18/07/2024

Վրաստանը կփոխարինվի՞ Հայաստանով, դժվար թե ․․․

Եվրամիությունը կասեցրել է Վրաստանի անդամակցության կարգավիճակը, հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը: «Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանն այս պահին կասեցված է։

Հունիսի 27-ին դա շատ հստակ ասել են Եվրամիության ղեկավարները։ Հոկտեմբերին ընդլայնման մասին զեկույց կհրապարակվի բոլոր թեկնածու երկրների համար, իսկ դեկտեմբերին ԵՄ առաջնորդները կորոշեն հաջորդ քայլերը, բայց ներկա իրավիճակում չեմ պատկերացնում, որ Վրաստանն այս տարի առաջ կգնա, կանցնի հաջորդ փուլ, քանի որ առաջնորդները որոշել են կասեցնել Վրաստանի անեքսիայի գործընթացը և չեն ընդունելու Վրաստանի կառավարության բացատրությունները։

Սպասում են հայտարարել է դեսպանը: Ինչի՞ն են սպասում: Վրաստանում աշնանը կայանալիք խորհրդարանի ընտրությա՞նը: Աշնանը Վրաստանում թերեւս կլինի բավականին թեժ, հատկապես, որ դեսպանը հայտնել է Վրաստանի ֆինանսավորման հարցում ԵՄ 30 միլիոն դոլարի պաշտպանական օգնությունը չեղարկելու մասին, նշելով, որ Բրյուսելը ֆինանսները հիմնականում ուղղելու է Վրաստանի ՀԿ սեկտորին եւ ԶԼՄ-ներին օժանդակելուն:

Հայտնի օրենսդրական նախաձեռնություններից հետո Վրաստան-Եմ, Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների նկատելի սառնությունը կարող է հանգեցնել կովկասյան ռեգիոնում քաղաքական գործընթացների տրամաբանության որոշակի, շոշափելի փոփոխություններին:

Այդ ֆոնին առաջանում է հարց, թե արդյո՞ք Վրաստանի քաղաքականության պայմաններում Արեւմեւտքը առավել ինտենսիվ կդարձնի իր քաղաքականությունը Հայաստանի ուղղությամբ: Այդ ինտենսիվությունը նկատելի է անզեն աչքով, սակայն արդյո՞ք դրա պատճառը Վրաստանի հարցում փոփոխություններն են:

Եթե դրանք չլինեին, Հայաստանի հարցում չէ՞ր լինելու այդ ինտենսիվությունը: Թերեւս լինելու էր, որովհետեւ Հայաստանի հարցը ունի այլ տրամաբանություն եւ այստեղ առանցքայինը Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերության հեռանկարն է, խաղաղության պայմանագիրն ու կարգավորումը, որին ձգտում է Արեւմուտքը, եւ որի նպատակն է այդ կերպ Կովկասում ստատուս-քվոյի հիմնարար փոփոխության հասնելն է:

Այդ իմաստով, Հայաստանն ու Վրաստանը արեւմտյան ռազմավարության համար այսպես ասած «փոխարկելի» գործոններ չեն: Դրանք մի կողմից դիտվում են փոխլրացման տրամաբանության մեջ, մյուս կողմից՝ ունեն իրենց առանձին նշանակությունները, արեւմտյան ռազմավարությունը միմյանցից կախվածության մեջ չթողնելու համար:

Այլ է հարցը, որ Հայաստանն ու Վրաստանն ունեն միմյանցից «կախվածություն»՝ Կովկասում ռազմա-քաղաքական, աշխարհաքաղաքական ստատուս-քվոյի իմաստով: Իսկ սա երկու երկրների խնդիրն է: Թերեւս դրա գիտակցումն էր փետրվարին ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը, բայց խնդիրներն իհարկե չեն լուծվում ստորագրված թղթով, այլ՝ դրան համահունչ բովանդակային քաղաքականությամբ:

Հայաստանի ու Վրաստանի շահից է բխում դրա այնպիսի բանաձեւ գտնելը, որը թույլ կտա խուսափել ճամբարային դիրքավորումների մարտահրավերներից եւ դիրքավորվել ոչ թե իբրեւ ռեգիոնալ ազդեցության օբյեկտ, այլ ռեգիոնալ ապագա ճարտարապետության հարցում ձայնի ներուժ ունեցող սուբյեկտ: