15/01/2025

Ո՞րը, ի՞նչը կամ ո՞վ է երաշխիքը, որ նույն պատկերը չի լինի ․․․

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկվա ասուլիսում՝ խոսելով հայ-ադրբեջանական սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների սպասվող հանդիպման մասին, ակնարկել է, որ դրա սեղանին չի լինի անկլավների հարցը:

Միրզոյանը հայտարարել է, թե ինքը, համենայն դեպս, կքննարկեր նվազ հակասական հատվածներից շարունակելու տարբերակը, քանի որ կարծում է, որ Երևանն ու Բաքուն պատրաստ չեն քննարկել անկլավ-էքսկլավների հարցեր:

Միրզոյանը, իհարկե, շեշտել է, որ որոշումը լինելու է հանձնաժողովներինը: Իսկ կարո՞ղ է լինել տարբերակ, երբ Ադրբեջանը պնդի անկլավների թեման, այլապես հրաժարվելով շարունակել որևէ այլ հատվածի սահմանագծման և սահմանազատման թեմա:

Համենայն դեպս, դա բոլորովին բացառելի չէ, հատկապես նկատի ունենալով, որ Կիրանցի հատվածի առնչությամբ հենց այդպիսի պատկերի հետ էլ գործ ենք ունեցել: Համենայն դեպս, Կիրանցի հատվածում Ադրբեջանը ստացել է տարածք, իսկ Հայաստանը՝ պատ ու ցանկապատ: Դա հեգնանք չէ, բոլորովին, այլ պարզ իրողություն:

Իրողությունը, որը Հայաստանի վարչապետը նույնքան պարզ հայտնել է տեղացիներին, որ, եթե չլինի այդ տարբերակի համաձայնությունը, ապա Ադրբեջանը կարող է սկսել պատերազմ և ավելի մեծ տարածք վերցնել այդ պատերազմով:

Եվ այստեղ հարց է առաջանում, թե ո՞րը, ի՞նչը կամ ո՞վ է երաշխիքը, որ նույն պատկերը չի լինի հունվարին սպասվող հանդիպմանը, եթե քննարկվի, թե ինչ տարածքից պետք է լինի շարունակությունը: Համենայն դեպս, Ալիևի վերջին հայտարարություններն ավելի շուտ թույլ են տալիս դիտարկել հենց այդպիսի մոտեցման, այսինքն՝ վերջնագրային կամ շանտաժային նոտ մոտեցման հավանականություն, քան հակառակը:

Իհարկե, հնարավոր չէ որևէ միարժեք պնդում, սակայն գետնի վրա եղած տեսանելի պատկերը տալիս է հենց այդպիսի եզրակացության հիմք, քան հակառակը: Ամիսներ առաջ Սյունիք այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ սահմանագծման և սահմանազատման հաջորդ հատվածը կարող է լինել Սյունիքում:

Կասկածից վեր է, որ, եթե գործընթացը շարունակվի հավասարակշռված տրամաբանությամբ, ապա դա կլինի նաև ընդհանուր անվտանգային միջավայրի օպերատիվ կառավարելիության միջոցներից մեկը:

Սակայն, Իլհամ Ալիևի՝ «անհավասարակշիռ» հայտարարությունները վկայում են հակառակի մասին և սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների նոր հանդիպմանն ընդառաջ Երևանը թերևս պետք է ունենա քայլերի մշակված համակարգ՝ ադրբեջանական հնարավոր շանտաժին «ասիմետրիկ» պատասխանի համար: