Գերմանիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել կանցլեր Օլաֆ Շոլցին, ինչը նշանակում է, որ երկրում կլինի խորհրդարանի արտահերթ ընտրություն: Գերմանիայի նախագահ Վալտեր Շտայնմայերը հայտարարել էր, որ, եթե խորհրդարանը դեկտեմբերին հայտնի անվստահություն կանցլերին, ապա ինքը փետրվարի համար կնշանակի արտահերթ ընտրություն: Գերմանիայում կառավարող կոալիցիան փլուզվեց մի քանի շաբաթ առաջ:
Կոալիցիայի անդամ էին Սոցիալ-դեմոկրատները, կանաչները և ազատ-դեմոկրատները: Կանցլեր Շոլցը սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ էր, արտգործնախարար Բերբոքն՝ օրինակ, ներկայացնում էր կանաչների կուսակցությունը:
Կոալիցիան փլուզվեց այն բանից հետո, երբ էկոնոմիկայի նախարարը, որն ազատ-դեմոկրատներից էր, տնտեսական քաղաքականության առնչությամբ տարաձայնություն ունեցավ կանցլերի հետ: Քաղաքական ճգնաժամն իհարկե Գերմանիայում ծավալվում էր շատ ավելի վաղուց:
Դրա առաջին ազդակները հնչեցին դեռեւս հունիսին՝ Եվրախորհրդարանի ընտրությանը, երբ Գերմանիայի կառավարող կոալիցիայի ուժերը պարտություն կրեցին: Եվրախորհրդարանի ընտրությանը հաղթել էին նախկին կառավարող՝ քրիստոնեադեմոկրատները, նաև աջ ուժերը:
Գերմանիայում բավականին մեծ հեղինակություն է ձեռք բերել և ՏԻՄ մակարդակում որոշակի հաջողություններ արձանագրել նաև աջ-պահպանողական՝ Այլընտրրանք Գերմանիայի համար կուսակցությունը, որը դեմ է Ռուսաստանի հանդեպ վարվող քաղաքականությանը, համարելով, որ այն հարվածում է Գերմանիայի շահերին ու տնտեսությանը:
Գերմանիայի կանցլեր Շոլցը մի քանի շաբաթ առաջ ավելի քան երկուսուկես տարի դադարից հետո զանգահարեց ՌԴ նախագահ Պուտինին: Արդյո՞ք Շոլցն այդ զանգի միջոցով ակնկալում էր աջակցություն Գերմանիայի քաղաքական ճգնաժամի հարցում, դժվար է ասել: Մի բան ակնառու է, որ գործնականում քաղաքական բավականին «տաք հոսանք» է անցնում ամբողջ Եվրոպայում:
Ընդամենն օրեր առաջ հերթական ներքաղաքական լարումն էր Ֆրանսիայում, որտեղ անվստահություն հայտնեցին կառավարությանը: Այժմ նշանակվել է նոր վարչապետ և կձևավորվի նոր կառավարություն:
Այս պրոցեսները թերևս նաև օբյեկտիվ են, պայմանավորված այն մարտահրավերներով, որ Եվրոպայի առաջ կանգնում են ոչ միայն ուկրաինական պատերազմի համատեքստում, այլ այն մեծ աշխարհակարգային վերափոխումների, որոնց համատեքստում է հենց ուկրաինական պատերազմը: Եվրոպայի առաջ կանգնած մարտահրավերների, մեծ վերափոխումների անհրաժեշտության մասին խոսում է անգամ հենց Ֆրանսիայի նախագահ Մակրոնը:
Այս հարցերը ոչ միայն չպետք է անտարբեր թողնեն Հայաստանին, այլ Հայաստանը թերևս պետք է լրջորեն խորհի դրանց առնչությամբ: Մի կողմից հարցն այն է, որ եվրոպական քաղաքական ուղղությունը բնականաբար կարեւոր ուղղություններից մեկն է, որ այս կամ այն կերպ լինելու է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում:
Մյուս կողմից, Հայաստանը ըստ էության եվրոպական համակարգի մաս է, հետևաբար եվրոպական վերափոխումների խնդիրն Հայաստանը պետք է մոտենա որպես իրեն անմիջականորեն առնչվող երևույթի: Այստեղ սակայն առաջնային պլան են դուրս գալիս Հայաստանի երկկողմ հարաբերությունները եվրոպական երկրների հետ:
ԵՄ-ն Շոլցով, թե՝ առանց Շոլցի, կայուն է, իսկ Հայաստանը Եվրոպա է …
Բաց մի թողեք
Ի՞նչ նպատակ է հետապնդում Հայաստանը, երբ էապես նոր իրավիճակ է միջազգային հարաբերություններում
Պաշտոնական Երևանի քաղաքական ու դիվանագիտական հմտությունների քննություն
Ինչ ակնկալիք ունի Հայաստանից Ռուսաստանը