ՌԴ ԱՀԾ մամուլի և հանրության հետ կապերի բյուրոն հանդես է եկել խորհրդային ՏԱՍՍ գործակալության ոճի հայտարարությամբ:
Ըստ այդմ՝ «ԱՄՆ կուրատորների մատուցմամբ Կիևի ռեժիմը ծրագրում է Ռուսաստանին դավաճանել, որպեսզի հրթիռային հարված հասցնի քաղաքացիական օբյեկտի, հիվանդանոցի կամ մանկապարտեզի, ինչը կհանգեցնի խաղաղ բնակչության և երեխաների շրջանում մեծաթիվ զոհերի»:
Սերգեյ Նարիշկինի «կոնտորայի» գնահատմամբ՝ այդ «սադրանքը հետապնդում է միանգամից մի քանի նպատակ»: Նախ, Արեւմուտքը «կհիմնավորի Ռուսաստանի խորքում հեռահար հրթիռներով թիրախներ խոցելու թույլտվությունը»: Կիևում կամ ուկրաինական վերահսկողության այլ քաղաքում քաղաքացիական օբյեկտին Ռուսաստանի հարվածի համար «կմեղադրվեն Իրանը և Հյուսիսային Կորեան, որ, իբր, բալիստիկ հրթիռներ են մատակարարում», և «կխստացվեն այդ երկրների դեմ պատժամիջոցները»:
Ամենակարևորը, ըստ ՌԴ ԱՀԾ-ի, այդ դեպքում Ուկրաինան կստանա «Գլոբալ հարավի օժանդակությունը»: Արտաքին հետախուզական ծառայության այս հայտարարությունը վկայում է, որ նշված ուղղություններում Ռուսաստանը լրջագույն խնդիրներ ունի:
Մոսկվային այդպես էլ չի հաջողվում որևէ ձևաչափով հակաուկրաինական-հակաարևմտյան կոալիցիա ձևավորել կամ գոնե հասնել նրան, որ արևմտյան երկրներում Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու դեմ հանրային բողոքի ալիք բարձրանա:
Դրանում, անկասկած, մեծ է ԱՀԾ թերացման հանգամանքը: Բայց նշված հայտարարությունը չափազանց խոցելի է ամենից առաջ քաղաքական առումով. պատերազմում մարդասիրական ճգնաժամ ստեղծելու և այն որպես լծակ օգտագործելու մեղադրանք առաջադրելով Կիևին՝ Մոսկվան ըստ էության հնարավորություն է ընձեռում, որպեսզի ուկրաինական քարոզչությունն էլ իրեն մեղադրի Դոնբասում կամ նույնիսկ Կուրսկում նույն ձեռագրով գործելու մեջ:
Տրամաբանությունը հուշում է, որ եթե կողմերից մեկը մյուսին նման մեղադրանք է վերագրում, ապա նույնը կարող է ինքն ունենալ՝ այն հիմնավորումներով, ինչ Ռուսաստանի ԱՀԾ-ն վերագրում է «Վաշինգտոնի կուրացիայով գործող Կիևին»:
Պատերազմի երկուսուկես տարիների ընթացքում Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ ուկրաինական այս կամ այն քաղաքի բնակելի շենքը տուժել է Կիևի «հակաօդային պաշտպանության համակարգի ոչ ճիշտ հաշվարկի հետևանքով»: Այսօր արդեն տեղեկատվական ֆոն է ստեղծվում, որ Զելենսկու «խունտան» կարող է հինդանող կամ մանկապարտեզ հրթիռակոծել և ներկայացնել, որ դա ռուսական կողմն է արել:
Սա շատ վտանգավոր է ամենից առաջ Ռուսաստանի խաղաղ բնակչության համար: Մամուլում բազմիցս քննարկվել է վարկած, որ չեչենական երկրորդ պատերազմում Ռուսաստանի ԱԴԾ-ն մի շարք քաղաքներում «ահաբեկչական գործողություններ է իրականացրել, որպեսզի հանրությունն ատելությամբ լցվի չեչեն զինված խմբավորումների նկատմամբ»:
Գրեթե նույնը, բայց ուկրաինական հանրության վերաբերյալ, ասված է ՌԴ ԱՀԾ հայտարարության այն ձևակերպմամբ, որ «խաղաղ բնակչության շրջանում մեծաթիվ զոհերը կարող են բարձրացնել Ուկրաինայի զինված ուժերի մարտական ոգին»:
Ոչ ոք, անշուշտ, չի փոխել «պատերազմում՝ ինչպես պատերազմում» սկզբունքը, որը նշանակում է, որ հակառակորդին հաղթելու համար բոլոր միջոցների կիրառումը արդարացի է: Ռուսաստանի տեղեկատվական քաղաքականությունը կառուցված է այդ հենքի վրա:
Արտառոց է, որ դրան միանում է Արտաքին հետախուզության ծառայությունը, ինչը թույլ է տալիս երկու հետևություն անել. այս «կոնտորան» կամ հիմնականում ձախողվել է և անցել է քարոզչության, կամ Ռուսաստանը մտադիր է Ուկրաինայում կրկնել Ստալինյան հատուկ ծառայությունների փորձը, երբ ֆաշիստական արտահագուստով խորհրդային հատուկ նշանակության ջոկատներն օկուպացված տարածքներում վայրագություններ էին գործում, որպեսզի բնակչության շրջանում գերմանացիների դեմ ատելություն բորբոքեն:
Բաց մի թողեք
ԱՄՆ-ն և Եվրամիությունը կզիջե՞ն դիրքերը, թե՞ Մեծ Բրիտանիայի միջոցով կհավասարակշռեն ազդեցության ոլորտները
Եվրոպական կառույցները «կրակը կուղղե՞ն Ալիևի վրա»
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հեռանկարի տեսանկյունը