12/06/2026

EU – Armenia

Վերաքվեարկություն լինելո՞ւ է անվավեր ճանաչված երկու ընտրատեղամասերում

Երեկ՝ հունիսի 11-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում, անդրադառնալով թիվ 10 և թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ N 8-Ա և թիվ 10-Ա որոշումներին, անվավեր է ճանաչել Նուբարաշեն թաղամասում գտնվող թիվ 10/51 և Սյունիքի Ագարակ գյուղում գտնվող թիվ 35/65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքները։

Հանձնաժողովը որոշել է այդ երկու տեղամասերում քվեարկության մասնակիցների՝ համապատասխանաբար 1287 և 1315 թիվն արձանագրել որպես անճշտությունների գումարային չափ և զրոյացնել: Թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրական տեղամասերի նյութերը ԿԸՀ-ն ուղարկել է դատախազություն։

Ինչպես նիստի ժամանակ նշել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, այդ տեղամասերում թույլ տրված ընտրախախտումները կարող են ազդել քվեարկության արդյունքների վրա, այդ պատճառով էլ անվավեր են ճանաչվել։

ԿԸՀ-ի այս որոշումից հետո ընտրություններին մասնակցած «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքները և ԲՀԿ-ն հայտարարեցին, որ այդ որոշմամբ փաստացի Վահագն Հովակիմյանն ամեն ինչ արեց, որպեսզի իշխող ուժի համար հնարավորություն ստեղծի սահմանադրական մեծամասնությամբ անցնել խորհրդարան՝ խորհրդարանական ընդդիմությանը նորից զրկելով որևէ գործառույթ իրականացնելու և իշխանությանը հակակշիռ դառնալու հնարավորությունից։

Այդ ուժերի ներկայացուցիչները նշում են, որ երկու տեղամասերում միասին ԲՀԿ-ն ստացել էր 213 ձայն, որոնք քվեարկության արդյունքների նախնական հաշվարկների ժամանակ հաշվի չէին առնվել։ Վերահաշվարկի ժամանակ այդ ձայները վերականգնվել էին, ինչը հնարավորություն էր ստեղծում ԲՀԿ-ի համար հաղթահարել խորհրդարան անցնելու համար սահմանված 4 տոկոսի շեմը, քանի որ դրա համար կուսակցությանն ընդամենը 0,004 տոկոս ձայն էր պակասում։ Ինչն էլ, ըստ ընդդիմադիր ուժերի, դրդել է ԿԸՀ-ին նման քայլի գնալ՝ թույլ չտալով, որ խորհրդարան անցնեն երեք ընդդիմադիր ուժեր և ՔՊ-ին զրկեն սահմանադրական մեծամասնությունից։

Փաստացի ստացվում է, որ ընդդիմադիր ուժերն ահազանգում են այն մասին, որ խնդրահարույց ընտրատեղամասերում նորից ընտրություններ չեն անցկացվելու, և այդպիսով, օրենքների ու Սահմանադրության կոպիտ խախտումով, իշխանությունն իրեն ապահովելու է միանձնյա որոշումներ կայացնելու, սահմանադրական փոփոխություններ իրականացնելու և հանրաքվե անցկացնելու հնարավորություն։

ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը դժվարացավ ասել՝ վերաքվեարկության որոշում կլինի՞, թե՞ ոչ. դա կորոշվի կիրակի օրը՝ քվեարկությունների արդյունքների վերջնական ամփոփման ԿԸՀ նիստի ժամանակ։ Նա չբացառեց, որ հնարավոր է նաև որոշում կայացվի, որ վերաքվեարկություն չի լինելու։ Այս պահին այդ հարցն անորոշ է։