«ՔՊ-ում չկան թևեր, կա մեկ թև՝ Նիկոլ Փաշինյանի թևը»,-լրագրողների հետ զրույցում, ի պատասխան ներիշխանական ինտրիգների մասին հարցերին, արձագանքել է այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը:
Իսկ այդ իտրիգները կարծես թե թակում են պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի դուռը, որը մինչ այդ ինքն էր մամուլում դիտարկվում ինտրիգների «հրամանատար»:
Նիկոլ Փաշինյանը կգնահատի՞ խմբակցության ղեկավարի՝ իր հասցեին այդ ռևերանսը, թե՞ ոչ, միարժեք բարդ է ասել, սակայն մի բան է կասկածից վեր, որ թևերի գոյությունը որևէ մեկի ասելով կամ չասելով չէ:
Չկա իշխանություն, չկա կառավարող համակարգ, որտեղ չկան թևեր, չկան միմյանց հետ թե՛ գերատեսչական, թե՛ ներթիմային այլ տրամաբանությամբ մրցակցող խմբեր: Դա իշխանություն երևույթի, օրգանիզմի անբաժանելի մասն է: Բնական է, որ այդ թևերի գոյությունը չի խոստովանելու ոչ ոք, և առաջին հերթին այդ գոյությունը հերքելու են հենց իրենք՝ «թևերը»: Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանի համար խնդիրը դրանց գոյություն չէ:
Ավելին, Փաշինյանն ինքը, թերևս, որոշակիորեն խթանում է ներիշխանական մրցակցություն, ներիշխանական բախումներ, հակադրություն: Դա ունի նվազագույնը երկու պատճառ: Նախ՝ այդ կերպ Փաշինյանը, թերևս, փորձում է թույլ չտալ ներիշխանական լճացում, որին հաջորդելու է ճահճացումը: Հետևաբար, քանի որ ներքաղաքական դաշտում չկա այնպիսի մրցակից, այնպիսի մարտահրավեր, որը միշտ զգոն կպահի իշխանությանը, այդ զգոնությունը Փաշինյանը փորձում է ապահովել ներիշխանական «մրցակցություն» խթանելով:
Այլ կերպ ասած, Փաշինյանը փորձում է «թափահարել» ՔՊ թևերը, այն դեպքում, երբ ՔՊ-ն ինքը հակված է գլուխն ամբողջությամբ Փաշինյանի ուսին հենելուն: Միևնույն ժամանակ, այդ կերպ նա լուծում է ոչ միայն զգոնության, այլ նաև իշխանական բուրգի գագաթում իր ամրության հարցը: Եթե ներիշխանական թևերը «կռվում» են, նրանց մոտ սրվում է «արբիտրի» կարիքը:
Արդարադատության նախարարի պաշտոնի շուրջ ոդիսականը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է հաստատվել որպես արբիտր, որն առայժմ ավելի շատ դժգոհություն է հայտնում իշխանության տարբեր խմբերից, քան կայացնում որոշումներ:
Բոլոր դեպքերում, սակայն, միմյանց հետ ավելի լարված հարաբերության ու առավել նկատելի բախվող շահերի պարագայում այդ խմբերի մոտ սրվում է հենց Փաշինյանի կարիքը, որովհետև նրանց համար շատ բարդ է որևէ մարդ փնտրել իշխանությունից դուրս:
Բևեռացվածությունը, մեղմ ասած, այն աստիճանի չէ, որը թույլ տա հուսալ իշխանությունից դուրս կոմպրոմիսի հաջողված փնտրտուք:
Բաց մի թողեք
Ալիևը կրկնել է նախավաշինգտոնյան թեզերը
Դուրս կմնա՞ Հայաստանը «միջանցքային» խաղերից …
Հայ-ադրբեջանական կարգավորման դեպքում ջրային հարցը կարո՞ղ է բազմակողմ քննարկման առարկա դառնալ