03/12/2024

Ողբերգական դեպք գազալցակայաններից մեկում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Նոյեմբերի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրազի փողոցի 1/1 հասցեում գործող գազալցակայանում քաղաքացի է հոսանքահարվել, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամանել են մի խումբ իրավապահներ:

Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվոել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ նշված գազալցակայանից, հոսանքահարվելու հետևանքով, շտապօգնության բժիշկների թիվ 22 խումբը «էլեկտրահարություն, կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մոտ 35 տարեկան անհայտ տղամարդու, ով գիտակցության չգալով մահացել է։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը:

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Մելքոն Ն.-ն է, ով նշված գազալցակայանում տանիքի վրա աշխատելու ժամանակ հոսանքահարվել է։

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով, որն առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։