Սեպտեմբերի 2-ին ՀՅԴ Գերագույն մարմինը ԼՂՀ օրվան նվիրված «Վերադարձ» խորագրով միջոցառում է կազմակերպել։ Լրատվամիջոցներից մեկի տեղեկություններով՝ կազմակերպիչները դիմել են կառավարությանը, վերջինս դահլիճ չի տրամադրել, եւ հանդիպման վայր է ընտրվել «Հարսնաքար» ռեստորանային համալիրը։
Ի դեպ, դա այն ռեստորանն է, որտեղ 2012թ. հունիսի 12-ին անվտանգության աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել Հայաստանի ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության սպաներին։ Նրանցից մայոր Վահե Ավետյանն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, ենթարկվել գանգուղեղային վիրահատության։ Երկրորդ վիրահատության ժամանակ նա կոմայից դուրս չի եկել եւ մահացել է։
Թե ինչո՞ւ են կազմակերպիչները ԼՂՀ օրվա «Վերադարձ» հավաքը հենց այդ վատահամբավ «օբյեկտում» կազմակերպել՝ խորհրդապաշտական ենթադրությունների չտրվեք։ Ասում են, որ ճաշակի հարցում չեն վիճում, բայց երկու նկատառում, այնուամենայնիվ, նպատակահարմար է անել։
Միջոցառման անվանումն ինչու՞ «Վերադարձ Արցախ» չէ։ Դա չի՞ նշանակում, որ այն ոչ թե Արցախ վերադարձի, այլ՝ իշխանության վերադառնալու հնարավորության ներկայացում է։ Այսինքն, առաջնահերթությունը ոչ թե հարյուր հիսուն հազար մարդու Արցախ վերադարձնելն է, այլ քաղաքական մի հոսանքի կամ ուղղության վերադարձն իշխանության։
Այստեղ, ինչ խոսք, այպանելի, քննադատելի ոչինչ չկա. ընդդիմությունը միշտ էլ պետք է «իշխանության ծոծրակին շնչի» եւ ցանկացած հնարավորություն, անգամ առիթ օգտագործի, որպեսզի հասնի իր նպատակին։ Բայց ի՞նչ սկզբունքով է ընդդիմությունը գնահատում Արցախի անկմամբ «ստեղծված հնարավորությունը»։
Միջոցառմանը ելույթ է ունեցել ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Քննադատելով իշխանությանը, նա ասել էր, որ ոչ ոք դեմ չէ խաղաղությանը, բայց այն պետք է նվաճել եւ պարտադրել՝ «ինչպես եղել է երկու տասնամյակ»։
Ըստ այդմ, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի «ոսկեդարն» սկսվել է 1998թ. եւ ավարտվել 2018-ին։ (Նոր իշխանության կազմում, ի դեպ, Իշխան Սաղաթելյանը մարզպետ է պաշտոնավերլ)։ Իսկ 1998-ին նախորդած տասնամյակում Հայաստանը «մուրացկա՞ն» է եղել։
Ո՞վ եւ ինչպե՞ս է գլխավորել ղարաբաղյան Շարժումը, Երեւանի կենտրոնում առաջինը բարձրացրել Հայոց եռագույնը, ընդունել անկախության Հռչակագիր, կազմակերպել պաշարված Արցախի ինքնապաշտպանությունը, ծայրահեղ ծանր եւ աշխարհաքաղաքական գերբարդ իրավիճակում պատերազմ վարել, փրկել Արցախը եւ հասել նրան, որ Ադրբեջանը 1994 թ. մայիսի 12-ին հրադադարի անժամկետ համաձայնագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի հետ։
Իր խոսքում Իշխան Սաղաթելյանն ասել է, որ ոչ ոք դրսից չի կարող ստիպել, թե մենք ինչ սահմանադրություն եւ զինանշան ունենք, մեր երեխաներն ինչ դասագրքով են պատմություն սովորում։
Այո, բայց ներսից էլ ոչ ոք իրավունք չունի կեղծելու, խեղաթյուրելու, անդամահատելու անկախ Հայաստանի պատմությունը։ Եվ, գուցե, պատմության նոր դասագրքերն ստեղծվում են, որպեսզի ուրացման երկու տասնամյակների ավերածությունները շտկե՞ն։
Եվ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչը դրանից է անհանգստացած, տագնապում է, որ նոր սերնդին իրականությունը կներկայացվի՞՝ որ Հայաստանի եւ Արցախի հիմնակազմիչ վերագտնումները մեկ տասնամյակի՝ 1988-1998թթ. պատմություն ունեն։
«Կեղծել, կեղծել մինչեւ վերջ» կարգախոսով վերադարձ չի լինի ոչ Արցախ, ոչ՝ իշխանության։
Բաց մի թողեք
Պուտինը ՌԴ-ին արժանի նոր ռազմավարական գործընկեր է գտել
«Հայրենափրկչությունը» դարձել է «մի խումբ ռոմանտիկների» հոբբին, որը վճարվում է ռուսական ռուբլով
«Զանգ ընկերոջը»՝ «Մարտի 1»-ի գործով դատական գործընթացին ընդառաջ