13/10/2024

«Վերադարձ Արցախ»․ կենա՞ց, թե՞ իրական հնարավորություն

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու վերաբերյալ «ԼՂ մի խումբ հայրենակիցների», նախկին պաշտոնյաների կողմից հնչող ձևակերպումները և դրանց բովանդակությունը ոչ իրատեսական են և հակասում են Հայաստանի Հանրապետության պետական շահերին։

«Ինչ վերաբերում է վերադարձի իրավունքին, ես դրա մասին ուզում եմ նաև հետևյալն ասել, որովհետև պարտավոր ենք մենք ուղիղ և անկեղծ բոլոր հարցերի մասին խոսել․ այն ընկալումներով, որոնցով ԼՂ-ի մեր մի խումբ հայրենակիցներ փորձում են ձևակերպել հարցը. ես դա ուղիղ պետք է ասեմ՝ իրատեսական չեմ համարում»,— ասել է վարչապետը և հավելել․ «Այն փաթեթավորումը, այն բովանդակությունը, որ ներկայացվում է, իմ համոզմամբ, հակասում է ՀՀ պետական շահերին: ՀՀ պետական շահը չափում եմ ՀՀ միջազգայնորեն տարածված տարածքներով և իրավազորությամբ: Եվ սա մենք ուղիղ պետք է ասենք»։ 

Սա Փաշինյանի նույնաբովանդակ միակ հայտարարությունը չէ․ Հայաստանի վարչապետն Արցախ վերադարձն առկա ընկալումների պայմաններում ոչ իրատեսական էր համարել նաև ապրիլին՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ընթացքում։ Մասնավորապես, ներկայացնելով մարզային այցերից մի դրվագ, Փաշինյանն ասել էր․ «Մարզային այցելություններից մեկի ընթացքում ինձ մոտեցավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի կին և հարց տվեց, ասաց՝ որքանո՞վ է իրատեսական, որ մենք Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն ունենանք, ու ասաց՝ խնդրում եմ ինձ ուղիղ և անկեղծ պատասխանեք: Ես նրան ասացի՝ ես Ձեզ կպատասխանեմ ուղիղ և անկեղծ, ես ստեղծված իրավիճակում և այն ընկալումները, որոնք գոյություն ունեն մեր տարածաշրջանում, և այն ընկալումները, որ գոյություն ունեն Ադրբեջանում, և այն ընկալումները, որ գոյություն ունեն Լեռնային Ղարաբաղի հայերի շրջանում, այդ ընկալումների պայմաններում ես դա իրատեսական չեմ համարում: Ես ասացի՝ չեմ կարող ես Ձեզ խաբել, որովհետև եթե դա իրատեսական լիներ, Լեռնային Ղարաբաղից տեղահանումը տեղի չէր ունենա»։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է արցախահայերի վերադարձի հարցի հետ կապված Հայաստանում գործող մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների և արցախյան գործիչների դիրքորոշումները։

Արցախահայերի վերադարձի հարցը ակտիվ է պահում ընդդիմությունը, Արցախում երբևէ իշխանության եղած քաղաքական ուժերն ու գործիչները։  Այդ ուժերը արցախահայերի վերադարձի թեմային անդրադառնալիս նախ նշում են նրանց իրավունքների ապահովման, վերադարձի իրավունքը բանակցությունների օրակարգում ներառելու և միջազգային անվտանգության երաշխիքներով վերադարձի մասին։ Առանց պատերազմ Արցախ վերադարձի կոնկրետ քայլերի ու դրանց հաջորդականության մասին առայժմ որևէ ուժ կամ գործիչ ծրագիր չի ներկայացրել։

Վերադարձի թեման աշխուժացավ այս տարվա սկզբին, երբ Արցախի և Հայաստանի մի շարք քաղաքական ուժեր, այդ թվում՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, Հայաստանի հանրապետական կուսակցությունը և այլ ուժեր հայտարարություն էին տարածել՝ Հայաստանի իշխանություններից պահանջելով Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը ներառել արտաքին քաղաքականության օրակարգում։

«Մենք՝ ներքոստորագրյալներս, Հայաստանի իշխանություններից պահանջում ենք արտաքին քաղաքականության օրակարգում ներառել և բանակցային գործընթացի շրջանակում պարտադիր քննարկման առարկա դարձնել Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով Արցախ վերադառնալու հավաքական իրավունքն իրացնելու պահանջը։ Առանց խոչընդոտների և միջազգային երաշխիքներով իր հազարամյակների հայրենիքում ազատ ապրելն Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքն է և դրա նախապայմանը՝ հավաքական վերադարձը, որն ամրագրված է միջազգային հիմնարար կոնվենցիաներով և փաստաթղթերով, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ Արցախի վերաբերյալ կայացված որոշումներով»,— ասվում էր հայտարարության մեջ։

Սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության օրվա առիթով իր ուղերձում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր․  «Նա, ով համարում է, որ հայկական Արցախի էջը փակված է՝ անտեսելով արցախահայության իրավունքն ու վերադարձի հնարավորությունը, անթաքույց սպասարկում է այդ անհեթեթ տեսակետն առաջ մղող թշնամու շահերը, անարգում հանուն Արցախի նահատակվածների հիշատակը, ազատ և անկախ ապրելու համար պայքարած, անասելի զրկանքներ կրած մեր ժողովրդի ճնշող մեծամասնության նվիրական գործը»։ Նախկին պաշտոնյան նաև հավելել էր․ «Արցախի հարցը պետք է վերադառնա միջազգային հարաբերությունների օրակարգ: Բավարար ջանքեր գործադրելու, հնարավոր բոլոր միջոցներով նպատակային աշխատանք իրականացնելու պարագայում կարող ենք հաջողության հասնել»։

Իսկ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունների ոչ աջակցության պայմաններում Արցախ վերադառնալը դժվար է, բայց պետք է պայքարել։

«Արցախի էջը փակ չէ՝ հաշվի առնելով երեք հանգամանք։ Մենք պետք է հասկանանք, որ հակամարտությունն ավարտված չէ, Ադրբեջանի հանցագործ գործունեությամբ անցած տարվա սեպտեմբեր ամսին Արցախի հայաթափմամբ իրականացվել է ցեղասպանություն։ Այսինքն՝ հակամարտությունն ավելի է խորացել։ Երկրորդ, Արցախի սուբյեկտայնությունը պետք է պաշտպանել, պաշտպանել այն առումով, որ Արցախի բոլոր ինստիտուտները, կառավարման ամբողջ համակարգը իրենց գործունեությունը շարունակեն Արցախի ժողովրդի կարգավիճակի և ամենակարևորը՝ հետ վերադարձի պայմանների՝ հատկապես միջազգային անվտանգության երաշխիքների շրջանակներում։ Եվ այդ առումով Արցախի ճակատագրի վերաբերյալ բանակցությունները՝ գոյություն ունեցող ձևաչափով և այլ նոր ձևաչափերով, որոնք հայ ժողովուրդը կընտրի և արցախահայությունը կընտրի, այլընտրանք չունեն»,- նշել էր Օհանյանը։

Նույն օրը «Հայ հեղափոխական դաշնակցության»՝ «Վերադարձ» խորագրով միջոցառմանը ևս շատ էր խոսվել Արցախ վերադառնալու մասին։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ արցախյան հակամարտությունը կարգավորված չէ․ «Առաջին բանը որ մենք, որպես ազգ և պետություն, պետք է ասենք աշխարհին․ Արցախյան հակամարտությունը կարգավորված չէ՛, Ադրբեջանը չի՛ կարող ուժով և ուժի սպառնալիքով հարցեր լուծել տարածաշրջանում, մենք երբեք չե՛նք հաշտվելու դրա հետ։ Արցախահայերի հայրենիք վերադարձի իրավունքի պաշտպանությունը պետք է դառնա համազգային նոր ուղենիշ։ Արցախցին իրավունք ունի ապրելու սեփական հայրենիքում։ Հենց այս հարցն է, որ պետք է ներառել բանակցային օրակարգում։ Նաև՝ Արցախի պետական ինստիտուտները պետք է պահպանվեն, պետք է ապահովվի Արցախի ժողովրդի ընտրության արդյունքում ձևավորած իշխանության մարմինների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։ Արցախի ժողովրդի կողմից ձևավորած պետական ինստիտուտներն են, որ պետք է դառնան Արցախ վերադարձի իրավունքն առաջ տանող առաջնային սուբյեկտները։ Հենց նրանք պետք է սահմանեն այն իրավունքները, որն անհրաժեշտ է արցախցուն իր հայրենիքում ապրելու, և այն անվտանգությունը, որը բավարար է այդ իրավունքների ապահովման համար»։

Այս պահին ընդդիմադիր դաշտում ակտիվ «Տավուշը հանուն հայրենիքի»  շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դեռևս մայիսին էր իր հետևորդներին խոստանում՝ «Ոսկեպարով գնալ դեպի Արցախ»։ Տևական ժամանակ Գալստանյանն այս կարգախոսը չէր հնչեցրել։ Սակայն սեպտեմբերի 2-ին Արցախի ներկայացուցչությունում բացված մատյանում նա գրել էր․ «Ոսկեպարով Արցախ», իսկ արդեն «Եռաբլուր» պանթեոնում հայտարարել․ «Արցախցիների վերադարձը շատ իրատեսական է։ Մենք պատկերացնում ենք, որ այդ հարցը պետք է ներառվի բանակցային օրակարգում, միջազգային անվտանգության երաշխիքներով, բայց այս պահին բանակցություններ գոյություն չունեն»։

Արցախում երբևէ պաշտոն զբաղեցրած գործիչներն Արցախ վերադարձը պատկերացնում են ինքնորոշման իրավունքի ճանաչման ներքո։

«Արցախ վերադարձը հնարավոր կլինի միջազգային երաշխիքներով», — նման կարծիք է հայտնել 2023 թ․ սեպտեմբերի 9-ին Արցախի Ազգային ժողովի կողմից Արցախ նախագահ ընտրված Սամվել Շահրամանյանը՝ Արցախի անկախության օրվա առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կայացած ճեպազրույցում։

«Մեր վերադարձը հնարավոր կլինի միջազգային երաշխիքներով՝ արժանապատիվ, արդարացի և, ամենակարևորը, մենք պիտի ապահով զգանք մեզ մեր հայրենիքում։ Եթե այդ չափանիշներն ապահովվեն, մենք պատրաստ ենք նաև բանակցել այդ հարցերը շուտափույթ լուծելու համար»,- հավելել էր Շահրամանյանը։

Գեղամ Ստեփանյանը, որը Արցախում Մարդու իրավունքների պաշտպան էր, լրացրել է Շահրամանյանին՝ ընդգծելով, որ վերադարձի իրավունքն առանց ինքնորոշման իրավունքի ճանաչման կամ դրա հետ փոխկապակցման անհնար է․

«Այս պահին առաջնահերթություն, որպես այդպիսին, հռչակում ենք վերադարձի իրավունքի թեման օրակարգ մտցնելը՝ հետագայում արդեն այդ սեղանի շուրջ քննարկելու այն բոլոր տարբերակները, այն բոլոր հնարավորությունները, որոնք ժամանակի ընթացքում կարող են առաջանալ։ Վերադարձի իրավունքն առանց ինքնորոշման իրավունքի ճանաչման կամ դրա հետ փոխկապակցման ուղղակի անհնար է, հակառակ պարագայում 5-6 օրվա ընթացքում չէինք ունենա դատարկված Արցախ»։

Նկատենք՝ 2024 թվականի հունվարին ձևավորվել է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը, որի առաջնորդությունը ստանձնել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

Օրերս Արցախի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Օսկանյանն ասել էր, որ կա հնարավորություն իրացնելու արցախահայության վերադարձի իրավունքը։

Ավելացնենք նաև, որ 2024 թ․ մարտի 12-ին ընդունված բանաձևով Եվրախորհրդարանը կոչ էր անում Ադրբեջանին համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ մտնել արցախահայության հետ՝ ապահովելու նրանց իրավունքների հարգումը և երաշխավորելու նրանց անվտանգությունը, ներառյալ՝ իրենց տները վերադառնալու և այնտեղ արժանապատիվ ու անվտանգ ապրելու իրավունքը միջազգային ներկայության պայմաններում։

Այսպիսով, Արցախ վերադարձի մասին խոսելիս տարբեր քաղաքական գործիչներ նշում են վերադարձի իրավունքի թեման բանակցությունների օրակարգ մտցնելու և միջազգային երաշխիքներով վերադարձի առաջնահերթությունը՝ առանց մատնանշելու գործնական քայլեր։

Սյուզաննա Համբարձումյան