ՔՊ-ում ԲԴԽ անդամի միակ թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը կամովին որոշել է իր թեկնածությունը հանել։ Ժողովրդավարության ինչպիսի՜ դրսևորում։
ՔՊ-ն դեռ իներցիայով ուզում է ըմբոշխնել Բայդենի «հայաստանյան ժողովրդավարության» քաղցր պտուղները, մոռանալով, որ Թրամփի մոտ այդ խաղաթուղթն այլևս չի անցնում։ Փաստաբան բալան կամովին հրաժարվել և մեջբերել է երկու պատճառ, որ այդ քայլն անում է․ «Նախորդ օրերից եղան քննարկումներ երկու գույքային հարցի շուրջ, և այն ընկերությունում իմ ներգրավվածության հետ կապված։ Գտնում եմ, որ այդ չվերացված կասկածների պայմաններում դատավոր նշանակելը կոռեկտ չէ, և դա վնասելու է մեր դատարանի իմիջին ու դատավորի կարգավիճակին»։
«Ես կուսակցական եմ, ես իմ կուսակցական կարգավիճակը պետք է դադարեցնեի ընտրվելուց հետո։ Այս պահի դրությամբ հանում եմ միայն թեկնածությունն ու եթե նման ընթացակարգ կա, պետք է խնդրեմ, որ Ազգային ժողովը չքվեարկի»։
Ոչ մի խոսք չկա, որ ինքն իր թեկնածությունը հանում է, որովհետև թշնամանք տարածող, խայտառակ ու տգետ բառապաշարով գրառումներ է արել, և հանրությունը խիստ կվրդովվի, եթե ինքը ԲԴԽ անդամ ընտրվի, ու դա կազդի ՔՊ-ի չեղած իմիջի փշուրների վրա։ ՔՊ-ն նրան հնարավորություն է տվել, որպեսզի բաց ճակատով իբր թե կամովի հրաժարականն իրականացնի։
Դա պատճառների մեջ չի մտնում։ Ինքը հրաժարական է տալիս, որովհետև կուսակցական է և գույքային ընկերությունում իր ներգրավվածությունն ունի։ Հանրությանը հասցրած խայտառակ վիրավորանքը, թշնամական գրառումները ոչ մի էական նշանակություն չունեն։ ՔՊ գործող իշխանությունն ապացուցել է, որ հանրության հետ կարող է վարվել ամենախայտառակ նսեմացման, նվաստացման ձևերով և չպատժվել։
Փաստաբան բալայից սպասել, որ նա ներողություն կխնդրի հանրությունից կամ դա կդիտարկի որպես կամովի հրաժարականի պատճառ, դեմ կլիներ ՔՊ քաղաքականությանը։ Փաստորեն փաստաբան բալան չի զղջացել խայտառակ գրառումների համար։ ՔՊ-ի համար դա օրենք է ու թույլատրելի իր անդամների մասով։
Հասմիկ Բաբաջանյան; «Հրապարակ օրաթերթ»
Բաց մի թողեք
Վստահ եմ, որ այս փորձերը անհաջողության են մատնվելու. Նարեկ Կարապետյան
Դաշինք չի լինի. Լևոն Քոչարյան
Չարիքն ու իր խմբակը հենց այդ հանգամանգից են սարսափում․ Բագրատ Սրբազան