Թուրքիայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել: Ստուգմամբ նրա մոտ հայտնաբերվել է 70 կիլոգրամ ոսկի: Անձը ներկայացել է որպես ադրբեջանցի դիվանագետ և հայտարարել, որ ոսկին պատկանում է իրեն:
Բաքվի իշխանական լրատվամիջոցներն շտապեցին «հավաստի տեղեկություն» հայտնել, որ ձերբակալվածը «դիվանագետ չէ»:
«Թուրան» գործակալությունը, մինչդեռ, հղելով թուրքական աղբյուրներին, բացահայտել է, որ խոսքը ռազմական կցորդ Կահրաման Շամիլ օղլի Մամեդովի մասին է: Նա ձերբակալվել է Թուրքիայի Մաքսանենգության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից: Ըստ որոշ աղբյուրների՝ Մամեդովը ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում, այլ տեղեկություններով՝ Vadi Istanbul առևտրական կենտրոնի տարածքում:
Ստույգ է, որ նրա անձնական իրերի ստուգմամբ առգրավվել է 70 կիլոգրամ ոսկի: Հայտնի չէ՝ Մամեդովը ռազմական կցորդ էր Անկարայում Ադրբեջանի դեսպանատա՞նը, թե դիվանագիտական ծառայության մեջ էր այլ երկրում և Թուրքիա էր այցելել հատուկ այդ ոսկին տեղափոխելո՞ւ համար:
Ամենայն հավանականությամբ՝ նա ծառայում էր Անկարայում Ադրբեջանի դեսպանատանը: Այս ենթադրության օգտին է խոսում «Թուրանի» տեղեկությունը, որ Թուրքիան Մամեդովին ձերբակալությունից և նախնական հարցաքննությունից հետո արտահանձնել է Ադրբեջանին:
Այդուհանդերձ, Ստամբուլի դատախազությունը քրեական գործ է հարուցել և ադրբեջանցի դիվանագետին ներկայացրել մաքսանենգության մեղադրանք:
Ըստ «Թուրանի»՝ Բաքվում Մամեդովի նկատմամբ վարչական և դատական քննություն է սկսվել։ Ամենայն հավանականությամբ՝ նա արդեն իսկ հեռացվել է ԱԳՆ և ՊՆ համակարգից: Լրատվամիջոցը, սակայն, չի մանրամասնում, թե «դատական հետաքննությունն» ինչ փուլում է: Ավելի կոնկրետ՝ Մամեդովին մաքսանենգության մեղադրանք առաջադրվե՞լ է, դատարանը նրա նկատմամբ խափանման ի՞նչ միջոց է ընտրել:
Ադրբեջանական լրատվամիջոցը փոխանցում է անանուն փորձագետների կարծիքը, որ միջադեպը կարող է դիվանագիտական ճգնաժամի առիթ դառնալ, եթե գործը հիմնովին չհետաքննվի և, մանավանդ, չբացահայտվի, թե այդ քանակի ոսկին որտեղի՞ց է հայտնվել Մամեդովի մոտ և իրականում ի՞նչ նպատակով պիտի իրացվեր կամ փոխանակվեր:
Փորձագետները նաև հույս են հայտնել, որ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ ջանքերով կապահովեն գործի քննության թափանցիկությունը, որպեսզի նվազագույնի հասցնեն երկկողմ հարաբերությունների վրա միջադեպի բացասական ազդեցությունը։
Վերջին ձևակերպումը բավական ենթատեքստային ու բազմանշանակ է, ինչից ենթադրվում է, որ խնդիրն արդեն իսկ դիվանագիտական լարվածության պատճառ է դարձել: Միջազգային պրակտիկայում դիվանագետներն օգտվում են անձեռնմխելիությունից, բայց Մամեդովի ձերբակալությունը, երևի, հազվագյուտ դեպքերից մեկն է, երբ դիվանագետն իր կարգավիճակը փորձել է օգտագործել, որպեսզի առանձնակի խոշոր չափերի մաքսանենգ գործարք իրականացնի:
Անհավանական է, որ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ռազմական կցորդը 70 կիլոգրամ ոսկի ունենա: Ընդ որում՝ խոսքը ոչ թե զարդերի, այլ ձուլածո ոսկու մասին է: Այս առումով չափազանց ուշագրավ է, որ մեկ շաբաթ առաջ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել, որ փորձել է մաքսանենգ ճանապարհով Ռուսաստան ներմուծել 2,6 միլիոն ռուբլի ընդհանուր արժեքով ոսկեղեն: Նա Մոսկվա է ժամանել Ստամբուլից:
Ըստ երևույթին, մաքսանենգության այս երկու դեպքերն իրար հետ կապ ունեն: Հավանական է, որ Ստամբուլում գործել է զարդեղենի ստվերային արտադրություն, որ գործունեությունը դադարեցրել է, երբ Մոսկվայում «առաքիչը» բացահայտվել է: Կարելի է ենթադրել, որ ապօրինի ձեռնարկատերը որոշել է ձուլածո ոսկին այլ երկիր տեղափոխել: Այդ հարցում նրան պետք է օգնել Մամեդովը՝ գործի դնելով դիվանագիտական ծառայությամբ պաշտպանվածությունը:
Իրավիճակի ինտրիգն այն է, թե թուրքական կողմն ինչո՞ւ է հրապարակայնացրել Մամեդովի ձերբակալությունը: Եթե Անկարա-Բաքու հարաբերություններում որևէ սկզբունքային խնդիր չլիներ, ապա Թուրքիայի իրավապահներն Ադրբեջանին փակ խողովակներով կծանուցեին և Մամեդովին կհանձնեին Ալիևի «արդար դատաստանին»: Բացահայտելով, որ ադրբեջանցի դիվանագետն զբաղվել է մաքսանենգությամբ՝ Թուրքիան Ադրբեջանի դիվանագիտական կորպուսը հեղինակազրկում է:
Ու՞մ ոսկին է «տնօրինել» Կահրաման Մամեդովը: Ռազմական կցորդը զինվորական-դիվանագետ է: Ո՞վ է նրա անմիջական կուրատորը: Արտաքին գործերի նախարար Բայրամո՞վը, թե՞ ՊՆ Հասանովը: Ի դեպ, ոսկու մաքսանենգության փորձը բացահայտվում է մի փուլում, երբ Բաքվի ռազմական դատարանում քննվում է ՊՆ բյուջեից 143 միլիոն մանաթ գումարի յուրացման քրեական գործը: Գուցե Զաքիր Հասանովն իր յուրացրածի մի մասը փորձել է արտերկիր տեղափոխե՞լ:
Բաց մի թողեք
Ադրբեջանը ուժգնացնում է պաշտոնական պրոպագանդան ու պահանջները Հայաստանի հանդեպ
Բրիտանա-ադրբեջանական էներգետիկ ծրագրերում ինչ-որ «տեղապտույտ» է սկսվել
Ինչքա՞ն փող ունեք, կասե՞ք, Արցախի՞ց էիք բերել այդ գումարները, Հայաստան խոպան էիք եկել. Ալեն Սիմոնյանը՝ Լևոն Քոչարյանին