ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալությունից առաջ իր վերջին հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել հազարավոր քաղաքացիների առջև՝ խոստանալով վերակառուցել երկիրը և այն նորից դնել «ճիշտ ուղու վրա»։
Նա ասել է, որ իր նախորդ Ջո Բայդենի վարչակազմի բոլոր «հիմար» հրամանները կչեղարկի պաշտոնը ստանձնելու առաջին ժամերին:
Հունվարի 19-ի երեկոյան Թրամփը Վաշինգտոնի Capital One Arena-ում անցկացրել է «Դարձրե՛ք Ամերիկան կրկին ուժեղ, հաղթանակի հանրահավաք», որտեղ տոնել է իր հաղթանակը, շնորհակալություն հայտնել իր կողմնակիցներին և նախանշել ապագա նպատակներն ու առաջնահերթությունները։
«Մենք հաղթեցինք»,- իր ելույթի հենց սկզբում ասել է Թրամփը և շարունակել. «Ես ոգևորված եմ, որ վերադարձել եմ ձեզ հետ՝ այդքան շատ ընկերների, համախոհների և իսկական ամերիկացի հայրենասերների հետ մեր երկիրը հետ վերցնելու նախօրեին: Սա այն է, ինչ մենք պատրաստվում ենք անել՝ հետ վերցնել մեր երկիրը»։
Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին։ Այս օրը ԱՄՆ-ի ընտրված նախագահը պետք է հավատարմության երդում տա ամերիկյան Սահմանադրությանը և պաշտոնապես ստանձնի պաշտոնը։
«Կեսօրին կփակվի ամերիկյան անկման չորս երկար տարիների վարագույրը, և մենք կսկսենք ամերիկյան հզորության և բարգավաճման, արժանապատվության և հպարտության բոլորովին նոր օրը»,- ասել է Թրամփը:
Նա հավելել է, թե մեկընդմիշտ վերջ կդնի Վաշինգտոնում ձախողված և կոռումպացված քաղաքական իսթեբլիշմենթի կառավարմանը:
«Մենք դա այլևս չենք հանդուրժի… Մենք Ամերիկան նորից կդարձնենք ուժեղ»- ասել է նա:
Թրամփը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր աջակցել են իրեն և նրանց, ովքեր եկել են Վաշինգտոն՝ մասնակցելու երդմնակալության միջոցառումներին։
Միացյալ Նահանգների 47-րդ նախագահը որոշել է բեմ հրավիրել միլիարդատեր Իլոն Մասկին, ում ենթադրվում է, որ Թրամփը կնշանակի ապագա կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար։ Մասկը դուրս է եկել իր կրտսեր որդու հետ և հակիրճ ելույթ ունեցել:
«Մենք անհամբեր սպասում ենք, թե երբ կսկսենք փոփոխություն մտցնել»,- ասել է Մասկը:
Թրամփն իր ելույթում ասել է, որ իր վարչակազմը ժառանգում է աղետներ ինչպես տանը, այնպես էլ արտերկրում, գնաճից և բարձր տոկոսադրույքներից տառապող տնտեսություն, ինչպես նաև ճգնաժամ Մեքսիկայի հետ սահմանին. «Կառավարությունն արտակարգ իրավիճակներում չի կարող հոգ տանել իր քաղաքացիների մասին. Տեսեք, թե ինչ է կատարվում Լոս Անջելեսում. Տեսեք, թե ինչ է կատարվում Հյուսիսային Կարոլինայում: Բայց վաղվանից ես գործելու եմ պատմական արագությամբ և ուժով՝ լուծելու մեր երկրի առջև ծառացած յուրաքանչյուր ճգնաժամ։ Մենք պետք է սա անենք: Հակառակ դեպքում մենք այլևս երկիր չենք ունենա»։
Թրամփը հայտարարել է, որ հունվարի 24-ին կայցելի Կալիֆորնիա՝ գնահատելու անտառային հրդեհների պատճառած վնասը։
Նա նշել է, որ երդմնակալությունից անմիջապես հետո ինքը մտադիր է ստորագրել տասնյակ գործադիր հրամաններ, որոնք երկիրը կվերադարձնեն իրենց հունի մեջ։
«Բայդենի վարչակազմի արձակած յուրաքանչյուր արմատական և հիմար հրամանը կչեղարկվի իմ երդմնակալությունից մի քանի ժամվա ընթացքում»,- հավելել է նա:
Թրամփը հատուկ ուշադրություն է դարձրել անօրինական ներգաղթին։
«Մինչ վաղը արևը մայր մտնի, մեր սահմանների ներխուժումը կդադարեցվի, և բոլոր նրանք, ովքեր ապօրինի հատում են մեր սահմանները, այս կամ այն կերպ կսկսեն տուն վերադառնալ: Ամերիկայի պատմության մեջ ամենախոշոր արտաքսման օպերացիան շուտով կսկսվի»,- խոստացել է նախագահը:
Թրամփը նաև հայտարարել է TikTok հարթակի ապաշրջափակման մասին։ Նորընտիր նախագահն առաջարկել է ԱՄՆ-ին տիրապետել հանրահայտ սոցիալական ցանցի կեսին՝ բավարարելու օրենքը, որով չինական ընկերությանը պարտավորեցնում է վաճառել այն: Թրամփը բացատրել է, որ որոշել է փրկել TikTok-ը, քանի որ հարթակն օգնել է իրեն հասնել երիտասարդ ընտրողներին, հարթակն ունի «զանգվածային» լսարան, և որ այն փակելը ԱՄՆ-ում կնշանակի աշխատատեղերի կորուստ ամերիկացիների համար:
Նա նաև խոստացել է վերջ տալ Ուկրաինայում պատերազմին և թույլ չտալ երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը:
Թրամփի ելույթը տևել է ավելի քան մեկ ժամ:
Տեսանյութն՝ այստեղ
Բաց մի թողեք
Ուկրաինացի ու ղազախ կանայք ծեծել են իրար, ինքնաթիռը ստիպված վայրէջք է կատարել
Ուկրաինային անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ՝ նման նրանց, որոնք տրվել են Իսրայելին. Զելենսկի
Վրաստանի նախկին վարչապետի վրա ձվեր են նետել․ Տեսանյութ