Հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի երկրորդ օրը, ինչպես և սպասվում էր, կայացել են «Ադրբեջանում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների իրավիճակի վատթարացման մասին» քաղաքական քննարկումներ:
Որպես հիմնական բանախոս՝ հանդես է եկել ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով զեկուցող նորվեգացի պատգամավոր Լիզ Քրիստոֆերսենը: Նա հայտարարել է, որ, լինելով ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով զեկուցող, զրկված է ոչ միայն այդ երկիր մուտք գործելու, այլև տեղում գործող սակավաթիվ կառույցների և անձանց հետ կապ հաստատելու հնարավորությունից:
Գրեթե բոլոր ելույթ ունեցողներն անդրադարձել են Ադրբեջանում բռնությունների նոր ալիքին, որ սկսվել է անցյալ տարեվերջին և շարունակվում է: Հատկապես կարևորվել է էթնիկ թալիշ Իգբալ Աբիլովի և Բահրուզ Սամեդովի կալանավորումը, որ տեղի է ունեցել նրանց հակապատերազմական բնույթի հրապարակումների պատճառով:
Ընդգծվել է, որ Ադրբեջանի կառավարությունը ԵԽԽՎ-ին Միլլի մեջլիսի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելության չի հրավիրել այն պատճառով, որ վեհաժողովն անդրադարձել է անցյալ տարի Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների զանգվածային խախտումներին և պաշտպանել այդ տարածաշրջան հայ բնակչության վերադարձը:
Ամփոփելով բանավեճը՝ Լիզ Քրիստոֆերսենը հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունից որևէ առանձին քաղբանտարկյալի ազատ արձակում պահանջելն անիմաստ և անբավարար է: Նա Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին և ԵԽ գլխավոր քարտուղարին հորդորել է սահմանել հստակ պահանջներ և ժամանակացույց:
«Եվրոպայի խորհրդի դռներն Ադրբեջանի առջև չեն փակվում, բայց Ադրբեջանը պետք է հարգի ԵԽ սկզբունքները և արժեքները, միայն այդ դեպքում է հնարավոր «ԵԽԽՎ-ում վերահաստատել ադրբեջանական պատվիրակության մանդատը»,– հայտարարել է գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբը:
ԵԽԽՎ քննարկումները, այսպիսով, արձանագրել են Ադրբեջանում մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության իրավիճակի աննախադեպ վատթարացում: Հնչել է առաջարկություն, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Ադրբեջանից պետք է պահանջի բարեփոխել կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-երի մասին օրենսդրությունը:
Պաշտոնական Բաքուն ԵԽԽՎ այս քննարկումներին դեռևս չի արձագանքել, բայց կարելի է պատկերացնել, թե ինչ ոճի և բնույթի հայտարարություն է տարածելու ԱԳՆ խոսնակ Հաջիզադեն:
Իհարկե, ԵԽԽՎ քննարկումները Բաքվի համար դատավճիռ չեն: Ոչ ոք ակնկալիք չունի, որ Ադրբեջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության իրավիճակի դրական փոփոխություն է լինելու:
Խնդիրն այն է, թե այդ բանավեճն ի՞նչ սկզբունքային տարաձայնություններ է բացահայտում, որ աշխարհակարգում է դիրքավորվում Ադրբեջանը: Եվ արդյոք դա վերջնական կողմնորոշո՞ւմ է: Եվրոպան Բաքվի հանդեպ գործնական խստություն կցուցաբերի, եթե Ալիևը տրորի նրա աշխարհաքաղաքական շահը: Բայց Եվրոպան միասնական չէ: Առայժմ Ալիևին հաջողվել է «բալանասավորվել» շահի և եվրոպական արժեքների պահպանման միջակայքում:
Բաց մի թողեք
Այլևս չկա բավարար միջազգային հետաքրքրություն՝ Հայաստանի COP 29-ին մասնակցության շուրջ
Միջազգային հարաբերություններում ԱՄՆ դերն, ազդեցությունը ու Հայաստանը, հայերը
Հասարակության մոտ մեծածավալ կոռուպցիայի առկայության տպավորությունը կփարատվի ձերբակալություններով