է Բերեզովսկու, Գուսինսկու, Խադարկովսկու տապալված օրինակներ։

Ի դեպ, այդ առումով ավելի գրոտեսկային է հայաստանյան օրինակը։ Հիշում եք, մեր քաղաքական ճահճի բարգավաճ շրջանում համացանցում մի տեսանյութ հայտնվեց․ առյուծին իր վանդակում որոշում են կենդանի էշ մատուցել, այն հաշվարկով, որ առյուծը տեղն ու տեղը կհոշոտի կենդանուն, իսկ այդ տեսարանը, բացի սադո-մազոխիստական հրճվանքից, պատկերացրեք քաղաքական ինչ ուղերձ կարող էր լինել Հայաստանի քաղաքական վանդակի անհնազանդների համար։

Բայց կատարվեց էլի անսպասելին, ինչպես Նոր երկրի ու Բարգավաճի ընտրության ժամանակ։ Առյուծի վանդակում հայտնված էշն ավելի զորեղ գտնվեց, քան կերած-խմած առյուծը։Կյանքի մահացու վտանգը տեսնող էշի ըմբոստությունից առյուծն այնպես էր խեղճացել, որ այդ անմարդկային դաժանության մեղքը կրողները ստիպված եղան սպանել էշին ատրճանակի հնարավոր բոլոր կրակոցներով։

Դեպքը մոռացվեց-գնաց, մինչդեռ այն ժամանակ եթե ասեիք այդ վանդակում ով էր ի վերջո զոհը, այսօր Մոսկվա-Երևան քաղաքական տրանզիտն այս գինը հաստատ չէր ունենա․․․

Նվեր Մնացականյանի ֆեյսբուքյան էջից