12/10/2024

Մեղրիում Իրանը պաշտպանում է Թավրիզը` դարձյալ աջակից է լինելու Արեւմուտքը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար գեներալ Մոհսեն Ռեզային, որ ներկայումս գլխավորում է այսպես կոչված Նպատակահարմարության խորհուրդը եւ համակարգում ԻՀՊԿ-ի եւ խորհրդարանի միջեւ համագործակցությունը, ՌԴ ԱԳ նախարար Լավրովի մասին ասել է. «Ռուսաստանյան պետական գործչի վարքն անընդունելի է եւ ակնհայտորեն հակասում է Իրանի հետ բարեկամության մասին նրա հայտարարությանը: Այդ երկիմաստությանը պետք է վերջ դրվի»:

Ռուս-իրանական հարաբերությունների բարդությունը խորքային է: Տողերիս հեղինակը մի քանի անգամ նշել է, որ մոտենում է Թուրքմենչայի պայմանագրի 200-ամյակը: Այս առումով հարկ է արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Իրանը պետական վերաբերմունք փոխել է Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակի շուրջ Երեւանում եւ Ստեփանակերտում «հավերժ Ռուսաստանի հետ» կարգախոսով պաշտոնական միջոցառումներից հետո: Եվ նույն տարում՝ 2013-ին, Բաքուն շփման գծում իրավիճակը հասցրել է գրեթե պատերազմականի:

Մենք սիրում ենք ասել, որ ազգային-պետական ինքնության հիմնարար բաղկացուցիչը պատմական հիշողությունն է: Պատմական հիշողություն բոլորն ունեն, մանավանդ՝ Իրանը, որի պետականությունը հազարամյակների, բայց շատ բարդ պատմություն ունի:

Եթե մեկն իրեն նեղություն պատճառի եւ ոչ թե կարդա, այլ փորձի հասկանալ Թուրքմենչայի ռուս-պարսկական պայմանագիրը, ապա հաստատ կզարմանա, թե ինչու՞ այնտեղ առանձին հոդված նվիրված է «Ադրբեջան երկրամասին»: Ըստ պայմանագրի՝ Ռուսաստանը պարտավորվում է «Ադրբեջան երկրամասի» օկուպացիան դադարեցնել որոշակի ժամանակ հետո եւ Թավրիզը վերադարձնել Իրանին:

20-րդ դարում այդ «երկրամասն» Իրանից անջատելու երկու փորձ է արվել: Առաջինը՝ ցարական Ռուսաստանի, երկրորդը՝ Խորհրդային Միության կողմից: Երկու դեպքում էլ ռազմա-քաղաքական ագրեսիայի կազմակերպման կենտրոն հանդիսացել է Ռուսաստանը:

Այդ պայմանագրով Ռուսաստանը ոչ միայն Երեւանի եւ Նախիջեւանի խանություններն է ստացել եւ ճշգրտել սահմանները, Կասպից ծովում ազատ նավագնացության ռեժիմը, այլեւ «Ադրբեջան երկրամասի» նկատմամբ «պրոտեկտորատի իրավունքը»:

20-րդ դարում այդ «երկրամասն» Իրանից անջատելու երկու փորձ է արվել: Առաջինը՝ ցարական Ռուսաստանի, երկրորդը՝ Խորհրդային Միության կողմից: Երկու դեպքում էլ ռազմա-քաղաքական ագրեսիայի կազմակերպման կենտրոն հանդիսացել է Բաքուն: Իրանի դեմ ռուսական ագրեսիայի երկու փորձերն էլ ձախողվել են… Մեծ Բրիտանիայի ջանքերով:

Այսօրվա Ռուսաստանի «տրոցկիզմը» ցանկացած պահի կարող է ակտուալացնել «Ադրբեջան երկրամասի» նկատմամբ Թուրքմենչայի պայմանագրով «պրոտեկտորատի իրավունքը»: Դա փաստացի գրավված, հետո «մեծահոգաբար» Իրանին վերադարված ռեգիոն է, որի նկատմամբ Թեհրանի իրավազորությունը Մոսկվան, ըստ էության, պայմանավորում է իր «բարյացկամությամբ»:

Բուն պատճառը, որ Իրանն ավելի քան մեկուկես տասնամյակ է «հինգ «այո» է ասում» Ռեշտ-իրանական Աստարա երկաթգծի կառուցմանը, բայց այդպես էլ գործնական քայլ չի անում, Թուրքմենչայի պայմանագրում «Ադրբեջան երկրամասին» վերաբերող հոդվածն է:

Հայաստանի քաղաքական ուժերը, փորձագետները եւ վերլուծաբանները վերջին մի քանի օրերին Սյունիքով Ադրբեջան-Նախիջեւան հաղորդակցության ռուսաստանյան նախագծի դեմ Թեհրանի կոշտ հակազդեցության զանազան բացատրություններ են տալիս:

«Հեծանիվ հայտնագործելու» կարիք չկա. Մեղրիում Իրանը պաշտպանում է Թավրիզը, եւ այդ հարցում նրան դարձյալ աջակից է լինելու Արեւմուտքը: