«Սյունիքի մարզպետը իմ ընկերն է եղել, հիմա էլ է իմ ընկերը, վաղն էլ է իմ ընկերը լինելու, և այս ողջ պրոցեսների մեջ մարզպետին կապելը ուղղակի կոռեկտ չէ»։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։
Նա շեշտել է, որ մարզպետը կանգնած է թե՛ Սյունիքի, թե՛ բոլորի կողքին։
Հարցին՝ արդյոք իր դեմ ձեռնարկած գործով փորձո՞ւմ են իրեն լռեցնել, Առուշանյանը պատասխանել է․ «Այս երկիրը այդքան էլ մեծ չէ, բոլորը բոլորին ճանաչում են, չեմ մտածում, որ իմ նկատմամբ նման քայլ կանեն, խնդիր չկա, այլ օրենքի հետ հակասություններ կան»։
Անդրադառնալով հարցին, թե վերջինս նախկինում ընդդիմադիր կեցվածքով է եղել, այժմ ասում են՝ մի բան փոխվել է՝ Գորիսի համայնքապետը պարզաբանել է․
«Մի քանի հարյուր հազար մարդիկ ընդդիմադիր հայացքներ ունեն, հիմա՝ ի՞նչ, բոլորին պետք է դատեն։ Ես կաշկանդվածություն չունեմ իմ գաղափարների մեջ արտահայտվելու։ Իշխանությունների կողմից համագործակցություն, եթե ուզում եք իմանալ, կա։ Եթե քաղաքական գործառույթ լիներ, կցանկանային որևիցե գումարային ներդրում չունենալ մեր տարածքում և դրանով փորձ անել, թե Գորիսում գործերը լավ չեն։ Ամեն դեպքում այսքան ժամանակ չի եղել նման բան, որ ես կոնկրետ ֆիքսեմ, որ Գորիսի հանդեպ ընդգծված վերաբերմունք կա բացասական առումով, ցանկացած մեր ծրագիր ողջունվել է, փորձել են օգնել»։
Նա նաև հերքել է խոսակցությունները, ըստ որոնց՝ վերջինս հնարավոր է որևէ փոխզիջման է գնացել իշխանության հետ․ «Դուք իմ աչքերին ենք նայում ու կարծում եք, որ ինձ տենց բան ասեն, ես դա կընդունեմ։ Հասկանում եմ, որ շատ մարդիկ ուզում են, որ ավելի ինտրիգային իրավիճակ լինի, բայց խնդիրը նրանում է, որ եթե մի բան գոյություն չունի, չի ասվել, պետք չէ այդ ֆորմատով նայել։ Հիմա, երբ մեկը գործի է լինում, սկսում է գովել, թոշակի տարիքը գալիս է, ազատվում է աշխատանքից, դառնում է ընդդիմադիր»։
Նշենք, որ Գորիսում ընթանում է Առուշ Առուշանյանի հետ կապված գործի քննությունը:
Հիշեցնենք՝ Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ նշանակված պատիժը՝ տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը, ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատիժը կրելու ուղարկելու վերաբերյալ:
Քրեական գործը, որի շրջանակներում մեղավոր է ճանաչվել Առուշանյանը, վերաբերում է «պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն»։
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ասել է՝ Առուշ Առուշանյանը կա՛մ հրաժարական պետք է տա, կա՛մ ավագանին լիազորություն ունի այդ հիմքով անվստահություն հայտնելու նրան:
Վերջինս ասել է, որը ինքը ցանկացած պետական սուբյեկտի նկատմամբ հարգանք ունի․ «Ես այդ մարդկանցից ոչ մի ավել քայլ չեմ տեսել, իրենք իրենց գործառույթներն են կատարում, ես էլ իմ իրավունքներն ունեմ։ Պրոբացիայի հետ կապված որևէ ավել կամ պակաս բառ ասելու անհրաժեշտություն չկա»։
Ըստ նրա՝ ինքն այս ֆորմատը չի դիտարկում քաղաքական կոնտեքստում․ «Ես քաղաքականությունով չեմ զբաղվում, որ քաղաքական խնդիրներ տեսնեմ: Երբ երկու տարի առաջ ազատվել եմ այս դատարանից, նույն բառերն եմ ասել, հիմա էլ եմ նույնը ասում։ Շատերի համար ցանկալի է, որ այդ ֆորմատով հանդես գան ու ներկայացնեն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո իմ պայքարը քաղաքական չի եղել, քաղաքական պայքարում են, որ պաշտոն ստանան, ես պաշտոնի համար չեմ պայքարել։ Ես ուզում եմ, որ Գորիսը ավելի լավ սարքվի ու շեն լինի: Կարևոր ֆակտորը, որ մեր քաղաքում գաղտնիք չէ, այն է, որ բազմիցս ունեցել ենք մթնոլորտային իրավիճակ, գորիսեցիները ասում էին՝ «էս քաղաքում ժամը վեցից հետո մարդ դուրս չի գալիս տնից», բայց այսօր երեկոյան ժամերին կարող եք տեսնել, որ քաղաքն այնքան ուժեղ է, մթնոլորտն այնքան կայուն ու ստաբիլ է, որ բոլորն իրենց ընտանիքների հետ զբոսնում են, մարդիկ սիրում են իրենց քաղաքը»:
Հարցին, եթե վերջինս իր հետ կատարվածը չի դիտարկում որպես քաղաքական հետապնդում, արդյոք դրա համար է, որ իր նախկին փաստաբան Արմեն Մելքոնյանն այլևս այս գործով չի զբաղվում, քանի որ նա այս գործը որակել էր քաղաքական հետապնդում և մեղադրել Արդարադատության նախարարությանը, Առուշանյանը նշել է․ «Անձնական խնդիր չկա Մելքոնյանի հետ, գործի բնույթն այլ է, նեղ մասնագիտական մասով, ես կարծում եմ՝ այլ մարդիկ պետք է զբաղվեն գործով, որևիցե խնդիր չկա իր հետ անձնական դաշտում։ Ինքը անձնական տեսակետ է հայտնել, ես էլ այդ տեսակետը չեմ կիսում, բոլորս կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ»։
Անդրադառնալով նաև ընդդիմադիրների այն հայտարարություններին, որոնք հայտնել են, թե Առուշանյանը «տղայական կերպով կոտրվել է»՝ Առուշանյանը նկատել է. «Ով նման հայտարարություն է արել, կհանդիպենք դեռ, անկախ՝ ով է արել»։
Նա նաև կեղծ է համարել լուրերը, թե միացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ «Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ, իմ գաղափարների մեջ չեմ կարող կուսակցական լինել, ես մտածում եմ, որ կուսակցությունը պետք է լինի հայ լինելն ու հայ ազգի շահերը պաշտպանելը»։
Բաց մի թողեք
Անվտա՞նգ է Թեմուում տեղադրել անձնագրի տվյալները. պատասխանում է փորձագետը
Քաղաքական գլխիկներն ասում են՝ գնանք նոր ընտրությունների, միևնույն է, մնալու եք Կոպիրկինի կողքի շենքի հաճախորդ. Խաչատրյան
Մենք չենք ասում, որ այս իշխանությունն անպայման պետք է հեռանա, թող ապաշխարի ու մնա. Միքայել սրբազան