13/11/2024

Վերջին 7 օրում կորոնավիրուսի դեպքերն աճել են

Սուր շնչառական վարակները աշխարհում ամենատարածված հիվանդությունների խումբ է, որոնց հարուցիչները հիմնականում վիրուսներն են՝ ներառելով գրիպի, ռեսպիրատոր սինցիտյալ վիրուսը, ադենովիրուսը, բոկավիրուսը և այլ վիրուսային հարուցիչներ։

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ սուր շնչառական վարակների տարածման միտումների բացահայտման նպատակով իրականացված շաբաթական մոնիթորինգի արդյունքում 2024թ-ի թվականի 41-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն, հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 1.2 անգամ, ինչը համահունչ է սեզոնի նշված ժամանակահատվածին, իսկ նախորդ շաբաթվա միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 1.1 անգամ։ Դեպքերի 71%-ը կազմել են 0-18 տարեկանները։

«Դետքային համաճարակաբանական դիտարկման շրջանակներում նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում գրիպի վիրուսներ չեն հայտնաբերվել։

Այլ շնչառական վարակներից հայտնաբերվել են ռինովիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-Cov-2 հարուցիչներ։

Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրված կորոնավիրուսային հիվանդության դեպքերը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 22.5%-ով, իսկ 14 օրվա ընթացքում արձանագրված դեպքերը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 31%-ով:

Սուր շնչառական վարակներով, չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով Առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է.

Պատվաստվե՛ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով առաջնային առողջության պահպանման կազմակերպություն,

. խուսափե՛ք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից,

. եթե հիվանդ եք՝ մնացե՛ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ աշտանշաններով երեխաներին մի՛ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,

. եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ,

. մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,

. հագնվե՛ք եղանակին համահունչ,

. պահպանե՛ք հազի և փռշտալու վարվելակարգը,

. օգտագործե՛ք հնարավորինս շատ հեղուկներ,

. հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները,

. հետևեք անձնական հիգիենային»,- ասվում է հաղորդագրության մեջ: