25/04/2026

EU – Armenia

Մտել են մի խաղի մեջ, որից հաղթող դուրս չեն գալու․ Տիգրան Խզմալյան

«Հրապարակի» զրուցակիցը Հայաստանի եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանն է:

– Պարոն Խզմալյան, Եվրաքվեի Ձեր գործընկերները ընտրություններին որոշել են առանձին-առանձին մասնակցել, իսկ օրինակ Դուք հայտարարեցիք, որ չեք մասնակցելու ընտրություններին: Ի՞նչ եք կարծում` Ձեր արևմտամետ գործընկերները հաջողություն կարձանագրե՞ն այս ընտրություններում:

– Ես նրանց մաղթում եմ ամենայն հաջողություն, պարզապես այն հանգամանքը, որ նրանք ոչ միայն ինձ չմիացան, այլև առհասարակ իրար չմիացան, ցույց է տալիս, որ իրենք երևի գիտակցաբար մտնում են մի խաղի մեջ, որտեղ չեն կարողանալու հաղթող դուրս գալ` նախկին և ներկա իշխանությունների պայքարում: 2024 թվականից մենք ստեղծեցինք Եվրադաշինքը, և վստահ եմ, որ մենք միասին կկարողանայինք ահագին ձայներ հավաքել և զբաղեցնել պատշաճ տեղ, սակայն նրանք դա չցանկացան, իսկ ես հրաժարվեցի ընտրություններին մասնակցելուց: Այս ամենը դառնում է կատակերգություն, չեմ կարծում, թե նրանք չեն հասկանում` ինչ են անում, ուղղակի ես ոչ մեկին չեմ մեղադրում: Իրենք ունեն իրենց պատկերացումները:

– Այսինքն` նրանք ընտրություններին մասնակցում են զուտ ձայներ փոշիացնելու համար:

– Ես չեմ պնդի այդպես: Գուցե նրանք կարծում են, որ իսկապես կարող են հաջողության հասնել: Ես երկու տարի շարունակ փորձեցի ստեղծել դաշինք, սակայն նրանք մերժեցին ինձ:

– Իսկ ո՞ւմ եք աջակցելու այս ընտրություններում:

– Ոչ ոքի չենք աջակցելու: Մենք համարում ենք, որ սա ընտրություն է Ալիևի և Պուտինի միջև, ուստի չենք մասնակցի այս կատակերգությանը: