Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Մերցը մտադիր են G7 -ի գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել ուկրաինական կարգավորման իրենց նախագիծը և «հասնել փոխըմբռնման»։
Այդ մասին Bloomberg-ին ասել է «դիվանագիտական երկու քաջատեղյակ աղբյուր»։ «Մեծ յոթնյակի» գագաթաժողովը Փարիզում կգումարվի հունիսի 15-17-ին։ Ավելի վաղ Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետը, Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերը հանդիպել են Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։
Այդ բանակցությունների արդյունքներով տարածված տեղեկատվությունից հետևում է, որ «եվրոպական եռյակը» և Ուկրաինան համաձայն են կրակի և ռազմական բոլոր տեսակի գործողությունների դադարեցմանը, շփման գծի ֆիքսմանը և Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների ամրագրմանը, այդ թվում «կայունացնող ուժերի» տեղաբաշխման միջոցով։
Ռուսաստանի նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը այդ առաջարկությունները «բացարձակապես անընդունելի» է գնահատել։
«Եվրոպական եռյակին» կհաջողվի՞ ԱՄՆ նախագահին համոզել, որ պաշտպանի ուկրաինական կարգավորման «լոնդոնյան նախագիծը», ոչ ոք, երևի, կանխատեսել չի կարող։ Փաստ է, որ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը Վաշինգտոնից «պարզաբանումների է սպասում», թե ի՞նչ առաքելությամբ են Կիև այցելել Թրամփի փեսա Քուշները և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը։ Ի դեպ, նրանց Մոսկվա «առաջիկա այցի ժամկետները դեռևս հայտնի» չեն։
Ուկրաինական ուղղությամբ հնարավոր զարգացումների մասին հնարավոր է ընդհանուր պատկերացում կազմել՝ ելնելով ռուսաստանյան պաշտոնական մամուլի մի շարք հրապարակումներից, որտեղ «կարմիր թելի պես» այն տեսլականն է զարգացվում, որ Իրանի դեմ պատերազմը «բացահայտել է լայնածավալ հակամարտությունից ԱՄՆ խուսափողականությունը»։
ՌԻԱ Նովոստիի մեկնաբանը նույնիսկ ձևակերպել է, որ Թրամփի վարչակազմը «կենտրոնացած է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների վրա և պատերազմ մղելու ցանկություն չունի»։
Պաշտոնական լրատվամիջոցի հեղինակը չի թաքցնում, որ այդ ընտրություններից հետո ԱՄՆ-ը կարող է «վերադառնալ բոլորովին նոր իրավիճակի, որ ստեղծած կլինի» Ռուսաստանը։ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին մնացել է հինգ ամիս։ Երևում է, Ռուսաստանում որոշել են մինչ այդ Ուկրաինայի «հարցերը լուծել»։
Եթե, իհարկե, Դոնալդ Թրամփը «եվրոպական եռյակին» հերթական անգամ մերժի և խորհուրդ տա Ռուսաստանի հետ խնդիրները «կարգավորել սեփական ուժերով»։

Բաց մի թողեք
Ո՞ր կետում կարող էին միավորվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի շահերը
Պուտինը կկազմալուծի ԵԱՏՄ-ն, այն այլևս սպառված կառույց է
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան կայրությունը», իսկ հայերս ․․․