15/03/2025

Իրանը խնդիր չի տեսնում ՀՀ – ԱՄՆ ռազմավարական համագործակցությունում

«Կեղծ տեսանյութերը չեն կարող խաթարել հայ-իրանական հարաբերությունները»,- Երևանում փետրվարի 6-ին կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Հանրապետության հրապարակում Իրանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցիների երգի հայտնի սկանդալային տեսանյութին:

Փաստորեն Իրանի դեսպան Սոբհանին ակնարկում է, որ այդ տեսանյութը նկարահանվել ու տարածվել է Իրանի ու Հայաստանի հարաբերությանը հարվածելո՞ւ համար: Իհարկե, խոսքը բոլորովին այն մասին չէ, որ արցախցի մեր հայրենակից, 70-ամյա Ղարիբ Բաբայանը, որը տարածել է տեսանյութը, զբաղված է եղել հայ-իրանական հարաբերությունը խաթարելով:

Եթե եղել է այդպիսի նպատակ, ապա 70-ամյա Ղարիբ Բաբայանը անկասկած «ներգրավվել» է հմտորեն, այսպես ասած փափուկ տեխնոլոգիաներով՝ օգտագործելով թերևս նրա թե ՛հայրենասիրական մղումները, թե՛ նաև Արցախի կորստով պայմանավորված խոցված հոգեվիճակը:

Այլ կերպ ասած, եթե դրված է եղել սադրիչ նպատակ, ապա այդ նպատակը իրագործելու փորձ է արվել անկեղծ ու պարզ մարդու միջոցով: Մեծ հաշվով, դա տարածված տեխնոլոգիան է: Ընդ որում, թերևս հենց հաշվարկված էլ եղել է Ղարիբ Բաբայանի արցախցի լինելը, գուցե ակնկալիքով, որ հնարավոր է մեկ «զարկով» խոցել երկու թիրախ՝ հայ-իրանական, և արցախցի-հայաստանցի:

Սրանք, իհարկե, ենթադրական դիտարկումներ են, որոնց առիթը տվեց Իրանի դեսպանի խոսքը, որ ոչ մի կեղծ տեսանյութ չի խաթարի հայ-իրանական հարաբերությունը: Ի՞նչ կեղծի մասին է խոսքը, եթե այն պատկերում է իրապես Հանրապետության հրապարակն ու երգողներին: Հետևաբար, տեսանյութը կեղծ չէ, դա ակնհայտ է:

Հետևաբար, այդ բնորոշումը ևս մեկ հիմք է եզրակացնելու, որ դեսպանը «կեղծ» բնորոշումը տալիս է հենց տեսանյութի սադրիչ նպատակը շեշտելու համար: Իհարկե, այս դեպքում էլ հարց է առաջանում, թե ինչի՞ համար էր պետք Ղարիբ Բաբայանի հանդեպ ԱԱԾ և Քննչական կոմիտեի ակնհայտորեն անհամաչափ և բացարձակապես ավելորդ գործողությունը, որը էլ ավելի սրեց աղմուկը:

Սակայն հարց կա թերևս նաև իրանական կողմին: Այդ քաղաքացիները Հայաստանի և Իրանի սահմանը հատել են դեկտեմբերի 30-ին, վերադարձել՝ հունվարի 3-ին: Եթե նրանց մասնակցությամբ տեսանյութը պատրաստվել է հայ-իրանական հարաբերությանը վնասելու համար, ինչի մասին ակնարկում է դեսպանը, ապա կնշանակի, որ այդ մարդիկ հենց նպատակային էլ անցել են սահմանը՝ սադրանքը Հանրապետության հրապարակում իրականացնելու համար: Ովքե՞ր են նրանք, և արդյո՞ք նրանք այնպիսի անձինք չեն, որոնք պետք է լինեին Իրանի իրավապահների և սահմանապահների ուշադրության կենտրոնում:

Համենայն դեպս, դեպքը ցույց է տալիս, որ հայ-իրանական սահմանի անձնագրային ստուգումը պետք է թերևս իրականացվի բազմակի ուշադրությամբ, քանի որ կարող են լինել հայ-իրանական հարաբերության խաթարման չստացված փորձը այլ ձևով կրկնելու փորձեր:

Իրանի դեսպանը դրական էր գնահատել, որ հայ-իրանական սահմանի անձնագրային անցակետից դուրս են եկել ռուս սահմանապահներն ու այն ամբողջապես անցել է հայ սահմանապահների պահպանության: Ի դեպ, դա տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ի Պուտին-Փաշինյան պայմանավորվածության համաձայն, և ուժի մեջ մտել՝ դեկտեմբերի 30-ին, այն օրը, երբ փաստորեն սահմանը հատել է «երգիչների» հայտնի խումբը: Հայ-իրանական սահմանի պահպանության նոր ռեժիմը պահանջում է աչալրջություն՝ հայ-իրանական հարաբերության անվտանգության համար:

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության համաձայնագրի վերաբերյալ հարցին՝ հայաստանցի լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանել է, որ ստորագրված փաստաթուղթը դեմ չէ Հայաստան-Իրան հարաբերությանը:

Դեսպանը ասել է, որ Երևանը հավաստիացրել է այդ հարցում Իրանի շահի դեմ և հայ-իրանական հարաբերության դեմ որևէ քայլի բացակայությունը:

Կարևոր է, անշուշտ, որ Իրանը ստորագրված փաստաթուղթը չի ընկալում որպես Իրանի դեմ, կամ հայ-իրանական հարաբերությանը վնասող գործողություն: Ըստ էության՝ եթե Հայաստանի ու ԱՄՆ հարաբերության ռազմավարական գործընկերության հանձնաժողովների աշխատանքը առաջ շարժվի նախանշված արդյունավետությամբ, ապա դա կարող է ծառայել Հայաստանի ուժեղացմանը, դիմադրունակության, կենսունակության բարձրացմանը:

Իսկ նույն Իրանի դեսպան Սոբհանին ամիսներ առաջ դարձյալ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանն ուժեղացնող ցանկացած գործոն իրենք աջակցում են, քանի որ ուժեղ Հայաստանը բխում է նաև Իրանի շահից:

Եթե, իհարկե, այդ հայտարարություններից զտենք դիվանագիտական պատշաճությունը, ապա, ըստ էության, կարող ենք ասել, որ սեփական կարիքները հոգալու ունակ Հայաստանը Իրանի համար շահեկան է, քանի որ հնարավորինս կնվազեցնի այն ռիսկերը, որ Իրանը տեսնում է Հայաստանի հանդեպ Ադրբեջանի հավակնությունների դրսևորման համատեքստում: Միևնույն ժամանակ այստեղ, իհարկե, կա երկու հարց:

Նախ, որքանով է Երևանը ունակ լինելու հայ-ամերիկյան փաստաթուղթը հագեցնել իսկապես փոխշահավետ և առարկայական օրակարգով, որը գետնի վրա կավելացնի Հայաստանի հնարավորությունները, և որքանով է դրան ընդառաջ գալու կամ առնվազն դրա ուշադիր ունկնդիր լինելու պատրաստակամություն ցուցաբերելու ԱՄՆ նոր վարչակազմը: Դրական է այն, որ նախագահ Թրամփը օրերս հայտարարել էր, որ Իրանը «փոշու» վերածելու մասին խոսակցությունները իրական չեն և ԱՄՆ չունի Իրանի հանդեպ որևէ այդպիսի մտադրություն, այլ տրամադրված է պայմանավորվելու:

Իհարկե, առանձին հարց է, թե ընդհանրապես ինչից է բխել Հայաստանում տարիներ շարունակ ձևավորված կարծիքը, որ Թրամփը պատերազմ կսկսի Իրանի դեմ: Եթե Թրամփը խելագար է, ապա՝ այո, բայց խելագարները հազիվ թե հայտնվեն ԱՄՆ նախագահի պաշտոնին: Ավելին, Իրանը, որպես կենսունակ խաղացող, ԱՄՆ համար Մերձավոր Արևելքում թերևս էքզիստենցիալ անհրաժեշտություն է, որպես Իսրայելի հակակշիռ, այլապես ԱՄՆ-ին հարկ կլինի ստեղծել նորը՝ իսրայելական «դուդուկի տակ» անվերջ պար չգալու համար: