22/01/2025

Վերջը, պետք է հասկանանք, թե ինչու ենք պարտվել

Շուտով լույս կտեսնի «44. պարտություն 2020. արցախյան պատերազմը՝ իրողություններ եւ հետեւանքներ» գիրքը (արդեն կա էլեկտրոնային տարբերակը): Ընթերցողի ուշադրությունն եմ հրավիրում գրքի մի քանի, իմ կարծիքով, կարեւոր դրվագների վրա: Գրքի խմբագիրը փիլիսոփայական գիտությունների դոկտոր Աշոտ Ոսկանյանն է:

Գրքի հիմնական մասը կազմում է Շվեյցարիայում բնակվող պրոֆեսոր, պատմաբան Վիգեն Չիթերյանի նյութը՝ «2020 թվականի արցախյան պատերազմը եւ Հայաստանի պարտությունը»: Նյութը հիմնված է 35 հարցազրույցների վրա, որոնք արված են հայաստանցի եւ արցախցի 31 քաղաքական, ռազմական գործիչների եւ փորձագետների հետ՝ այդ թվում Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի, Սեյրան Օհանյանի:

Հարցազրույցներն արվել են 2024 թվականի մայիսին եւ հոկտեմբերին: Վիգեն Չիթերյանի վերլուծությանը նախորդում է մեր գործընկեր, «Սիվիլնեթի» գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանի նյութը՝ «2020-ի պարտության կիսապատասխան հարցերը», իսկ հաջորդում է Աշոտ Ոսկանյանի հոդվածը՝ «Ռազմական պարտությո՞ւն, թե՞ Հայաստանի համատարած ճգնաժամ»:

Գրքում կա նաեւ հավելված` «2020-ի արցախյան պատերազմի ժամանակագրությունը» եւ «2020-ի արցախյան պատերազմի ռազմական գործողությունների քարտեզը»: Դրանք պատրաստել են մեր գործընկերներ, «Սիվիլնեթի» լրագրողներ Մկրտիչ Կարապետյանը եւ Հայկ Հովհաննիսյանը:

Գիրքը մեր աղետալի ձախողումները հասկանալու արժեքավոր փորձ է՝ որքան շատ լինեն նման գրքերն, այնքան՝ լավ: Սկսեմ Կարեն Հարությունյանի հարցերից: Դրանք կոչվում են «կիսապատասխան», կարծում եմ, այն պատճառով, որ զուտ ինտուիտիվ մակարդակով մենք այդ հարցերի մեծ մասին պատասխաններն ընդհանուր առմամբ պատկերացնում ենք:

Մենք ամեն օր լսում ենք նաեւ այդ հարցերի «քարոզչական» պատասխանները, որոնք փորձում են մեղքը գցել քաղաքական հակառակորդների վրա: Ակնհայտ է, որ այդպիսի պատասխաններ կտա բացառապես ՔՊ-ականներից կազմված ԱԺ քննիչ հանձնաժողովը: Թվարկեմ այդ հարցերից մի քանիսը. Ի՞նչ դասեր էր քաղել հայկական կողմը 2016թ.-ի ապրիլյան մարտերից, երբ Ադրբեջանն առաջին անգամ լայնածավալ օգտագործեց անօդաչու թռչող սարքեր։

Ինչո՞ւ հայկական բանակը առաջնահերթություն չտվեց ԱԹՍ-ներին կամ դրանց հակազդմանը: Հավաստի տեղեկություններ կան, որ պատերազմի հենց սկզբում ոչնչացվել է Արցախում գտնվող հայկական ՀՕՊ-ի ու հրետանու էական մասը։ Ինչո՞ւ հնարավոր չեղավ խուսափել նման ահռելի կորստից։ Որքանո՞վ են քողարկված/պաշտպանված եղել հրետանային եւ ՀՕՊ միջոցները:

Նմանատիպ հարցեր էլի կան՝ առաջին օրերի ահռելի տեխնիկական կորուստների մասին: Ինչպե՞ս եւ ի՞նչ հանգամանքներում է ընդունվել հոկտեմբերի 6-7-ին Ջաբրայիլի ուղղությամբ հակահարձակման որոշումը։ Ինչո՞ւ է գործողությունը ձախողվել, եւ ի՞նչ ազդեցություն է դա ունեցել հետագա մարտերի վրա: Վիգեն Չիթերյանի զրուցակիցները խոսել են այդ եւ նման ձախողված հարձակումների մասին, բայց, ինձ թվում է, դրանց վերաբերյալ օբյեկտիվ պատկեր, միեւնույն է, չի ձեւավորվում: Ո՞վ էր պատասխանատու Շուշիի պաշտպանության համար:

Ինչո՞ւ եւ մարտական ի՞նչ հաջողությունների համար են պատերազմի ընթացքում որոշ զինվորականներ ստացել ազգային հերոսի կոչումներ։ Օրինակ` գեներալներ Տիրան Խաչատրյանը (որը հիմա կալանավորված է՝ իր պարտականություններում թերանալու համար – Ա.Ա.) եւ Անդրանիկ Փիլոյանը Հայաստանի վարչապետի կողմից արժանացան այդ կոչմանը հոկտեմբերի 20-ին, երբ նրանց ղեկավարած ուղղություններում ձախողումներ էին գրանցվել:

Ովքե՞ր են եղել Արցախում բանակի ղեկավարման կետում։ Կողմնակի մարդկանց առկայությունը որքանո՞վ եւ ինչպե՞ս է ազդել մարտական գործողությունների ղեկավարման վրա։ Ինչո՞ւ զորակոչի հայտարարումից մի քանի օր անց Հայաստանում կասեցվեց այն։ Ինչո՞ւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 21-ին կոչ արեց կազմակերպել ինքնապաշտպանական ջոկատներ եւ մեկնել առաջնագիծ։ Դա տարերային հայտարարությո՞ւն էր, թե՞ ռազմաքաղաքական ղեկավարության հետ համաձայնեցված պլան:

Վիգեն Չիթերյանը փորձում է պատասխանները ստանալ ոչ միայն իշխանական եւ ոչ իշխանական, «ներկա» եւ «նախկին» աղբյուրներից, մասնագետներից (նաեւ՝ ռազմական), փորձագետներից: Պատմաբանն արձանագրում է, որ բոլոր պատասխանատուները մոտավորապես նույնն էին ասում՝ «Ես արել եմ ամեն հնարավորը, իսկ մյուսներն իրենց գործը չէին անում, ապաշնորհ էին կամ ոչ հայրենասեր»: Ինչ խոսք, կարծում եմ, սպասելի էր: Փաստերը վկայում են, որ Հայաստանի քաղաքական եւ ռազմական ղեկավարությունն անտեսում էր ռազմական հավասարակշռության ակնհայտ փոփոխությունը հօգուտ Ադրբեջանի։

Պրոցեսը սկսվել էր 2006-ից սկսած, երբ Բաքու-Ջեյհան խողովակաշարով Ադրբեջանը սկսեց մեծ քանակություններով ժամանակակից սպառազինություն գնել, նաեւ բարեփոխել իր բանակը՝ «նավթադոլարների» դիմաց: Մինչդեռ մեր բանակը լուրջ ջանքեր սկսեց գործադրել միայն 2015-ին՝ սպառազինության համակարգեր ստանալով 2016-ից։ Չեն անցկացվել նաեւ անհրաժեշտ բարեփոխումներ, պահպանվում էր բյուրոկրատական խորհրդային բանակի մոդելը: Դրա ողբերգական հետեւանքներից մեկն այն էր, որ մեր զինծառայողները պատերազմի ժամանակ տեղափոխվում էին երկար շարասյուներով՝ դառնալով ԱԹՍ-ների թիրախը:

Ըստ Չիթերյանի զրուցակիցների՝ դրանով էր պայմանավորված մեր կորուստների մեծ մասը: Բյուրոկրատիայի եւ այստեղից բխող «աչքերին թոզ փչելու» ցցուն փաստ: 2016-ի սեպտեմբերի 21-ին Երեւանում անցկացված ռազմական շքերթին մի քանի նոր զինատեսակ ցուցադրվեց, այդ թվում՝ Искандер հրթիռներ եւ Бук 39 զենիթահրթիռային համալիրներ։

Այդ Бук-երը, ըստ ամենայնի, բերվել էին Գյումրիի ռուսական ռազմաբազայից, ներկվել հայկական գույներով, որպեսզի ցուցադրվեն Երեւանում եւ վերադարձվել են: Հայ հանրությանը դա գուցե հանգստացրեց, բայց Ադրբեջանը հաստատ ուներ իր աղբյուրները, եւ այդ հնարքն արագ էր բացահայտել: Չիթերյանի զրույցներից բխող եւս մի քանի արձանագրումներ: 2020 թվականի դրությամբ Հայաստանը չուներ արտաքին հետախուզություն:

Որպես հետեւանք՝ Հայաստանի ղեկավարությունը չգիտեր ակնկալվող հարձակման պահի, ուղղությունների ու ծավալների մասին: «Թավշյա հեղափոխությունից հետո նոր վարչակազմը վախենում էր, որ Ղարաբաղի ղեկավարությունը եւ բանակը կարող են օգտագործվել իրենց տապալելու համար: Խոր անվստահություն կար ոչ միայն նախկին երկու նախագահների եւ 2018-ից հետո եկած վարչակազմի, այլեւ Երեւանի ու Ստեփանակերտի միջեւ»։

«2018-ից հետո տեղի ունեցած ներքին քաղաքական գզվռտոցը, որն ուղեկցվում էր հակակոռուպցիոն արշավով, հանգեցրեց նախկին առաջնորդների դեմ պայքարի, այդ թվում՝ զինվորականների, ինչն է՛լ ավելի թուլացրեց Հայաստանի պետական ինստիտուտները»: Փաշինյանի՝ բանակցությունները սեփական կետից սկսելու եւ նախորդ բանակցային ժառանգությունից հրաժարվելու որոշումը նույնպես խաղաց իր բացասական դերը:

Չիթերյանը գրում է. «Երբ Սերժ Սարգսյանին հարցրի, թե 2018-ի հեղափոխությունից հետո արդյոք փորձել է հանդիպել նոր վարչակազմին՝ նրանց տեղեկացնելու ղարաբաղյան բանակցությունների իրավիճակի մասին, պատասխանեց. «Հարց է առաջանում՝ բա ինչո՞ւ մեր կողմից փորձ պիտի լիներ, եթե իրենք մեզ ընդունում էին որպես թշնամի»։ Հոդվածի հեղինակն անդրադառնում է նաեւ, իմ կարծիքով, շատ կարեւոր՝ առաջնորդության խնդրին: Ի դեպ, Չիթերյանի զրուցակիցները նշում են, ուր Ջալալ Հարությունյանն այն ֆիգուրը չէր, որը կարող էր պատերազմի ժամանակ լինել Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը: Իսկ ընդհանրապես. «Խնդիրն այն էր, որ Ղարաբաղի քաղաքական վերնախավն արդեն սովոր էր հույսը դնել Երեւանի վրա, եւ ունակ չէր ո՛չ ինքնավարության, ո՛չ էլ կարեւոր որոշումներ կայացնելու: Ղարաբաղում առաջնորդության այս բացը լուրջ հետեւանքներ էր ունենալու 2020-ին եւ 2023-ին»:

Աշոտ Ոսկանյանի հոդվածը, հիմնվելով Վիգեն Չիթերյանի հետազոտության վրա, նպատակ ունի ցույց տալու ոչ միայն քաղաքական էլիտաների, այլեւ «ողջ հայաստանյան հասարակության տապալումը՝ նրա անկասկած եւ անվերապահ ֆիասկոն»: Այդ նպատակով արվում են մի քանի շեշտադրումներ: Առաջինը՝ պատերազմից դասեր քաղելու նպատակով լուրջ քննարկման բացակայությունը: Հեղինակն այդ առումով կասկածով է վերաբերվում 2022-ի փետրվարին ստեղծված ԱԺ հանձնաժողովին, որը «փաստացի վերածվել է իշխող Քաղացիական պայմանագիր կուսակցությունը ներկայացնող մարմնի»:

Ըստ այդմ՝ ամբողջ բանավեճի նպատակն է դարձել «ատելի մեղավորի» նշանակումը, դեպի որը եւ ուղղորդվում է զանգվածների զայրույթը։ «Այսպես են առաջանում «երկիրն ու բանակը լափած» նախկիններին եւ «հայրենիքը թուրքին վաճառած» այսօրվաններին թիրախավորող խոսույթներ»: «Նույն ուղղությամբ է տանում նաեւ հասարակական անդորրը վտանգաշատ իրականությունն անտեսելու գնով պահպանելու իշխանության ձգտումը՝ արտահայտված՝ «մենք ոչ մի դեպքում չպետք է համարենք, որ պարտվել ենք» պարադոքսալ կարգախոսում», – նշում է հեղինակը:

Բացակայում է ինքնառեֆլեքսիան, ինքնազննումը, որոնք պետք է, որ օգնեին իրականության հետ առերեսվելուն, եւ դա հատուկ է ոչ միայն բանակին, այլեւ ողջ ղեկավարությանը եւ վերլուծող հանրությանը: Արգելակող գործոններից է այն, որ ներկա իշխանությունն իր օրինականությունը տեսնում է ժողովրդական զանգվածի տրամադրություններում եւ, այդպիսով, շատ ավելի կախված է «պոպուլիստական դիսկուրսից»: «Արցախը Հայաստան է եւ վերջ»:

Վիգեն Չիթերյանի հետ զրույցում նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը բացառում է, որ այդ արտահայտությունը կարող էր նպաստել Ալիեւի՝ պատերազմ սկսելու որոշման վրա: Աշոտ Ոսկանյանը նշում է, որ հիմքեր չունի չհավատալու Մնացականյանի այդ պնդմանը, սակայն իր հոդվածում անում է մեկ այլ կարեւոր հարցադրում. «ինչպես կարող է ունակ լինել ինքնառեֆլեքսիայի մի հասարակություն, որում բնական է համարվում պետական մակարդակով հանրահռչակել որոշակի քաղաքականություն, միեւնույն ժամանակ իրականացնելով դրա ճիշտ հակառակը»: Ոսկանյանի հոդվածի մեկ այլ կարեւոր շեշտադրում. «Ազգային անվտանգությունն էականապես խաթարող գործոններից է պետության ինստիտուցիոնալ հիշողության եւ պետական կառույցների ժառանգորդման վերջնական ջախջախումը»:

«Նախկինների» ժամանակ ամեն ինչ, մասնավորապես, բանակի կառավարումը եւ Հայաստան-Արցախ կապը հիմնված էր անձնական, անհատական կապերի վրա, «առձեռն»: Այդ, իմ կարծիքով, սխալ մոտեցումը փոխարինվեց ընդհանրապես որեւէ մոտեցման բացակայությամբ: «Իշխանափոխությունից հետո ներմուծվել է անմիջական միկրոկառավարման (միկրոմենեջմենտի) քվազի-ինստիտուցիոնալ մոդելը, որի նպատակն է եղել ստատուս քվո-ի համատարած պահպանումը», – գրում է Ոսկանյանը:

Այսինքն՝ իրական ինստիտուցիոնալ մոտեցումն այդպես էլ չներմուծվեց, իսկ անձնական պատասխանատվության մակարդակն իրապես իջավ: «Ասվածի լույսի ներքո հասկանալի է, որ «ես ինչ անեմ, որ զինվորականներն իրենց պարտականությունները չկատարեցին» փաստարկը օրվա քաղաքական ղեկավարությանը «ալիբի» չի տալիս», – եզրակացնում է հեղինակը: Վերջապես, Ոսկանյանը մեծ խնդիր է տեսնում նրանում, որ Հայաստանի ներկա իշխանություններն, ըստ էության, հրաժարվել են Արցախից: Դրա մասնավոր դրսեւորումներից մեկն է այն ցուցադրական անտարբերությունը, «որով Հայաստանի իշխանությունները մինչ օրս էլ վերաբերվում են Ադրբեջանի բանտերում պահվող արցախյան ղեկավարության ճակատագրին՝ նույնիսկ ձեւական քաղաքավարական մտահոգություն չարտահայտելով այդ կապակցությամբ»:

Այդ ամենի հետեւանքը հասարակության ոչ միայն ֆիասկոն է, այլեւ ինքնասպանությունը, երբ «երկրի թուլացած եւ հղփացած ընտրախավերը իրենց մեջ ուժ եւ ցանկություն չեն գտնում հասարակությունը՝ մարտահրավերին համապատասխան, ներքինից կերպափոխելու համար եւ գերադասում են պահպանել իրենց արտոնյալ դիրքերը հավերժացնող status quo-ն մինչեւ վրա հասնի վերջնական կործանումը»: Վերջում՝ մի քանի մեջբերում Մկրտիչ Կարապետյանի տարեգրությունից՝ առանց մեկնաբանության:

2020 թվականի հուլիսին տավուշյան իրադարձություններից հետո Փաշինյանը հայտարարել է, որ Տավուշի մարտերը հոգեբանական, քաղաքական ու աշխարհաքաղաքական առումով չափազանց մեծ նշանակություն ունեցան. «Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում, եւ Ադրբեջանը պիտի որդեգրի կառուցողական մոտեցումներ»։ Սա ասվել է պատերազմից երկու ամիս առաջ: Պատերազմը սկսվելու օրը՝ սեպտեմբերի 27-ին, ելույթ ունենալով Ազգային ժողովում, Հայաստանի վարչապետն ասել է. «Ի՞նչ պիտի անեինք, որ խուսափեինք այս իրավիճակից՝ պիտի համաձայնեինք, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ինքնավար մարզ է, ինքնավար՝ միգուցե մի փոքր ավելի լիազորություններով։ Եթե մենք սրան համաձայն ենք, մենք հենց հիմա կարող ենք ամեն ինչ կանգնեցնել։ Մենք համաձա՞յն ենք այդպիսի լուծման»: Նա այդպես էր դիմել խորհրդարանի երեք խմբակցություններին եւ ստացել միասնական «ոչ» պատասխանը։

Այդ օրը Փաշինյանը նաեւ ուղերձով դիմեց ժողովրդին՝ ասելով, որ զինված ուժերը մարտունակ են, քան երբեւէ։ Նոյեմբերի 1-ին, պարտությունն ընդունելուց 9 օր առաջ Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում ասել է. «Պատերազմի շարունակության ամեն հաջորդ օրը ֆրուստրացիա է բերելու Ադրբեջանի հանրությանը»: Նոյեմբերի 9-ին առավոտյան, երբ Շուշիի վարչակազմի շենքի վրա ծածանվում էր Ադրբեջանի դրոշը, Փաշինյանը գրում էր՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»: Ուշ երեկոյան նա ընդունեց պարտությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ «Առավոտ» օրաթերթ