Նախկին նախագահ Քոչարյանի մանդատավոր որդին օրերս արմքոմեդիականների վարած «ԼուրջCast»-ի եթերում դեմքի լուրջ արտահայտությամբ արել է մի շարք կոմիկական հայտարարություններ՝ ըստ էության բացահայտելով ԱԺ-ում «լռվելու» ու խոստացած իշխանափոխությունը չանելու պատճառը։
Պարզվեց՝ «Հայաստան»-ականներով մանդատները պինդ գրկել-նստել են ոչ միայն այն պատճառով, որ 2021-ին ահռելի նախընտրական ծախսեր են արել ու․․․ափսոս է էդքան ծախսը ջուրը լցնելը, այլ՝ պահել են, որ, ուշադրություն՝ շփվեն ժողովրդի հետ, անտեղյակների համար էլ բացահայտեն Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի․․․ «առեղծվածը»։
Իսկ բացահայտելուն, ինչպես որդի Քոչարյանն ասաց, նպաստում են ԱԺ-ում մեծությամբ առաջին, բայց երկու տարի առաջ այս օրերին «մաշված» խմբակցության պատգամավորների հոգեմաշ, ներողություն՝ «մաշեցնող» ելույթները։ «Ո՞րն է պլանը, պլանը 2026 թվականի ընտրություններն են, թե՞ մինչև 2026 թվականը ինչ որ «իքս» քայլեր անելն ու «իքս» բանի հասնելն է» հարցին՝ Լևոն Քոչարյանը մասնավորապես արձագանքել է․ «Այն, ինչ որ ակնկալում էինք, որ ՔՊ-ն չպիտի հաղթեր ու կար ակնկալիք, որ գուցե կոալիցիայով ձևավորվեր այլընտրանքային կառավարություն, բայց, ցավոք, դա չեղավ։ Մեր խնդիրը ԱԺ-ում մեծ մասով էլի, ինչքան էլ մենք շփվում ենք իրենց (կառավարող ուժի-խմբ․) հետ, հարցեր ենք ուղղում, բայց մեր շփումը ժողովրդի հետ է։ Մեր խնդիրը էդ հարցերի, ելույթների միջոցով ցույց տալն ա իրականությունը։ Ես էստեղ հասկանում եմ, որ կա քննադատություն ավելի ռադիկալ տրամադրված հատվածի մոտ, որոնք ասում են՝ ամեն ինչ լսել ենք, գիտենք, հերիք ա հարցերը, պետք ա փոփոխություն անել։ Բայց, ցավոք, բոլոր չէ, մեղմ ասած, որ այդպես են կարծում։ Գիտեք, մարդ, որ ինքն իր շրջապատում, շրջապատված իր ընկերներով, նույն ձև մտածող մարդկանցով միշտ նույն բանն ա լսում, միգուցե տպավորություն ա, որ բոլորը դա գիտեն։ Բայց մի հատ շատ մեծ, մեր հասարակության մեծ մասը, այն պարզ իրողությունները, որ կարող ա բոլորիս համար թվա, որ շատ պարզ ա, շատերի համար այդպես չէ։ Դուք եթե ուսումնասիրեք շատ տեղեր՝ մարզերում, հեռավոր գյուղերում, թեկուզ քաղաքում էլ, ինչ որ մարդիկ, ինչերի հետևելով են՝ յութուբյան ալիքներից մինչև Հ1, ինչ կարծիք են ունենում էս իշխանությունների մասին, ամեն ինչ, չգիտեմ, շատ լավ ա, Փաշինյանը խեղճացրեց Ալիևին, էսինչը հիմա էն կլինի, չէ՞․․․հիմա իրենք էս ամեն ինչը տարածում են, ու դա քիչ չի։ Մեր խնդիրն ա ԱԺ-ում ցույց տալ իրանց մերկությունը, իրանց ձախողումները, ապագա ու հետագա վտանգները, որոնք իրանք էս քայլերը անելուց բերելու են դրան։ Մեր խնդիրը մեծ մասով սա ա։ Ինչքանով ա սա հաջող անում կամ անհաջող, սա արդեն ուրիշ քննարկման հարց ա»։ Հերթական անգամ արձանագրելով Լևոն Քոչարյանի՝ քաղաքականության մասին զրոյական գիտելիքներ ունենալու փաստն ու հայերենի իմացության ողորմելի մակարդակը՝ հուշենք նրան՝ ՀՀ քաղաքացիները, նույնիսկ ամենահեռավոր մարզի ամենահեռավոր գյուղի ամենահեռավոր խրճիթում, տեղյակ են երկրում տեղի ունեցող քաղաքական պրոցեսներին ու կարիքի դեպքում, ինչպես ասում են, կարող են Լևոն Քոչարյանի ու նրա մոտիկ շրջապատի համար քաղանալիզի «մաստեր կլասս»-ներ կազմակերպել, ցանկության դեպքում էլ՝ պոլիտոլոգիայի տեսություն ու պրակտիկա ուսուցանել։ Անցել են այն ժամանակները, երբ մի ողջ պետական քարոզչամեքենա ծառայում էր երկրի նախագահի պաշտոնն զբաղեցնողի կապրիզներին, եթերը «փակում» էր ընդդիմության ու «անցանկալի տարրերի»՝ «մոսկաների» առաջ։ Նույնիսկ այդպիսի պայմաններում հասարակությունը տեղյակ էր այն մասին, թե «որը որից հետո է», ինչպես է «ջեմը լցվում լրիվ փակ ծծովի կոնֆետների մեջ» ու ինչն է, որ «խանգարում» է «վատ պարողին»։ Հետևապես, միակ մտահոգությունը, որ պետք է, հարկավ, ունենար կոնկրետ Ռ․ Քոչարյանն ու նրա ենթակայությամբ գործող խմբակցությունը, ոչ թե հեռավոր մարզերի բնակիչների համար «լուսավորչական» ակցիաներ կազմակերպելն է՝ ԱԺ-ում ելույթներ ունենալու տեսքով, այլ՝ իր կառավարման այլանդակ տարիների դժնդակ հիշողությունները՝ ընտրություններ կեղծելուց, ընտրակաշառք բաժանելով մարդկանց ստորացնելուց մինչև համակարգային թալան և հովանավորչություն, ջնջել փորձելը։
Եվ եթե Լևոն Քոչարյանը նրա հայրիկի քաղաքական կապրիզների գերին դարձած «Հայաստան»-ի անդամները շաբաթը 7 օր, օրը 24 ժամ ռեժիմով ելույթներ ունենան ու «մերկացնեն» գործող իշխանությանը, ապա դրանից երկրորդ նախագահի վաղուց արդեն մերկ ու մերկացված (ոչ միայն քաղաքականապես) լինելը ծածկել ի վիճակի չեն լինի։ Ավելի լավ է թող ԱԺ-ում հանրային լսումներ հրավիրեն ու հանրությանը լուսավորեն, թե ինչպե՞ս է Քոչարյան ընտանիքը, վերջինիս նախագահության տարիներին (այդ թվում Լևոն Քոչարանը) դիզել իր ահռելի ունեցվածքը, գույքն ու կայքը։ Հակակոռուպցիոն դատարանում արդեն մեկ տարուց ավելի քննվող՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով պատասխանողներից մեկը՝ Լևոն Քոչարյանը, արդ, թող ՔՊ-ի, վարչապետի հետ ունեցած հարցուպատասխանի միջոցով թող պատասխանի հանրությանը հուզող հետևյալ հարցին՝ իրենց ունեցվածքը հալա՞լ է, թե՞ կոռուպցիայի ու թալանի հետևանք։ Եթե հալալ է, ապա քանի՞ տոննա հալալ քրտինք կամ գուցե արյուն թափելու, տալու արդյունքում է հնարավոր եղել ունենալ այն ամենն, ինչն ունեն՝ Երևանի Հյուսիսային պողոտայից մինչև Տանզանիա։ Նկատենք, որ դատական նիստերից մեկի ժամանակ դատախազից պահանջվեց շուրջ 10 րոպե՝ ՀՀ գլխավոր դատախազության իրականացրած ուսումնասիրության արդյունքում իրենց կողմից ենթադրյալ ապօրինի ճանաչված և բռնագանձման ենթակա գույքի ցանկն ընթերցելու համար։ Ի դեպ, նույն հարցազրույցի ժամանակ Լ․ Քոչարյանը հղում է անում վերջերս իրականացված սոցհարցումների տվայլներին ու փառավորված հոգով արձանագրում՝ իրենք, ըստ այդ տվյալների, երկրրդ տեղում են՝ 6,5 տոկոս ունեն, իսկ ՔՊ-ն՝ 16։ Փաստրեն, մտադիր են մինչև 2026 թվականը իրենց ելույթներով ու հասարակության հետ խոսելով ՔՊ-ի 16 տոկոսը «մաշացնել»՝ հասցնելով նվազագույնի, իրենց 6,5 տոկոսն էլ աճեցնել՝ հասցնելով․․․․61 տոկոսի։ Ի դեպ, Քոչարյանն ավելի լավ է սոցիոլոգիայի գուրոներից ճշտի՝ արդյոք երբ ինչ որ քաղաքական սուբյեկտի ռեյտինգը մեկ այլ սուբյեկտի «մաշեցնող» օպերացիաների արդյունքում նվազում է, այսպիսով ավտոմատ կերպով բարձրանում է իր՝ մաշեցնողի հալումաաշ եղած ռեյտինգը։
Ի դեպ, Լևոն Քոչարյանը մի քաղաքագիտա-թվաբանական «նյու-հաու»-ի մասին էլ է խոսել՝ անդրադառնալով 2021 թվակնի ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ առաջին և երկրորդ նախագահների հետ միանալու ու միասնական ճակատով ընտապայքարին մասնակցելու թեմային։ «Քաղաքականության մեջ էս պրցեսներում միշտ չի, որ 2+2+2 հավասար է 6, կարող ա մի դեպքում 2+2+2 հավասար լինի 8, մեկ այլ դեպքում՝ 4, որովհետև կարող ա ինչ որ ուժեր իրար միանալով հակառակը, կարող ա կորցնեն։ Օրինակ կարող ա մեզ հարող ուժը, մեզ հարող մարդիկ, զանգվածներ բացսական ընդունեն, երբ որ դու միանաս Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ում հետ կային շատ-շատ առանցքային տարբերություններ, հակասություններ։ Ու նույն ձև, նույնը իրենց դաշտից։ Այսինքն, միշտ չի, որ էդ միավորումը բերում ա դրական արդյունքի՝ ընդհանուր թվի տեսքով»։
Փաստորեն, 2021-ին «Հայաստան» դաշինքը կազմվեց Քոչարիան+ՀՅԴ+»Վերածնվող Հայաստան» կոնֆիգուրացիայով, որում չհայտնվեց Քոչարյանի հաջորդի՝ Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ն։ Հիմա հասկանալի է, թե ինչու․ դատելով Քոչարյանի «մաթանալիզից», Սերժ Սարգսյանի ռեյտինգը երևի կազդեր իրենց դաշինքի ձայների քանակի վրա։ Նույնն էլ Լևոն Տեր-Պետրոսյանին միանալու պարագայում։ Այո, լևոնականները, միանշանակ, հարց էին բարձրացնելու, թե ինչպե՞ս է պատահել, որ առաջին նախագահը, որը ժամանակին՝ 2007-ին, «քոչարյանասերժական ավազակապետություն» էր անվանել գործող ռեժիմը ու ներողություն էր խնդրել կադրային ամենամեծ սխալ քաղաքականության՝ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Հայաստան բերելու և հայ ժողվորդի վզին փաթաթելու համար, տարներ անց միանում նույն այդ ավազակապետության պարագլուխներին։
«Մաթանալիզի» մերօրյա գուրույին հիշեցնենք, որ 2021-ին ձևավորված 2+2+2-ը մեկ տարի անց քայքայվեց ու դարձավ 2+2-2՝ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան»-ը լքեց դաշինքը՝ Քոչարյանին դեմ հանդիման թողելով քաղաքական «Двоечник» -ի՝ ՀՅԴ-ի հետ։ Այդ պատճառով էլ ոչ միայն Քոչարյան+ ՀՅԴ-ի «1-ը 2 չի դառնում», ավելին՝ 2-ը դառնում է 1։
Հեղինե Մանուկյան
Բաց մի թողեք
Բրիտանա-ադրբեջանական էներգետիկ ծրագրերում ինչ-որ «տեղապտույտ» է սկսվել
Ինչքա՞ն փող ունեք, կասե՞ք, Արցախի՞ց էիք բերել այդ գումարները, Հայաստան խոպան էիք եկել. Ալեն Սիմոնյանը՝ Լևոն Քոչարյանին
«Հայաստան» խմբակցությունից հեռացված պատգամավոր Գեղամ Նազարյանը Կառավարության շենքում է