18/03/2025

Եթե ԼՂ կարգավիճակը 1991թ․ որոշված է եղել, ապա ո՞րն է եղել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի իմաստը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հայտարարել է, որ ստախոս են նրանք, որոնք պնդում են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել Պրահայում։ Նա ասել է, որ Պրահան ընդամենը հղում է անում Ալմաթիի հռչակագրին։

Հայ քաղաքագետն իր հերթին Ֆրանսիայի դեսպանին «ստախոս» է անվանում և հռետորական հարց հնչեցնում: «Եթե ԼՂ կարգավիճակը 1991թ․ որոշված է եղել, ապա ո՞րն է եղել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի իմաստը»։

Եթե հայ քաղաքագետն այս հարցի պատասխանը չունի, ապա հարկ է պատմական էքսկուրս կատարել և հիշեցնել, որ 1991թ․ նոյեմբերի 25-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը լուծարելու մասին» որոշում։

Հայաստանի պահանջով երեք օր անց՝ նոյեմբերի 28-ին, ԽՍՀՄ Սահմանադրական հսկողության կոմիտեն քննարկել է այդ որոշման օրինականության հարցը և կայացրել վճիռ, որ այն չի համապատասխանում Խորհրդային Միության սահմանադրությանը։

Հանուն ճշմարտության պետք է ասել, որ նույն վճռով ԽՍՀՄ սահմանադրությանը չհամապատասխանող է ճանաչվել նաև Լեռնային Ղարաբաղի միավորումը ՀԽՍՀ-ին։ Այսինքն՝ երկու իրավական ակտերն էլ ճանաչվել են առ ոչինչ։

Այդ պահից սկսած ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի առանցքում մի խնդիր է եղել՝ վերականգնել նրա սուբյեկտությունը։ Իսկ թե միջազգայնորեն ճանաչված ի՞նչ կարգավիճակով դա կհաստատվեր՝ բոլորովին այլ խնդիր է։

ԽՍՀՄ Սահմանադրական հսկողության կոմիտեի վերը հիշված որոշումն իրավական առումով ճանաչվել է ԵԱՀԽ կողմից․ 1992թ․ մարդի 24-ին, երբ ձևավորվել է Մինսկի խումբը, Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների մանդատը ճանաչվել է։

Բանակցային գործընթացն այդուհետև մի նպատակ է հետապնդել՝ հասնել նրան, որ Ադրբեջանն ընդունի ԼՂ-ում անցկացված ընտրությունները և ձևավորված իշխանության օրինականությունը։

Ադրբեջանը փորձել է այդ պարտավորությունը չեղարկել Գերագույն խորհրդի մեկ այլ՝ «Վերին Ղարաբաղի ադրբեջանական բնակչության անվտանգության ապահովման միջոցառումների մասին» որոշմամբ, որի իմաստը պատերազմով ԼՂ ամբողջ տարածքը գրավելն ու հայ բնակչության բռնատեղահանումն էր, ինչին հայկական կողմերը դիմադիր են կանգնել զինված ինքնապաշտպանությամբ։

Ղարաբաղյան առաջին պատերազմն, այսպիսով, լուծել է ոչ թե ԼՂ անկախության կամ Հայաստանի հետ միավորումը միջազգայնորեն օրինականացնելու, այլ՝ Լեռնային Ղարաբաղի սուբյեկտությունը վերահաստատելու, հայ բնակչության անվտանգությունը երաշխավորելու հարցը։

Եթե 1998թ․ պետական հեղաշրջումից հետո Հայաստանի ներքին կյանքում այլ «հեքիաթներ» են շրջանառվել, ապա դա Ֆրանսիայի դեսպանի մեղքը չէ, նրա խնդիրը չէ, ոչ էլ նույնիսկ՝ Ադրբեջանի։

Դա հայ քաղաքագետի խնդիրն է, հայ հանրության այն հատվածի, որ իրեն երբեք նեղություն չի պատճառել և չի պատճառում, որպեսզի փաստաթղթեր կարդա։ Բայց իրականում այդպե՞ս է։ Եթե՝ այո, ապա պետք է խոստովանել, որ մենք մնացել ենք Ստեփանակերտում 1988թ․ բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանի կողմից հնչեցրած «Արդար պահանաջ՝ ոչ մի նահանջ» կարգախոսի մակարդակին։

Առավել ցավալի կլիներ, սակայն, խոստովանել, որ Ֆրանսիայի դեսպանին և ի դեմս նրա Հայաստանի իշխանություններին քննադատողները քաջածանոթ են ԼՂ բանակցային գործընթացի փուլերին, քննարկված տարբերակներին, դրանց վերաբերյալ Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի մոտեցումներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներքին տարաձայնություններին, ազդեցության ոլորտների համար նրանց մրցակցությանը, բայց շարունակում են նենգափոխել։

Ի՞նչ նպատակ է դա հետապնդում, հասկանալի է․ Հայաստանը մտել է նախընտրական ռեժիմի մեջ, և ով չի ծուլանում՝ ապագա խորհրդարանում իրեն տեսնում է «կոալիցիայի մաս»։ Քաղաքական մրցակցությունը «մարտ առանց կանոնների» է։

Բայց երբ Ֆրանսիայի դեսպանը խոսում է Հայաստանի սպառնալիքների չեզոքացման մասին, իսկ հայ քաղաքագետը վերարծարծում մի թեմա, որ կարող է հակառակորդին առնվազն լարվածության առիթ ծառայել, մնում է պարզապես ցավել։