Ղազախստանի գլխավոր դատախազությունը շարունակում է Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ» օդանավի կործանման պատճառների հետաքննությունը: Այդ մասին հայտնում է tengrinews-ը՝ վկայակոչելով գլխավոր դատախազ Գալիմժան Կայգելդիևին:
Ըստ Կայգելդիևի՝ հետաքննությունն իրականացնում են փորձառու քննիչները, ընդգրկված են փորձագետներ Ադրբեջանից, Ռուսաստանից, Բրազիլիայից և ICAO-ից: «Գործը հեշտ չէ»,- ասել է Ղազախստանի գլխավոր դատախազը:
Ադրբեջանական օդանավի կործանման պատճառները հետաքննում է նաև Ղազախստանի կառավարական հանձնաժողովը, որ գլխավորում է փոխվարչապետ Կանատ Բազումբաևը: Նա լրագրողներին ասել է, որ այս շաբաթ Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը կարող է հրապարակել օդանավի աղետի հետաքննության նախնական արդյունքները:
Ավելի վաղ ադրբեջանական մամուլը, հղելով ղազախստանյան աղբյուրներին, գրել է, որ ICAO-ի կանոնադրությունը պահանջում է, որ քաղաքացիական օդանավի աղետի հետաքննությունն իրականացնի այն երկիրը, որի տարածքում այն խորտակվել է, իսկ նախնական զեկույցը պետք է հրապարակվի մեկ ամսվա ընթացքում:
Բաքու-Գրոզնի չվերթի օդանավը կործանվել է անցյալ դեկտեմբերի 25-ին: Հունվարի 25-ին աղետի հետաքննության նախնական զեկույց չի հրապարակվել: Ղազախստանի փոխվարչապետ Բազումբաևը կարծում է, որ այն «կարող է հրապարակվել այս շաբաթ»:
Իսկ եթե հավելենք, որ գլխավոր դատախազ Կայգելդիևն էլ գործը «հեշտ» չի համարում, ապա կարելի է ենթադրել, որ ադրբեջանական օդանավի աղետի հետաքննությունն ստանում է քաղաքական իմաստ:
Իրավիճակը, անշուշտ, բարդ է: Ղազախստանը Ռուսաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, մյուս կողմից էլ Աստանան և Բաքուն տասնամյակների գործընկերներ, Թուրքական պետությունների կազմակերպության անդամ են, Ադրբեջանը Ղազախստանի էներգակիրների արտահանման այլընտրանքային հնարավորություններ ունի, երկու երկրները բավական սերտ համագործակցում են նաև ռազմական ոլորտում:
Նախնական ի՞նչ եզրակացություն կարող է հրապարակել Ղազախստանի կառավարական հանձնաժողովը, որի աշխատանքներին ներգրավված են նաև ռուս և ադրբեջանցի փորձագետներ, որպեսզի, ինչպես ասում են, «միջադեպը հարթվի»:
Ըստ երևույթին՝ կողմերի միջև բարդ և ծանր քննարկումներ են ընթանում: Եվ այդ է պատճառը, որ Ղազախստանի փոխվարչապետը նախնական զեկույցի հրապարական ոչ միայն հստակ ժամկետ չի նշում, այլև այդ մասին խոսում է թևական:
Ռուսական կողմն արդեն իսկ արտաքին գործերի նախարար Լավրովի մակարդակով հայտարարել է, որ օդանավի «սև արկղերի» վերծանությունը չի հաստատում վարկածը, որ այն ենթարկվել է արտաքին ազդեցության: Նման հայտարարություն դեկտեմբերի 29-ին Իլհամ Ալիևն է արել և իր հերթին «զառանցանք» անվանել տեղեկությունը, որ ինքնաթիռը բախվել է թռչունների երամի, իսկ սրահում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն:
Փաստացի մի իրավիճակ է, երբ ղազախստանյան հանձնաժողովը կամ պետք է կողմերից մեկի վարկածը հերքի, կամ գտնի «ոսկե միջին»: Նման դեպքերում ոչ ոք կատարյալ հավաստիություն ապահովել չի կարող:
Ըստ տեղեկատվական արտահոսքերի, «Ադրբեջանական ավիաուղիների» օդանավի հրամանատարն իրոք դիսպետչերական ծառայություններին ասել է, որ ինքնաթիռը բախվել է թռչունների երամի, և ինքը կորցնում է կառավարումը:
Ադրբեջանցի փորձագետները հակադարձում են, որ օդանավի հրամանատարը կարող էր հրթիռի պայթյունի ազդեցությունը «շփոթել թռչունների երամի հետ բախվելու հետ»: Նույն հաջողությամբ, սակայն, ռուսաստանցի փորձագետները շարունակելու են պնդել, որ առկա օդանավի հրամանատար-ցամաքային դիսպետչերական կենտրոն երկխոսության ձայնագրությունը, վերծանված է, ոչ ոք հերքել չի կարող, ուրեմն քաղաքացիական օդանավ խոցելու մասին ոչ մի խոսք լինել չի կարող:
Մոսկվա-Բաքու երկխոսությունն այս հարցում ի՞նչ մակարդակով է ընթանում: Հունվարի 27-ին Բաքու է այցելել միջազգային կազմակերպությունների հետ կապերի հարոց ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Տիտովը:
Այդ մասին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրել են՝ հիմք ընդունելով Տիտովի թելեգրամյան գրառումը: Ըստ այդմ, նրան ընդունել են անպորտֆել փոխվարչապետ Շարիֆովի և փոխարտգործնախարար Ռաֆիևի մակարդակով: Ալիևը մերժե՞լ է օդանավի աղետի հետաքննության փոխզիջումային տարբերակը:
Նախկինում նա Վլադիմիր Պուտինի բոլոր բանագնացներին ընդունում էր անձամբ և գրեթե հոտնկայս:
Բաց մի թողեք
Ասե՞լ ունեցած տեղեկատվությունը, թե՞ չասել, սա է խնդիրը
Ինչ է սպասվում․ ՌԴ սահմանին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության և ՆԳՆ զորքերը հսկիչ կետեր են տեղակայել
Պուտինը Թրամփի հետ բանակցություններում փորձելու է ստանալ հետխորհրդային տարածքը «վերակազմավորելու համաձայնություն»