04/12/2024

Պաշտոնապես ներկայացվեցին թվեր, որ անգամներով մեծ են նախկինում պաշտոնապես հրապարակված թվերից

Հենվելով պետական տարբեր գերատեսչությունների եւ պաշտոնյաների տարբեր ժամանակներում հրապարակած թվերի վրա.

Հոկտեմբերի 3-ին «Հրապարակը» գրեց, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը տապալվել է։ Թավշյաներն իրենց հարիր պահվածքով լռեցին։ Հո չէին ասելու, նախկիններն են մեղավոր։ Այս հրապարակումից 20 օր անց Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, քննարկվեց «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի կատարման ընթացքը:

Պաշտոնապես ներկայացվեցին թվեր, որ անգամներով մեծ են նախկինում պաշտոնապես հրապարակված թվերից։ Օրեր առաջ էլ, հոկտեմբերի 29-ին, նույն թվերը ներկայացրեց կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Բյուջե-2025-ի նախագծի քննարկման ժամանակ։

Այսպես. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանը սեպտեմբերի սկզբին ասել է, որ աշխատանքներն ավարտվել են 28 դպրոցում, 24-ում կավարտվի 2024-ին, 110 դպրոցում աշխատանքն ընթացքի մեջ է։ Մանկապարտեզների մասին բան չի ասել։ Քսան օր անց, նշված խորհրդակցության ժամանակ, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտարարում է, որ ընդհանուր առմամբ ավարտվել կամ իրականացման տարբեր փուլերում են գտնվում 223 դպրոցի եւ կրթահամալիրի կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները: 157 մանկապարտեզում աշխատանքներն ավարտվել են։ Իսկ սրանից էլ մեկ շաբաթ անց Ժաննա Անդրեասյանը նույն թվերն է հրապարակում Բյուջե-2025-ի նախագծի քննարկման ժամանակ։ Երեք պաշտոնյա` իրարից խիստ տարբերվող թվեր են հրապարակում։ Ավելին, ամռանը Տիգրան Խաչատրյանն իր օգնականներ Էդուարդ Անաստասյանին, Արսեն Թարզյանին, ռեֆերենտ Ավետիք Դարբինյանին գործուղում էր տարբեր մարզեր եւ որոշման մեջ գրում՝ «Մինչեւ 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»։ Ոչ մի խոսք մանկապարտեզների մասին։

•    Որտեղի՞ց ծլեցին 157 նորոգված մանկապարտեզը։
•    Ինչո՞ւ են Տաթեւիկ Ստեփանյանն ու Տիգրան Խաչատրյանը նախկինում կեղծ թվեր ներկայացրել, թաքցրել նորոգված մանկապարտեզների թիվը։
•    Ինչո՞ւ չեն պատժվում կեղծ թվեր հրապարակած պաշտոնյաները։
•    Անգամ մեկ քմ ասֆալտի տեղը միլիմետրերի ճշտությամբ հրապարակող Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ հասցեական չի խոսում, այլ ընդհանուր թվեր է բարձրաձայնում։
•    Վերջապես ե՞րբ եք հասկանալու որ անկարող, անտեղյակների խմբակ եք եւ հեռանաք։

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ